Երեւանի Կոմիտասի անվան պանթեոնում կիրակի ոչ միայն տեղի ունեցավ Դաշնակցության երդման արարողությունը, այլ նաեւ պաշտպանության նախարարների շնորհակալագրերի հանձնման արարողությունը: Շնորհակալագրերին արժանացան ապրիլյան մարտական գործողությունների ընթացքում առաջնագիծ մեկնած Դաշնակցության «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միության անդամները:
ՀՅԴ Հայաստանի գերագույն մարմնի ազատամարտիկների հանձնախմբի պատասխանատու Իգոր Սարգսյանը ասաց, որ ուսանողական միությունը ծնվել է հենց պատերազմի՝ Արցախյան գոյամարտի առաջին օրերին. «Իհարկե՛, սկզբնական շրջանում գաղտնի շրջան ապրեց, այնուհետեւ 1990-ականներին Արցախյան ազատամարտին մասնակցելով մոտավորապես 80 կռվող կամավորական է տվել, եւ նրանցից 8-ը զոհվել են: «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միության գաղափարական ակունքներում արմատավորված է, որ անպայման ինքը պետք է կանգնի հայրենիքի պաշտպանության սրբազան գործին, անպայման պետք է մասնակցությունը բերի եւ անհրաժեշտության պարագայում նաեւ զոհաբերվի»:
Իգոր Սարգսյանը նշեց, որ ապրիլյան պատերազմին հաշված օրերի ընթացքում Դաշնակցության ընդհանուր ազատամարտիկների ջոկատի հետ միասին Արցախ է մեկնել նաեւ ուսանողական միության ջոկատը. «Ես կասեի՝ փոքրաթիվ ջոկատը, որովհետեւ թերեւս փոքրաթիվ էին, բայց մի բան ուզում եմ շեշտել՝ այդ փոքրաթիվ ջոկատի մեջ բոլոր ուսանողներն էլ մի բան էին ուզում՝ անպայման այնպիսի դիրք հանձնել իրենց, որտեղ իրենք կարող էին մինչեւ վերջին շունչը նվիրվել եւ կարգապահորեն ճիշտ կատարել մարտական խնդիրը: Դա իսկապես մեզ համար շատ կարեւոր էր, որովհետեւ մղվել ամենադժվարին տեղը եւս որոշակի որակների մասին է խոսում»:
Կարդացեք նաև
Իգոր Սարգսյանը հայտնեց, որ պաշտպանության նախարարությունը նրանցից ոմանց պարգեւատրել է գերատեսչական մեդալներով, ոմանց՝ պետական պարգեւներով: Իսկ մնացածին պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը իր շնորհակալական խոսքն է ուղղել՝ շնորհակալագրի տեսքով:
Ամի ՉԻՉԱԿՅԱՆ