Լրահոս
Օրվա լրահոսը

Շրջանների վերադարձի մասին խոսողները բախտախնդիրներ են

Հուլիս 09,2016 15:00

ՍԴՀԿ ատենապետ Նարեկ Գալստյանը`
ներքաղաքական զարգացումների եւ ԼՂ հարցի մասին

– Խորհրդարանական վերջին քառօրյան եզրափակվեց ընդդիմադիրների` միմյանց ուղղված վիրավորանքներով, շիշ շպրտելու սպառնալիքներով, «ռազբորկայի» կանչելով: Ընդդիմադիրները միմյանց մեղադրում եմն կեղծ լինելու մեջ: Ձեր կարծիքով՝ ո՞ր քաղաքական ուժն է Հայաստանում իրական ընդդիմություն, ո՞րը` կեղծ:

– Կարծում եմ, որ միմյանց «ընդդիմադիրության թեկնածուի» գիտական թեզ շնորհելու կուրսեր Հայաստանում չկան: Ընդամենը ընտրություններից առաջ ընդդիմադիր ձայներին հավակնորդ քաղաքական ուժերը փորձում են իրար նկատմամբ հնարավորինս շատ կոմպրոմատներ հավաքել՝ խորհրդարան ավելի մեծ խմբակցությամբ մտնելու համար: Դրա հետ մեկտեղ Հայաստանում կան այնպիսի քաղաքական ուժեր, ովքեր համակարգվում են իշխանական այս կամ այն շենքից, եւ դրա մասին բոլորն էլ շատ լավ գիտեն: Ինչքան էլ հիմա փորձեն իրենց ճղել, հայտարարել «միակ ընդդիմության» մասին, արդեն իսկ ձախողվել են: Ինչ վերաբերում է ձեր հարցին, թե ո՞րն է «կեղծ» կամ «իրական», սա ապաքաղաքական հարցադրում է, որովհետեւ այս կամ այն փուլում բոլորն էլ բոլորի հետ համագործակցում են:

– Ձեր ղեկավարած կուսակցությունն իրակա՞ն, թե՞ կեղծ ընդդիմություն է:

– Հարցն արհեստական եմ համարում: Իհարկե՛, ցանկացած ոք, ով հետեւում է ՍԴՀԿ-ի գործունեությանը, այս հարցը նույնպես արհեստական կհամարի: Կարծում եմ, որ առաջիկա ՏԻՄ ընտրություններն ու այդ քարոզարշավում մեր շեշտադրումները բոլոր կասկածներով տառապողներին հստակ պատասխան կտան: Նշում եմ ամենայն անկեղծությամբ` իշխանություններին մեր չափ, ընդ որում՝ համակարգային առումով քննադատող, շատ քիչ կա: Եթե երկրում կա կոռուպցիա, եթե կա օլիգարխիա՝ սերտաճած քաղաքական իշխանության հետ, ընդդիմադիր այս երեւույթները չլինել չեն կարող:

– Իսկ որտե՞ղ եւ ի՞նչ ձեւաչափով եք մասնակցելու ՏԻՄ ընտրություններին:

– Ավագանու անդամի թեկնածուներ ենք առաջադրելու Մեղրիում, Կապանում, Վանաձորում, Մասիսում, Արտաշատի գյուղերում, Գավառում: Իսկ Գյումրիում եւ Վանաձորում, ամենայն հավանականությամբ, կսատարենք ընդդիմադիր միասնական թեկնածուին, բայց դրա մասին վաղ է խոսելը, թեկնածուների անունները հստակեցվեն` պարզ կլինի:

– Ե՞րբ է ՍԴՀԿ-ն մտնելու ընդդիմադիրների մեկնարկած այս լիդերության շքերթի մեջ` հաջորդ խորհրդարանում իր մանդատը ձեռք բերելու համար: Հնարավո՞ր է՝ ՍԴՀԿ ներքին խնդիրները խանգարեն կուսակցությանը մասնակցել ընտրություններին: Ի դեպ, քանի՞ մանդատ եք ակնկալում:

– ՍԴՀԿ-ի ներքին խնդիրների մասին ինձ, իբրեւ կուսակցության Հայաստանի վարչության ղեկավարի, առնվազն հայտնի չէ: Ի դեպ, ինչքան էլ գնան մոմ թափողների մոտ, ինչքան էլ երազեն, որ կգտնեն ներքին խնդիրներ, բավական պատկառելի տարիքում երազախաբ են լինելու: Իսկ դա արդեն պաթոլոգիա է:
Մենք դեռ չենք որոշել խորհրդարանական ընտրությունների մասնակցության ձեւաչափը: Ըստ դրա հասկանալի կլինի նաեւ մեր ակնկալիքները: Դրանք, սակայն, երկրորդական են: Որոշողը, քվե տվողը ՀՀ քաղաքացին է: Այն, որ պայքարելու ենք, կասկածի ենթակա չէ:

– ՍԴՀԿ-ն հայտարարում էր, որ համախմբելու է հանրությանը եւ պայքարելու է կոռուպցիայի դեմ: Մինչ դուք կփորձեք համախմբել հանրությանը, իշխանությունն սկսել է կոռուպցիայի դեմ պայքարը: Արդյունքներ տեսնո՞ւմ եք, դրանք գոհացուցի՞չ են:

– Իսկ ինչպե՞ս կարող է ցանկացած իմիտացիոն գործընթաց գոհացուցիչ լինել: Ի՞նչ եք կարծում, կառավարության՝ կոռուպցիայի դեմ պայքար հայտարարելուց հետո ինչ-որ համակարգային, խորքային արդյունք եղա՞վ, թե՞ ոչ: Կոռուպցիան երկրին, մարդկությանն ու բնությանն անհայտ գազան չէ, որ հանձնաժողովներ են ստեղծում, գրանցում ու ուսումնասիրում: Կոռուպցիայի դեմ պայքարի ցանկություն ունեցողները չեն կարող իրենք էլ պարբերաբար մեղադրվել բավական մութ սխեմաներում մասնակցության մեջ:

– ԼՂՀ-ի շուրջ կրքերը կարծես նորից թեժանում են. ի՞նչ են հուշում զարգացումները, քառօրյա պատերազմը մոտեցրե՞ց հարցի լուծումը, թե՞ էլ ավելի բարդ իրավիճակ ստեղծեց կողմերի համար:

– Արցախի խնդիրն այժմ թիվ մեկ կարեւորության հարցն է: Ինչպե՞ս կարող է պատերազմը խնդրի լուծում լինել: Հիմա ակտիվորեն խոսվում է շրջաններ հանձնելու մասին: Կարծում եմ, որ նման խոսակցությունները բախտախնդրություն են, որոնք, ի դեպ, շրջանառության մեջ դրեցին իշխանության բարձր ներկայացուցիչները, ովքեր, վստահ եմ, ոչ մի տեղեկություն անգամ չունեն իրական բանակցային գործընթացից: Չեմ ուզում վատ կանխագուշակումներ անել, բայց իրական պատերազմը դեռ առջեւում է եւ, ցավոք, ոչ շատ հեռու ապագայում…

 
Զրույցը`
ՆԵԼԼԻ ԳՐԻԳՈՐՅԱՆԻ

«Առավոտ»

08.07.2016

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031