«Ռեֆորմիստների» կուսակցության նախագահ ընտրվեց ԱԺ պատգամավոր Վահան Բաբայանը
«DoubleTree by Hilton» հյուրանոցում մեկնարկել է ԱԺ պատգամավոր, նախկին ԲՀԿ-ական Վահան Բաբայանի քաղաքական նոր ուժի` «Ռեֆորմիստների» կուսակցության հիմնադիր համագումարը: Գրանցված 280 պատվիրակներից ներկա են 265-ը` ՀՀ բոլոր մարզերից:
Վահան Բաբայանը լրագրողների հետ զրույցում տեղեկացրեց, որ կուսակցության կարգախոսն է` «Քեզ համար` Հայաստան». «Ժողովուրդը հոգնել է ընդդիմադիր անվանումներից, նման կոչերից, որոնք արդյունք չեն տալիս: Կապրենք` կտեսնենք: Ժամանակը ցույց կտա` ո՞ւմից են հոգնել, ո՞ւմ խոսակցություններն են քամիներ եւ ումը` իրականություն եւ ով ինչ տեղ կզբաղեցնի 2017թ. նոր խորհրդարանում, որը, վստահ եմ` լինելու է բազմակուսակցական»:
Կարդացեք նաև
Լրագրողի նկատառմանը, թե նշյալ կարգախոսը ժամանակին եղել է ՀՀԿ-ինը, Բաբայանն այսպես արձագանքեց. «Դա չի եղել Սերժ Սարգսյանի կարգախոսը, դա եղել է կարգախոս, որն ընդհանուր առմամբ մեր ժողովրդի հիմքում է դրված եւ մենք այդ կարգախոսով փորձում ենք շարունակել»:
Համագումարի ընթացքում նախաձեռնող խումբն առաջադրեց Վահան Բաբայանի թեկնածությունը` որպես կուսակցության նախագահ: Քվեարկությամբ Բաբայանն ընտրվեց կուսակցության նախագահ:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ