«Պատրաստվելու ենք աջակցել հանրապետության նախագահի եւ կառավարության իրականացրած բարեփոխումներին»,-ասում է կուսակցության նորընտիր նախագահը:
Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, այսօր կայացավ ԱԺ պատգամավոր, նախկին ԲՀԿ-ական Վահան Բաբայանի «Ռեֆորմիստների» կուսակցություն հիմնադիր համագումարը: «Ռեֆորմիստների» կուսակցությունը պետականամետ քաղաքական ուժ է, որը սատարելու է իշխանության բարեփոխումները»,-լրագրողների հետ զրույցում ասաց Վահան Բաբայանը:
Նրա խոսքով` իր ղեկավարած կուսակցությունը լինելու է պետականամետ. «Այն չի լինելու ընդդիմադիր` ի տարբերություն նոր ստեղծվող ընդդիմադիր, հեղափոխություններ անող կուսակցությունների: Մենք ռեալ պատրաստվելու ենք աջակցել հանրապետության նախագահի եւ կառավարության իրականացրած բարեփոխումներին: Ինքներս փորձելու ենք 2017թ. խորհրդարանական ընտրություններին մասնակցել մեր բարեփոխումների ծրագրով եւ փորձել մասնակիցը դառնալ այն բարեփոխումներին, որոնք այսօր սկսված են»:
Բաբայանի փոխանցմամբ` կուսակցությունն առաջնահերթ աշխատելու է երկրի տնտեսական զարգացման ուղղությամբ. «Մեր գլխավոր խնդիրն է` բարելավել երկրի քաղաքացիների կյանքը, որպեսզի ապագան քաղաքացիները տեսնեն ավելի վստահ: Ջանք չենք խնայելու` աշխատելու համար: Գիտեմ` որքան քննադատություններ կլինեն, մենք պատրաստ ենք լսել դրանք»:
Կարդացեք նաև
Վահան Բաբայանը նաեւ տեղեկացրեց, որ կուսակցության հաջորդ համագումարը կկայանա դեկտեմբերին եւ կմասնակցեն «շատ հայտնի մարդիկ»:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ