Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Հիլարի Քլինթոնին հիշելով. Երբ ԱՄՆ պետքարտուղարը նաեւ Երեւան էր ժամանում

Հուլիս 09,2016 12:00

Հայաստանի դիվանագիտությունը փորձում է խախտե՞լ ավանդույթները

ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին հուլիսի 6-ին ժամանեց Վրաստան։ Նա Թբիլիսիում մասնակցեց Ռազմավարական համագործակցության վրաց-ամերիկյան հանձնաժողովի հերթական նիստին, որտեղ քննարկվեցին դեռ 2009-ին ստորագրված խարտիայի առաջնահերթ ուղղությունները՝ ժողովրդավարություն, պաշտպանություն ու անվտանգություն, տնտեսություն, ժողովուրդների միջեւ հարաբերություններ: Քերին «Պաշտպանության եւ անվտանգության ոլորտներում համագործակցության մասին» հուշագիր ստորագրեց Վրաստանի վարչապետ Գեորգի Կվիրիկաշվիլիի հետ: ԱՄՆ պետքարտուղարի հաջորդ կանգառը Ուկրաինան էր, իսկ այնտեղից նա մեկնեց Վարշավա` ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին:

Կային ժամանակներ, երբ ԱՄՆ պետքարտուղարը նաեւ Երեւան էր ժամանում: 2010թ. հուլիսին ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնը այցելեց Հայաստան՝ ի թիվս հինգ այլ երկրների: Նա Երեւանում Սերժ Սարգսյանին անվանեց «խիզախ առաջնորդ»: Այնուհետեւ 2012թ. հունիսին Քլինթոնը այցելեց Երեւան, Թբիլիսի, Բաքու:

Ներկայիս ԱՄՆ պետքարտուղարը Հայաստան ու Ադրբեջան չի այցելում, եւ եթե Բաքու չայցելելը կարող ենք կապել այդ երկրի նկատմամբ Միացյալ Նահանգների հստակ դիրքորոշման հետ` այդ երկրում ժողովրդավարության մակարդակով, ապա Երեւան չայցելելը կարելի է դիվանագիտական լուրջ ձախողում համարել` մանավանդ ապրիլին Ալիեւի սանձազերծած քառօրյա պատերազմից հետո: Կարելի էր շոյվել, եթե հայկական դիվանագիտությանը հաջողվեր հասնել նրան, որպեսզի ԱՄՆ պետքարտուղարն այցելեր Երեւան ու Թբիլիսի` արհամարհելով Բաքուն (ի դեպ, ըստ Դմիտրի Պեսկովի` օգոստոսին նախապատրաստվում է Պուտինի այցը Բաքու): Շատերը կասեն, որ Հայաստանի ու Ադրբեջանի նկատմամբ Վաշինգտոնը մշտապես հավասարակշռությունը պահպանել է եւ հազիվ թե այդ ավանդույթը խախտեր:

Իսկ մեր դիվանագիտությունը փորձե՞լ է կամ փորձո՞ւմ է խախտել ավանդույթներն ու հանդես գալ նախաձեռնողական քայլերով, որոնք համաձայնեցված չլինեն Մոսկվայի հետ եւ չսպասարկեն Կրեմլի շահերը:

Այստեղ է, որ տրամաբանական հարց կարող է ծագել` իսկ ԱՄՆ պետքարտուղարը գար Հայաստան, որ ի՞նչ աներ… «Խիզախ առաջնորդ» Սերժ Սարգսյանը 2013թ. սեպտեմբերի 3-ին հանդես եկավ Մաքսային միությանը եւ Միասնական տնտեսական տարածքին միանալու հայտարարությամբ:

Դեռ մինչեւ վերջերս պաշտոնական Երեւանը մշտապես հպարտանում էր, թե ՀՀ իշխանություններին հաջողվում է հավասարակշռված հարաբերություններ պահպանել Արեւմուտքի ու Ռուսաստանի միջեւ, «ե՛ւ-ե՛ւ»-ի քաղաքականություն վարել: Բայց, ինչպես ասում են, այս հեքիաթներին այլեւս առանձնապես չեն հավատում ո՛չ ներսում, ո՛չ դրսում, որովհետեւ թե՛ դրսում, թե՛ ներսում տեսնում են՝ ինչ է կատարվում եւ ինչու է կատարվում:

Իշխանություններն ամեն ինչ արեցին եւ շարունակում են հետեւողական քայլերով այնպես անել, որպեսզի Հայաստանն ընկալվի որպես Ռուսաստանի կցորդ երկիր, հետեւաբար չպետք է զարմանալ, որ մեզ առաջիկայում ավելի հաճախ արհամարհեն:

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը վերջերս անդրադարձավ Ռուսաստանի արտաքին քաղաքականության խնդիրներին՝ ասելով, որ ՌԴ-ն մտադիր է թարմացնել արտաքին քաղաքականության հայեցակարգը։ Պուտինի խոսքերով՝ ՌԴ-ի համար առաջնային կդառնա միջազգային խաղաղության եւ կայունության ապահովումը։ Նա հավելել էր, որ դիվանագետները պարտավոր են գործել հակամարտությունների կարգավորման համար, կանխել լարվածության նոր օջախների ստեղծումը՝ առաջին հերթին ՌԴ սահմաններին մոտ, ամրապնդել ՌԴ-ի ինքնիշխանությունը:

Պուտինը ԱՄՆ Անկախության օրվա առիթով շնորհավորական ուղերձ էր հղել ԱՄՆ նախագահ Բարաք Օբամային` մասնավորապես նշելով. «Ռուս-ամերիկյան հարաբերությունների պատմությունը հաստատում է, որ գործելով իրավահավասար գործընկերային դիրքերից եւ հարգելով երկու երկրների օրինական շահերը՝ մենք ի զորու ենք բարեհաջող լուծել միջազգային ամենաբարդ խնդիրները՝ ի շահ երկու երկրների ժողովուրդների եւ ամբողջ մարդկության»։

Ռուսաստանի հովանու ներքո ո՞ւր է գնում Հայաստանը: Այս հարցն իսկապես արդիական է, որովհետեւ այն, ինչ մինչ այժմ Հայաստանի կողմից «նվիրաբերվել» է Ռուսաստանին, ինչպես երեւում է, դեռ բավարար չէ:

ՀԱՊԿ երկրների արտգործնախարարների երեւանյան հավաքում հավանության արժանացած ռազմավարության նախագծում, ՀԱՊԿ-ում Ռուսաստանի ներկայացուցիչ Վիկտոր Վասիլեւի խոսքով, ամրագրվելու է, որ ՆԱՏՕ-ն սպառնալիք է: «Անշու՛շտ, սպառնալիքներից մեկը, որը մենք դիտարկում ենք, ՆԱՏՕ-ի ընդլայնումն է եւ մոտենալը մեր պետությունների սահմաններին: Բնականաբար, սա իր արտացոլումը կգտնի ռազմավարությունում»,- ասել է ռուս դիվանագետը:

Երեւանում կայացած ՀԱՊԿ արտգործնախարարների խորհրդի նիստում ուշադրության կենտրոնում է եղել ՀԱՊԿ 2025 թվականի Հավաքական անվտանգության ռազմավարությունը, որը ներկայացվելու է Հավաքական անվտանգության խորհրդի առաջիկա նիստի հաստատմանը: Գալիք հոկտեմբերին Երեւանում հավաքվելու են ՀԱՊԿ երկրների նախագահները, ակնկալվում է, որ այդ գագաթնաժողովին ռազմավարությունը կհաստատվի:

Հնարավոր է՝ «ՆԱՏՕ-ն սպառնալիք է» գնահատականից Մոսկվան, այնուամենայնիվ, խուսափի, բայց գրեթե կասկած չկա, որ եթե Կրեմլը որոշի, որ նման ձեւակերպում պետք է ընդունվի, պաշտոնական Երեւանը հլու-հնազանդ ենթարկվելու է այդ որոշմանը` առանց կշռադատելու, թե ինչպես է դրանից հետո հետագա հարաբերությունները շարունակելու Հյուսիսատլանտյան դաշինքի հետ:

Հայաստանի շահերին հակասում է թե՛ ՆԱՏՕ-ի դիտարկումը՝ որպես սպառնալիք, թե՛ ՌԴ-Արեւմուտք առճակատման այլ գործընթացներում կողմ դառնալը: Մոսկվան արդեն իսկ ընդդեմ իր շահերի է դիտարկում Հայաստանի հարեւան Վրաստանի` ՆԱՏՕ-ին մերձենալու քաղաքականությունը, եւ այս առումով եւս մենք կարող ենք հեշտությամբ հայտնվել խոցելի իրավիճակում:

Դրանից խուսափելու համար անհրաժեշտ է, որ Հայաստանի իշխանությունները որոշումներ կայացնելիս ի շահ Հայաստանի ու ՀՀ քաղաքացիների գործեն, ունենան սեփական ռազմավարություն, անվտանգության հայեցակարգ: Ապրիլյան քառօրյա պատերազմից «դասեր քաղելու» մասին անվերջ ճառեր ասելու փոխարեն՝ պարզապես անհրաժեշտ է գործել:
ԷՄՄԱ ԳԱԲՐԻԵԼՅԱՆ

«Առավոտ», 08. 07.2016

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031