Հուլիսի 1-ին Ֆրանսիայի Ազգային ժողովը «Հավասարության եւ քաղաքացիության» օրենքի մեջ փոփոխություններ կատարեց, որոնց համաձայն քրեականացվում էր ցեղասպանությունների, մարդկության դեմ հանցագործությունների ժխտումը եւ, համապատասխանաբար, Հայոց ցեղասպանության ժխտումը:
Սակայն ինչպես «ՕՐԵՐ» եվրոպական ամսագրի հետ զրույցում նշում է Հակամարտությունների լուծման «Կովկաս» կենտրոնի նախագահ, Եվրոպայի ՀՅԴ Հայ դատի հանձնախմբի նախկին ատենապետ Հիլդա Չոբոյանը, ընդունված օրինագծի բովանդակության մեջ Հայոց ցեղասպանությունը չի ներառված:
– Նախ ինչո՞ւ այս պահին Ազգային ժողովն անդրադարձավ նման որոշումի եւ ո՞րն է դրա բովանդակությունը:
– Մոտավորապես 10 ամսից Ֆրանսիայում սպասվում են նախագահական, ապա խորհրդարանական ընտրություններ, եւ այն խոստումները, որ Ֆրանսուա Օլանդը տվել էր իր նախընտրական շրջանում, պետք է կատարվեին: Այժմ, քանի որ իր խոստումները դեռ չեն հարգվել, կառավարության նախաձեռնությամբ նման օրինագծի փոփոխությունների առաջարկ ներկայացվեց խորհրդարանում արդեն իսկ գոյություն ունեցող օրինագծում: Այդ փոփոխությունների մի քանի հատվածներով նաեւ մոտեցան Հայոց ցեղասպանության հարցին: Մի քանի նախարարներ հայտարարեցին, որ Հայոց ցեղասպանությունն էլ է մտնում այս փոփոխությունների մեջ, սակայն երբ ուսումնասիրում ենք, թե կոնկրետ ինչ է գրված, պարզվում է, որ Հայոց ցեղասպանության առարկան ներառված չէ այս խնդրում:
Կարդացեք նաև
Մեկ պարբերությունում հավելում կաՙ «Հավասարության եւ քաղաքացիության» օրենքում, մյուսըՙ «Մամուլի ազատության» օրենքին հղումն է: Խնդիրն այն է, որ մինչեւ հիմա Ֆրանսիայում հրեական ցեղասպանության ժխտումն է միայն, որ քրեականացվել է:
Հայ համայնքը ուզեց, որ Հայոց ցեղասպանության մասին նման օրենք ընդունվի, եւ 2011-12 թթ.-ին Մարսելից ԱԺ պատգամավոր տիկին Բուայեն առաջարկեց, եւ այն ընդունվեց խորհրդարանի երկու պալատների կողմից, որից հետո Սահմանադրական խորհուրդը մերժեց այդ որոշումը: Ի դեպ, այդ որոշման մեջ նույնպես հայերի անունը չկար: Հայոց ցեղասպանության մասին ուղիղ հիշատակում չկար:
Այս անգամ, արդեն գոյություն ունեցող օրենքում են հավելում կատարել, ե՛ւ կառավարությունը, ե՛ւ համայնքի կազմակերպությունների համակարգող կենտրոնի պատասխանատուները ասում են, որ սա վերաբերում է Հայոց ցեղասպանությանը: Իսկ ես ասում եմ, որ սա չի վերաբերում Հայոց ցեղասպանությանը: Պարզապես, որովհետեւ այդ օրենքում երկու պայման է դրված, որպեսզի Հայոց ցեղասպանությունը ներառվի: Առաջինը, որպեսզի այս օրենքը որեւէ ցեղասպանության վերաբերի, այդ թվում նաեւ Հայոց ցեղասպանությանը, պետք է Ֆրանսիայի կամ միջազգային դատարանի կողմից համապատասխան վճիռ լինի, ինչը որ չի վերաբերում Հայոց ցեղասպանությանը:
Երկրորդ պայմանն այն է, որ ցեղասպանության ժխտումը դիտվի որպես ատելություն սերմանող, բռնությունների մղող արարք:
Առայժմ Ֆրանսիայում ցեղասպանության հերքման որեւէ դեպք որպես նման արարք չի որակվել: Եթե ֆրանսիական միջնակարգ դպրոցներում, ուր դասավանդվում է Հայոց ցեղասպանություն, որեւէ թուրք աշակերտ ասել է կամ ասի, որ Հայոց ցեղասպանություն չի եղել, դա իբրեւ բռնություն չի դիտարկվել որեւէ ատյանի կողմից եւ չի պատժվել: Նման դեպքերում Թուրքիայի դեսպանությունն ու հյուպատոսարանները անմիջապես խորհուրդներ են տալիս տվյալ աշակերտին եւ ընտանիքին, որպեսզի դատական որեւէ ատյանում նրա պաշտպանության ընթացքում ասածը ատելության նշան չդիտվի:
Հետեւաբար, այս երկու պայմանները լրացրած չլինելով Հայոց ցեղասպանությունը չի կարող այս օրենքի շրջանակի մեջ ներառվել:
– Իսկ ի՞նչն է ստիպում, որ ե՛ւ Հայաստանի արտգործնախարարությունը, ե՛ւ Ֆրանսիայի հայ համայնքի համակարգող մարմնի ղեկավարությունը պնդեն, որ Ֆրանսիայի ԱԺ-ի որոշումը վերաբերում է նաեւ Հայոց ցեղասպանությանը: Նույնիսկ Էդուարդ Նալբանդյանը ողջունել է օրինագծի հաստատումը ասելով՝ «Միանգամայն ողջունելի է Ֆրանսիայի կառավարության նախաձեռնած օրինագիծը, որը միաձայն հաստատվեց Ազգային ժողովի կողմիցՙ համապատասխան որի, փոփոխություններ են մտցվում Ֆրանսիայի Հավասարության եւ քաղաքացիության օրենքի մեջՙ քրեականացնելով ցեղասպանությունների, մարդկության դեմ հանցագործությունների ժխտումը եւ, համապատասխանաբար, նաեւՙ Հայոց ցեղասպանության ժխտումը»:
– Ինչ վերաբերում է Հայաստանի իշխանություններին, կարող եմ ենթադրել, որ Հայաստանի իշխանությունները չեն ցանկանում ընդդիմանալ այն պաշտոնական հայտարարություններին, որոնք Ֆրանսիայի իշխանությունների կողմից արված են: Չգիտեմ ինչ են մտածում հայ համայնքի ղեկավարության ասածների մասին: Տարիներ շարունակ հայ համայնքի ղեկավարները հուսադրել են համայնքին, որ Ֆրանսիայի նախագահը խոստում է տվել, եւ այդ որոշումը կլինի: Այս խնդիրը տարիներ շարունակ մնում է օրակարգում:
Ե՛վ համայնքը, ե՛ւ Օլանդի շրջապատը հասկացան, որ այս օրենքը տարբեր պատճառներով հնարավոր չէ անցկացնել Ֆրանսիայում: Պատճառներից մեկն այն է, որ Ֆրանսիան Թուրքիայի հետ հարաբերությունները դժվարացնելու ոչ մի պատճառ չունի, եւ այժմ տնտեսական առումով ավելի մեծ հարաբերություններ կան: Նախորդ նախագահ Սարկոզիի ժամանակ բավականին վատթարացել էին ֆրանս-թուրքական հարաբերությունները, քանի որ Սարկոզին հայտարարել էր, որ Թուրքիան տեղ չունի Եվրոպական միության մեջ: Ֆրանսուա Օլանդը բոլորովին փոխեց Ֆրանսիայի վերաբերմունքը Թուրքիայի նկատմամբ, եւ այս պատճառով է նաեւ , որ նման օրենք չի կարող ընդունվել Ֆրանսիայում:
Երկրորդ պատճառն այն է, որ Ֆրանսիայում միայն թրքական ազդակը չէ, կա նաեւ ներքին ազդակ: Մամուլի ազատության մասին օրենքում ցեղասպանությունների մասին սահմանափակումների մասը չսիրված օրենք է Ֆրանսիայի մեջ: Մենք փորձում ենք հավասարություն ստեղծել Հայոց ցեղասպանության եւ Հրեական ցեղասպանության միջեւ, ինչը մեր արդար իրավունքն է: Սակայն Հրեական ցեղասպանության համար Ֆրանսիայում հատուկ թույլատվություն է տրվել, որը չկամությամբ է տրվել, եւ մամուլի բոլոր աշխատակիցներն ու մտավորական ազդեցիկ շրջանակները դեմ են այդ օրենքին: Ամեն անգամ, որ այս օրենքը ընդլայնելու մասին խոսք է եղել, ժխտումի կիրառման խնդրի շուրջ, հանրային կարծիքը դեմ է եղել դրան: Հետեւաբար, թե՛ դրսից եւ թե՛ ներսից ճնշումներ կան Ֆրանսիայի իշխանությունների վրա, որ այս օրենքը չընդարձակվի, չտարածվի այլ հայերի վրա:
Իսկ ինչ վերաբերում է այս նոր ընդունված փոփոխություններինՙ Հայոց ցեղասպանության հարցում ոչինչ չի փոխում: Այն մեր խնդրի հետ կապ չունեցող օրենք է:
Հակոբ ԱՍԱՏՐՅԱՆ
Հարցազրույցն ամբողջությամբ՝ «Օրեր» ամսագրում