Լրահոս
Օրվա լրահոսը

Մեր ոգու ձուկը

Հուլիս 09,2016 15:30
merujan Ter-Gulanyan

Թվում էր, թե օրերից մի օր վերջապես ամեն ինչ այսպես պիտի սկսվեր, եւ թվում էր նաեւ, թե այնուհետեւ ամեն ինչ սկսվել էր շատ ավելի առաջ, երբ մենք չէինք ծնվել առհասարակ եւ կարծես թե հասկացանք հետո, երբ մենք արդեն հայտնվել էինք, եւ շարունակում է թվալ, երբ արդեն մեր զավակներն էին ծնվել, որ անելու էին այն, ինչ մենք չէինք հասցրել անել: Եվ հիմա թվացյալ, բնականաբար, անհասկանալի ու զարմանալիորեն մենք մեր զավակների հայրն ենք. դժվար ենք ապրում մեր տանը, սակայն ապրում ենք եւ սպասում ենք, որ մեր զավակները մեր հայրերը դառնան…
Այո, թվում էր, թե ամենադժվարը առաջին օրն էր: Պարզվեց հետո, որ ծնունդից կյանք եւ այնու ճանապարհին ամենադժվարը ապրելն էր: Այսինքն թե` պարզվեց, որ տառապագինը ամեն օրդ ապրելն է: Եվ թող ոչ ոքի չթվա, որ մեր ծնունդն ու ապրած կյանքը եւ ապրելիքը խաղ է միայն…

Խաղ չէ նաեւ մեր հավատամքի Ձուկը: Եվ քանի որ խաղ չէ, ո՞վ էր մեզանից մեկը, թերեւս միակը` Արարատի քուրմը, ում վճիտ ավազանում ընդամենը կարմիր պուտերով մի ձուկ էր լողում, որին ժամանակներում տեսնելով` զարմացավ Ալեքսանդր Մեծը եւ հասկացավ, որ Աստված միակն է, եւ ինքն ինչքան էլ մեծ` ընդամենը մահկանացու է:

Եվ այսու մենք պիտի որ հասկանանք, որ անզոր ենք ժամանակների առաջ, եւ պետական, իշխանական ինչպիսի դիրքում էլ լինենք, պիտի ընդունենք, որ ինչ որ այսօր մենք ունենք, մեզանից առաջ վաղուց արդեն շատերը ունեցել են եւ ծածկվել են ժամանակի մոռացության փոշիով: Մնալու է միայն գործը, ինչ թողեցիր դու քո երկրին… Ինչպես նաեւ մնալու է ձուկը` իր համաստեղությունից եկած, որը, սակայն, շուտով դանդաղ հեռանալու է մեզանից` մեզ թողնելով իր լուսավոր ջուրը կենդանի:
Այնինչ ձուկն այսօր շարունակում է ապրել մեր շուրջը, մեր կողքին եւ ամենակարեւորը` մեր մեջ, սակայն չկա Արարատի մեծ քուրմը եւ Ալեքսանդր Մեծը ու նրա ստեղծած կայսրությունը մինչեւ Հնդկաստան. մնացել են, կարծում եմ, Աստծուն հաճո երկու փոքրիկ երկիր` անուններով Հայաստան եւ Հունաստան, որտեղ դեռեւս ապրում է ձուկը կենդանի: Երկու երկիր, որ աշխարհին տվեցին այն, ինչ իրենք ստեղծել էին, տվեցին ամեն ինչ եւ մնացին մենակ իրենց ստեղծածի դիմաց…
Եվ թող ինձ ների Բրիտանիայի թագուհին, թող ներեն գերմանացիները, հատկապես Բավարիան, թող ների Իսպանիան, որ մինչեւ միջնադար ընդունում էին, թե իրենց պետականության հիմնադիրները Հայաստանից են եկել:

Հետո արդեն, ավելի ուշ, երբ Հայաստանի եւ Հունաստանի մշակույթը նրանց պետություն դարձրեց, եւ երբ նրանք հզորացան՝ դառնալով ծովագնացներ եւ ծովերի տիրակալներ, իրենց նորընծա գիտունների միջոցով փորձեցին ամեն ինչ անել, որ մոռացվի իրենց ծագումը, քանզի ինչպես կարող էին նրանց նման հզորները իրենց ծագումով պարտական լինել այսօր արդեն փոքրիկ պետություններին` առավել եւս Ցեղասպանություն կրած եւ մեծ հայրենիք կորցրած ազգերին…
Սակայն մի՛ վախեցիր, ձուկ ջան, դու մենակ չես, եւ ոչ մի ձկնորս քեզ այլեւս չի կարող որսալ, քանզի դու լողում ես մեր ոգու հազարամյա ջրերում, իսկ մեր ոգին անորսալի է այլեւս…

Ձուկ ջան:

 
ՄԵՐՈՒԺԱՆ ՏԵՐ-ԳՈՒԼԱՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031