ՀՀ գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանյանի հրամանով այսօր Րաֆֆի Ասլանյանն ազատվել է Շիրակի մարզի դատախազի պաշտոնից՝ նշանակվելով Երեւան քաղաքի դատախազ:
Րաֆֆի Ասլանյանը Շիրակի մարզում պաշտոնավարեց մոտ 3 տարի՝ կարողանալով շատ արագ զսպել Գյումրիում անընդմեջ սկանդալներ սարքող քրեական հակում ունեցող երիտասարդներին: Նա աչքի ընկավ իր խստապահանջությամբ, անկաշառ լինելով, շիրակցի պաշտոնյաների հետ մտերմիկ հարաբերությունների մեջ չմտնելով ու լրատվամիջոցների հետ թափանցիկ աշխատելով:
Ինչպես երբեմն զարմացած նշում էին այս մարզի պաշտոնյաները՝ դատախազն իրեն շատ հեռու է պահում՝ չմասնակցելով միջոցառումների: Հիշեցնենք, որ նա Շիրակի մարզ գալու հենց առաջին օրը հայտարարել էր. «Իմ տեղացի չլինելը ինձ անկաշկանդ գործելու հնարավորություն է տալիս»:
Նշենք նաեւ, որ դատախազն իր պաշտոնավարման ընթացքում մասնակցում էր նաեւ Գյումրիի սոցիալական խնդիրների լուծման նպատակով իրականացվող բարեգործական միջոցառումներին: Գյումրեցի երիտասարդները Րաֆֆի Ասլանյանին ու նրա ընկերներին հիշում են անօթեւանության դեմ պայքարի համար իրականացվող «Մեկ բացիկ, մեկ բնակարան» ծրագրին ակտիվ մասնակցությամբ:
Կարդացեք նաև
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ