Լրահոս
Օրվա լրահոսը

Շենգավիթում տեղի ունեցած արյունալի սպանության գործով տեղի է ունեցել դատական սխալ. հայտարարություն

Հուլիս 09,2016 13:27

«Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության կոալիցիայի» հայտարարությունը՝ Շենգավիթում տեղի ունեցած արյունալի սպանության կապակցությամբ

Սույն թվականի հուլիսի 8-ին, դաժան սպանություն է տեղի ունեցաել Երևանում, որն ուղեկցվել է կացնահարությամբ և անդամահատությամբ: Հանցագործությունը, որը կատարվել է Շենգավիթում՝ Վ. Մարտիրոսյանի կողմից, ունի նախապատմություն, կացնահարվել է մի ողջ ընտանիք՝ տղամարդու կողմից, ով եղել է այդ ընտանիքի դստեր ամուսինը: Հարձակման արդյունքում կացնով սպանվել է ընտանիքի մայրը, իսկ հայրն ու դուստրը գտնվում են «Էրեբունի» բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունքում:

Նախկինում՝ այդ նույն տղամարդը պարբերաբար ծեծի է ենթարկել իր կնոջը` Թագուհի Մանսուրյանին, վերջինիս դիտավորությամբ ուժեղ ցավ և հոգեկան ուժեղ տառապանք է պատճառել: Դատարանն ապացուցված էր համարել, որ  Վ. Մարտիրոսյանը խոշտանգել է կնոջը, չնայած դրան նա դատապարտվել էր ընդամենը 6 ամիս ժամկետով ազատազրկման, սակայն պատիժը պայմանականորեն չի կիրառվել: Չկիրառման հարցում իր դերակատարում է ունեցել Շենգավիթ համայնքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Նելլի Բաղդասարյանը, ով որոշել է պայմանական ազատ արձակել վերջինիս՝ համարելով, որ նա կարող է ուղղվել առանց պատիժը կրելու: Այստեղ մենք ակնհայտորեն  գործ ունենք դատական սխալի հետ, որի արդյունքում էլ տեղի է ունեցել այս ողբերգությունը:

Թագուհի Մանսուրյանը բազմիցս  դիմել է նաև  ոստիկանությանը, սակայն ոստիկանության գործողությունները բավարար չեն եղել նրան բռնարարից պաշտպանելու համար: Թեև  Շենգավիթի ոստիկանությունը ներգրավված է եղել ԵԱՀԿ կողմից ոստիկանության վերապատրաստման ծրագրերում և ստացել է անհրաժեշտ գիտելիքներ ընտանեկան բռնության դեպքում ոստիկանության կողմից անհրաժեշտ գործողություններ կատարելու վերաբերյալ:

Այս ամենը վկայում է նրա մասին, որ Հայաստանի Հանրապետության դատաիրավական համակարգը չի կարողանում բավարար կամք դրսևորել կանանց անվտանգությունն ու կյանքի իրավունքը պաշտպանելու համար:
Չենք կարող չանդրադառնալ նաև «Կիսաբաց լուսամուտներ» հաղորդաշարի ազդեցությանը, որը հրավիրելով Վ.Մարտիրոսյանին տաղավար և մարդու իրավունքների տեսանկյունից բազմաթիվ խախտումներ թույլ տալով, անտեսելով նրա բռնարար բնույթն ու բազմաթիվ հանցագործությունները,  հորդորում էր միանալ կնոջ հետ և կասկածելի հոգեբանի շուրթերով հիացմունք հնչեցնում նման տղամարդու հասցեին:

Վստահեցնում ենք՝  եթե լիներ պատժելիության մթնոլորտ, պատշաճ ուշադրություն զոհի նկատմամբ և դեպքերի որակյալ լուսաբանում , այլ ոչ  մակերեսային և կարծրատիպային  շոուների միջոցով բնարար տղամարդու կերպարի գովերգում, շատ և շատ դեպքերում ողբերգական նմանատիպ ավարտ չէր լինի:

Դիմում ենք՝ ՀՀ արդարադատության նախարարին և Դատավորների ընդհանուր ժողովի էթիկայի և կարգապահական հարցերի հանձնաժողովին` պահանջելով կարգապահական վարույթ Շենգավիթ համայնքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Նելլի Բաղդասարյանի նկատմամբ:
Պահանջում ենք՝ ԵԱՀԿ երևանյան գրասենյակին վերանայել և գնահատել  ոստիկանության վերափոխմանն ու արդիականացմանն ուղղված ծրագրերի արդյունավետությունը:

Հորդորում ենք՝  ՀՀ կառավարությանն «Ընտանեկան բռնութան կանխարգելման» օրենքը, որը հնարավորություն կտա իրականացնել ընտանեկան բռնության արդյունավետ կանխարգելումը և ապահովել ընտանեկան բռնության զոհերի նպատակային պաշտպանությունն ու աջակցությունը:
Իսկ զանգվածային լրատվության միջոցներին խորհուրդ ենք տալիս  նման դաժանության դեպքերին անդրադառնալ բազմակողմանիորեն, վեր հանելով ընտանեկան բռնություն երևույթի վտանգավորությունն ու հանրության շրջանում ամրացնել  բռնության անթույլատրելիության գիտակցումը:

«Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության կոալիցիա»

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031