Ինչպես արդեն տեղեկացրել ենք, կիրակի մի խումբ երիտասարդներ Երեւանի Կոմիտասի անվան պանթեոնում համալրեցին Հայ հեղափոխական դաշնակցության շարքերը՝ երդվելով ՀՅԴ դրոշին, կանոնակարգին, զինանշանին եւ զենքին: Նրանց կնքահայրը Դաշնակցության պատգամավոր Աղվան Վարդանյանն էր:
Նա ասաց, որ Դաշնակցության երդումը մի սահմանագիծ է, որից հետո կսկսվի երիտասարդների կյանքի նոր փուլը կուսակցության ընտանիքի մեջ. «Գալով կուսակցություն, անդամագրվելով մեր հսկա հայկական ընտանիքին, դուք դառնում եք այդ ընտանիքի լիարժեք անդամը եւ մեծ պատասխանատվություն եւ պարտականություններ եք ստանձնում»:
Աղվան Վարդանյանը հավելեց, որ Դաշնակցությունը բոլոր ժամանակներում եղել է ամենաարդիականը եւ ամենաժամանակակիցը. «Դրանով է, որ Դաշնակցությունը այսքան երկար գոյատեւել է, եւ վստահ եղեք՝ շարունակելու է իր աշխատանքը: Ամենաժամանակակիցը, որովհետեւ եթե մարդը որոշում է, որ պետք է անդամագրվի Դաշնակցությանը ինքը պարտավոր է լինել իր ոլորտում լավագույնը: Դաշնակցական ուսանողը պարտավոր է ամենալավ սովորողը լինել, ամենաժամանակակից մտածողը լինել»:
Կարդացեք նաև
Անդրադառնալով երդման արարողությանը՝ Աղվան Վարդանյանը նկատեց, որ երդումը նույնիսկ Աստվածաշունչն է շրջանցել. «Աստվածաշունչն ասում է՝ մի՛ երդվիր, թո՛ղ քո այո-ն այո լինի եւ ոչ-ը՝ ոչ, բայց երդման պատասխանատվությունը անհատական պատասխանատվություն ստանձնելու այս արարողությունը այնքան հզոր է գտնվել, որ նույնիսկ Աստվածաշունչն է շրջանցել:
Երդվում են երկրների նախագահները, ուսանողները, բժիշկները, տարբեր ոլորտների մարդիկ այսօր երդվում են՝ անկախ Աստվածաշնչից: Եվ Դաշնակցության երդումն էլ, իսկապես, նման մի կարեւոր պատասխանատվություն է»:
Ամի ՉԻՉԱԿՅԱՆ