Այսօր Գյումրիում հիմնվեց Վարդան Օսկանյանի «Համախմբում» կուսակցության Գյումրու տարածքային կազմակերպությունը: Տարածքային կազմակերպության նախագահ ընտրվեց մասնագիտությամբ ինժեներ Հունան Մազմանյանը: Վարդան Օսկանյանը բավական ընդգրկուն ելույթ ունեցավ՝ պարզաբանելով կուսակցության հիմնելու նպատակը ու ծրագրերը:
«25 տարի անց, երբ նայում ենք մենք մեզ, կարծում եմ բոլորդ կհամաձայնվեք, մենք պակաս բավարարված ենք իրավիճակից: Երբ քայլում ես թեկուզեւ Երեւանի փողոցներով, բայց առավել եւս Գյումրիի, հատկապես ներքին փողոցներով, զգում ես, որ 25 տարի անց մեր անկախությունից թերեւս մենք չենք կարողացել լուծել մեր ժողովրդի ամենակենսականը: Էլ չեմ ասում, երբ զրուցում ես մարդկանց հետ, հատկապես Երեւանից դուրս՝ Հայաստանի երկրորդ, երրորդ, այլ քաղաքներում, գյուղերում, երբ զգում ես, որ իսկապես նորից մեր ժողովուրդը պանդուխտի ցուպը վերցրել է իր ձեռքը:
Երբ արդեն 25 տարի է՝ մենք հասել ենք մեր երազանքին. ունենք պետություն, բայց թերեւս մեր ժողովրդի ստվար հատվածի աչքը դերսերում է: Մի՞թե իսկապես 25 տարի անց հայրենի պետությունը, իշխանությունները չէին կարող մեր ժողովրդի անվտանգությունն ապահովել, լուծել նրա ամենատարրական կենցաղայինը: Իհարկե, կարելի է.. Ի դեպ, 25 տարի անց մեր անկախությունից հայրենի պետությունը չի կարող հույս, հավատ ներշնչել մեր հասարակությանը, այս երիտասարդությանը, որ իրենք իրենց ապագան տեսնեն իրենց հայրենիքում: Իհարկե, կարող են, ասեմ, որ ժողովուրդը շատ բան չի ուզում, ուզում է հանգիստ ապրել իր հողում, ապրել արժանավայել, իրեն զգալ ապահով, սա ընդամենը սահմանադրական պահանջ է, տրված է ժողովրդին օրենքի սահմանում»,-ասաց Վարդան Օսկանյանը:
Կարդացեք նաև
Նա նշեց, որ «Համախմբում» կուսակցությունը ստեղծվում է ժողովրդի համար ճակատագրական պահի. մի կողմից պատերազմի մեջ ենք, մյուս կողմից մեր տնտեսությունը լճացման մեջ է, արտագաղթը չի կանխվում: Բանախոսի ասելով, իր կուսակցության մեջ համախմբվել են մի խումբ նվիրյալներ, որոնք անցած ճանապարհ ունեն, գիտեն խնդիրները ու պատրաստ են դրանք արագ լուծել: Վարդան Օսկանյանի մեկնաբանմամբ, «Համախմբումը» կուսակցություն է այնքանով, որքանով օրենքն է պահանջում, իրականում այն ժողովրդական շարժում է, որն այլընտրանք է լինելու իշխող կուսակցությանը: Ըստ նրա, այնպես պետք է անեն, որ 2017 թվականի Ազգային ժողովի ընտրությունների ժամանակ ժողովուրդը երկու ընտրանք ունենա. մեկը իշխող կուսակցությունը, որն ուզում է պահել իր իշխանությունը, բայց իր հետեւում չունի որեւէ հաջողություն, մյուսը «Համախմբումը»:
Բանախոսն իր ելույթում անդրադարձավ ազատ շուկայական հարաբերություններ չլինելուն, տնտեսության լճացմանը, մենաշնորհներին, խոսքի ազատության վիճակին: «Արդարությունն այն չէ, որ դատարանը երկու աղքատ, ոչ բարեկեցիկ, փող ունեցող հարեւանների միջեւ ծագած վեճն արդար է լուծում, արդարությունն այն է, երբ վեճ է ծագում հարուստի ու աղքատի, ունեւորի ու չունեւորի, քաղաքական լծակ ունեցողի ու հասարակ քաղաքացու միջեւ, եւ այնտեղ պետական միջամտություն չի լինում, դատարանը կաշառք չի վերցնում եւ իսկապես հարցը լուծում է արդար ճանապարհով: Խոսքի ազատությունն այն չէ, որ այսօր կայքերը գրում են, ինչ ուզում են, խոսքի ազատությունն այն է, երբ որ լրատվական համակարգը ազատ են թողնում իր զարգացմանը, երբ ժողովրդի համար ամենամատչելի լրատվամիջոցի՝ հեռուստատեսության վրա պետական հսկողության չկա»:
Ըստ բանախոսի, խոսքի ազատությունն այն է, երբ ցանկացած դպրոցի ուսուցիչ կարող է իր տեսակետը հայտնել ցանկացած քաղաքական հարցի շուրջ ու նրան մյուս օրը չազատեն աշխատանքից, երբ գործարարը կարող է քննադատել ցանկացած քաղաքական ուժի ու հաջորդ օրը հարկայինը չհայտնվի նրանց դռան առաջ: Վարդան Օսկանյանն ասաց, որ իրենք կողմ են արմատական փոփոխությունների: Նա մեջբերեց նաեւ միջազգային հանրության գնահատականը, համաձայն որոշ զեկույցների, Հայաստանը ավտորիտար, ոչ ազատ մամուլ ունեցող երկիր է: Ըստ նրա, այս գնահատականներն ազդում են Հայաստանում ներդրումներ կատարելու վրա:
Վարդան Օսկանյանը քննադատեց իշխանությունը ռեսուրս չունենալու ու հիմանական շեշտը բյուջեի կատարման վրա դնելու համար: «Դուք տեսաք, որ վերջերս նոր «Հարկային օրենսգիրք» բերվեց, դա նշանակում է, որ պետք է առավել քերել մեր հանրությանը, որպեսզի կարողանան բյուջե լցնել»: Մինչդեռ իրենք, ըստ բանախոսի, կենտրոնանալու են աշխատատեղերի ստեղծման, թոշակների ու աշխատավարձերի բարձրացման վրա:
Վարդան Օսկանյանը, անդրադարձավ նաեւ քառօրյա պատերազմին՝ ասելով, որ մենք խնդիրներ ունենք սպառազինության, տակտիկական հարցերում: «Մենք պետք է ձգտենք խաղաղության, բայց պետք է պատրաստ լինենք պատերազմի»,- ասաց նա:
Նա հիշեցեց, որ իր արտգործնախարար լինելու տարիներին կարողացել են պահպանել խաղաղությունը: Իսկ այսօր, ըստ նրա, մեր արտաքին քաղաքականությունը գաղափարական հենք չունի, չես կարող ճիշտ կողմնորոշվել փակ հարցերի առաջ: Նա խոստացավ լինել հետեւողական ու տաս տարվա փորձը նորից կիրառել:
Կուսակցության խորհրդի համակարգող Անդրանիկ Թեւանյանը նույնպես ելույթ ունեցավ՝ նշելով, որ իրենց կուսակցությունը չի ստեղծվել որպես հերթական կուսակցություն, խնդիր են դրել հասարակական-քաղաքական լայն համախմբման միջոցով հասնել իշխանափոխության: Ըստ նրա, իշխանափոխությունը իրենց համար ոչ թե նպատակ է, այլ միջոց երկրի սոցիալ-տնտեսական իրավիճակը փոխելու, երկրում առկա քաղաքական պղտոր հարաբերությունները փոխելու ու ամենակարեւորը Հայաստանին սպառնացող մարտահրավերներին պատասխանելու համար:
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ