Լրահոս
Օրվա լրահոսը

Ոչ միայն ֆուտբոլը

Հուլիս 09,2016 10:00

Ժամանակակից ֆուտբոլը ես լավ չեմ հասկանում` պետք է հետեւել, կարդալ, իմանալ խաղացողների, մարզիչների անունները, իսկ դա շատ ժամանակ է պահանջում: Կարծում եմ՝ ես ավելի լավ էի հասկանում իմ պատանեկության տարիների ֆուտբոլը, երբ բոլորս երկրպագում էինք Երեւանի «Արարատին»` ա՛յդ խաղացողներին եւ ա՛յդ խաղերը ես այսօր, ավելի քան 40 տարի անց, հիշում եմ: Մեր տղաները խաղում էին գեղեցիկ, դիտարժան, տեխնիկապես հագեցած եւ, ինչպես հիմա են ասում, «կրեատիվ» ֆուտբոլ: Նրանք, անշուշտ, արժանի են մեր խոնարհմանը:

Բայց դա ուրիշ ֆուտբոլ էր եւ ուրիշ դարաշրջան: Խորհրդային առաջատար թիմերի ֆուտբոլիստները պրոֆեսիոնալ էին, բայց գրանցված էին ինչ-որ գործարանում կամ հիմնարկում ու այնտեղից աշխատավարձ էին ստանում: Հանուն ինչ-որ անհասկանալի «սկզբունքների» ձեւ էր արվում, որ մեր սպորտը «սիրողական» է, եւ մեր երկրում չկան ընդհանրապես շուկայական հարաբերություններ: (Իրականում դրանք, անշուշտ, շուկայական էին, բայց` «տակից», «լեւի ձեւով»): «Սոցիալիզմի» մասին երեսպաշտ սուտը՝ գումարած դրա հետ սերտ կապ ունեցող «երկաթյա վարագույրը» թույլ չէին տալիս մեր տաղանդավոր մասնագետներին, այդ թվում՝ ֆուտբոլիստներին, անհատապես դուրս գալ միջազգային ասպարեզ: Բայց դա դեռ ամենավատը չէր՝ իսկական, թափանցիկ շուկայական հարաբերությունների եւ մարդկանց, ապրանքների (այդ թվում՝ մտավոր արտադրանքի եւ գաղափարների) ազատ տեղաշարժի բացակայությունը թույլ չէր տալիս հասկանալու, թե «ով ինչ արժե»:

Այդպես է ոչ միայն ֆուտբոլում: Խորհրդային երկրում գրվում էին հազարավոր գրքեր, երաժշտական երկեր, գիտական աշխատություններ, ստեղծվում էին կտավներ, բայց դրանց մեծ մասը «սպառվում» էին ներքին` խորհրդային «շուկայում»` չինովնիկների ղեկավարությամբ, իսկ այն գործերը, որոնք հայտնվում էին երկրի սահմաններից դուրս, միշտ չէ, որ ընտրվում էին «օբյեկտիվ չափանիշներով»: Հետո, երբ ամեն ինչ փլուզվեց, շատերը սկսեցին զարմանալ` «չէ՞ որ ես 6 գրքի հեղինակ եմ, ինչո՞ւ ինձ այլեւս չեն մեծարում»: Կամ` «ես ակադեմիկոս եմ, ինչո՞ւ իմ արժեքավոր հոդվածները չեն հրապարակվում միջազգային մասնագիտական պարբերականներում»: Ակնհայտ է, չէ՞, այդ հարցի պատասխանը:

Խորհրդային թիմերը հանդես էին գալիս միջազգային մրցաշարերում, երբեմն նաեւ հաջողություններ էին ունենում, բայց մենք չգիտեինք` ամեն մի ֆուտբոլիստ, ԱՆՀԱՏ ինչ արժեք ուներ միջազգային չափանիշներով: Իսկ հիմա գիտենք` այս մի խաղացողին «Ջիբրալթարն» էլ չի վերցնի, սա «Կուբանի» է, սա «Սպարտակի», իսկ այս մեկը` «Մանչեսթեր Յունայթեդի»: Եվ նա, ով խաղալու է անգլիական այդ ակումբում, օրինակելի է ոչ միայն ֆուտբոլի տեսանկյունից: Հայաստանի քաղաքացի Հենրիխ Մխիթարյանը լավ օրինակ է իր համաքաղաքացիների համար` իր վերաբերմունքով կյանքի եւ աշխատանքի նկատմամբ: Կարդացեք նրա հարցազրույցները եւ կտեսնեք, որ նա օրինակելի է նաեւ աշխատասիրության, համեստության, կարգապահության, պրոֆեսիոնալիզմի, զուսպ, կշռադատված դատողությունների, ինչու չէ` նաեւ լեզուների իմացության տեսանկյուններից:
Իսկական շուկայական հարաբերությունները բացահայտում են ոչ միայն անհատի տաղանդները, այլեւ (մի զարմացեք) մարդկային լավագույն գծերը:

 

ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (4)

Պատասխանել

  1. Գագիկ says:

    Ձեր առաջին 6 բառերը շատ ճիշտ էին: Ամբողջ նյութն ապացուցեց դա: Ես Հենոյի խաղով եւ հաջողություններվ շատ եմ ուրախանում, իր համեստությամբ՝ հիանում: Բայց թեկուզ աշխարհի ամենաուժեղ ֆուտբոլիստը եղիր, նոր Պելե դարձիր, սակայն եթե ազդեցիկ հովանավոր չունես, ֆուտբոլի դռները ՓԱԿ են քո առջեւ: Իսկ դրա մասին բոլորը լռում են:

  2. Նորիկ says:

    Հենրիխին շատ եմ հարգում։Ավելի ճիշտ՝ շատ եմ սիրում։Նայել եմ նրա մասնակցությամբ բոլոր խաղերը։Ցանկացած բնագավառում աշխատասիրությունը հաջողության առաջին գրավականն ա ։Մի քանի լեզու իմանալն էլ, նրա աշխատասիրության բնութագիրն ա։Բայց համեստությունն իրեն, ինչ-որ տեղ խանգարում ա։

  3. Տիգրան says:

    Ի դեպ, լեզուների մասին: Եւրոպայում մշակված է այնպիսի համակարգ, որ օտարերկրացի ֆուտբոլիստները շատ կարճ ժամանակում կարողանում են խոսել, եւ նույնիսկ հարցազրույց տալ հյուրընկալող երկրի լեզվով: Դա կատարվում է շատ-շատ ավելի արագ, քան բանասիրականի ուսանողների պարագայում: Եւրոպայի տարբեր երկրների թիմերում խաղացած ֆուտբոլիստը առնվազն այնքան լեզվով է խոսում, որքան երկրում որ խաղացել է: Այնպես որ լեզուների իմացությունը ֆուտբոլիստ դառնալու բախտի հետ ոչ մի կապ չունի: Հենրիկը համեստ է, Բալոտելլին՝ լրիվ հակապատկեր: Բայց երկուսն էլ ֆուտբոլիստ են:

  4. Լավատես says:

    Բողբոջը ինչքան էլ ուզենա ծաղիկ դառնա՝ քանի դեռ արեւ չկա, բողբոջ էլ կմնա: Տաղանդներ մենք հա էլ ունենք, բայց քանի դեռ մեր մանր մունր կառավարությունը մանր մունր մարտավարական խնդիրներ է իր առջեւ դնում, այդ տաղանդների տաղանդի պահանջարկ չի լինի, դրա համար էլ մեր տաղանդները ուրիշի արեւի տակ են ծաղկում:

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031