«Լավագույն կին գործարար» 2016-ի հատուկ մրցանակակիրը կարծում է, որ արտահանմանն ուղղված պետական աջակցության գործիքները պետք է հասանելի լինեն նաեւ ՓՄՁ-ներին:
Ինգա Մանուկյանը մերօրյա կին գործարարներից մեկն է, ով օրեր առաջ իր «ԼՈՒՄ» հագուստի արտադրամասով (LOOM Weaving ապրանքանիշ) ՀՀ վարչապետի «Լավագույն կին գործարար» 2016թ. մրցանակաբաշխությանը հատուկ մրցանակին արժանացավ: 2012-ից կանանց ձեռնարկատիրական գործունեությունը խրախուսող պետական միջոցառման կազմկոմիտեն այս անգամ աջակցման գործիքներն ուղղել էր նորարար սկսնակ կին գործարարներին: Իսկ Ինգա Մանուկյանն արժանացավ մրցանակի, քանի որ իր գործունեությունն ուղղված է ավանդական հայկական գործվածքների արտադրության վերականգնմանն ու պրոպագանդային, դրանք վերածելուն նորաձեւության բացառիկ աշխատանքների: Երիտասարդ ձեռնարկատերն իր գործունեությունը սկսել է երկու տարի առաջ՝ մի բրդե շալի նախագծից, ապա պատվերից: Գործվածքների հանդեպ հատուկ վերաբերմունք տածող հերոսուհին ներշնչվել է հաճախորդի հիացմունքից ու մի օր քրոջ հետ խորհրդակցելուց հետո որոշել է սեփական փոքրիկ բիզնեսը հիմնել:
Այս որոշմանն արդեն հասցրել են հաջորդել երկու տարիներ. այդ ընթացքում կազմակերպված ցուցադրություններին մասնակցության հրավերներ, պատվերներ, նորանոր մոդելավորումներ, մրցանակներ, հիացական խոսքեր եւ նոր գաղափարներ: Վարձակալությամբ շուրջ 60 քառակուսի մետր մակերեսով՝ Փոքր Կենտրոնի մի գողտրիկ թաղամասում, պատին՝ մի համեստ ցուցանակ, բայց դա չի խանգարել հետաքրքրասեր կանանց ու աղջիկներին գտնել Ինգայի արտադրամասը եւ դառնալ նրա հաճախորդը: Գործարարը բացում է արտադրամասի դուռը, միանգամից դիմացդ են բացվում հնաոճ կախիչի վրա խնամքով դասավորված գործվածքից գունեղ զգեստներ: Դեպի ներքեւ ձգվող ճոթերը հուշում են պահպանողական զգեստների շարքից զատ մոդեռն հավաքածուի մասին, միանգամից նկատելի է, թե ինչ յուրահատուկ ոճ ու միտք կա դրանցում, իսկ վերջին հատվածում սեզոնից դուրս մղված գործվածքից վերարկուների փեշերն են՝ մեկը մեկից հետաքրքիր ու չկրկնվող: Կից սենյակում ձեւման սեղանն է՝ վրան գործիքները, ու ժպտադեմ կանայք են: Ինգայի ու քրոջ՝ Էլենի գործընկերներն են, աշխատում են՝ հընթացս օգնելով, որ Ինգան կայանա այս ոլորտում, ասում են՝ ամեն օր հետը տանից մի նոր միտք է բերում, իսկ մենք ջանում ենք, որպեսզի նրա գաղափարը իրականանա: Փոքրիկ արտադրամասի երկու համեստ սենյակներից առաջինում բուրում են դաշտային ծաղիկները, մյուսում թելի յուրահատուկ բուրմունքն է զգացվում:
Սեղաններին փռված թղթերի վրա մտքերը ձեւ ու կերպարանք են ստանում մատիտի խազերով, հաճախ նաեւ համակարգչային տարբերակով: Ձեւարարն այստեղ միայն Ինգան չէ, հաճախ իրենց իմպրովիզներն են «պարտադրում» նաեւ հաճախորդները, ովքեր ժամանակակից ամսագրերում մանրակրկիտ զննել են նորաձեւության պահանջները, նաեւ նրանք, որոնք փողոցում քայլելիս աչքի պոչով հասցնում են մի հայացքով թռցնել անցորդի ոճային զգեստի ձեւը: Ինգայի խոսքով՝ քմահաճ պատվիրատուների շարքում հաճախ նաեւ ուսանողուհիներն են, որոնք իրենց կուռքերին կրկնօրինակելու իդեաները մշակած վազում են արտադրամաս: «Հաճախ մտքով ու ձեռքով որքան էլ ճկուն գտնվես, միեւնույն է՝ լինում են դեպքեր, երբ ամեն բան հնարավոր չէ ստանալ թելերով՝ մեքենայի կամ ձեռքի շյուղի օգնությամբ,- խոստովանում է Ինգան:- Համառ դեպքերում գործի է դրվում տարատեսակ հյուսվածքներից ու կտորներից իմպրովիզներ անելու գաղափարը, ու, որպես կանոն, դրանք գործվածքի հետ համադրելով՝ ավելի տպավորիչ են դարձնում զգեստը»: Այստեղ թելերը հիմնականում ներկրված են, ու այդ պատճառով է, որ ինքնարժեքը տատանվում է մինչեւ 100.000 դրամի սահմաններում:
Կարդացեք նաև
Բայց Ինգան վստահեցնում է, որ դրանք բարձրորակ, բրդյա, բամբակյա եւ թավշյա չգունաթափվող ու երկարակյաց թելեր են: Ձեռնարկատերը մեծ ափսոսանքով է խոսում հայկական արտադրության թելերի պակասի եւ դրանց անմրցունակ լինելու մասին, առկա թելերը, ասում է՝ կոշտ են, ծակծկող ու ոչ հարմարավետ մաշկի համար, ինչի պատճառով երբեմն իրենք ստիպված են լինում աստառներ կարել զուգահեռ: Բացի այդ, հայկական արտադրության բրդյա թելերը չունեն նաեւ գունային բազմազանություն: Ահա այս մի շարք բացերի պատճառով ձեռնարկատերը ստիպված է նաեւ թուրքական թելեր օգտագործել: Նա համոզված է, որ եթե տեղում որակյալ թելերի ու կտորի արտադրություն լիներ, ինքն ու իր նման շատ ստեղծարարներ ավելի արագ կզարգացնեին բիզնեսը. միտք, ապա նաեւ ձեռքի ու գործիքի աշխատանք, հետո տարածքի վարձակալություն, հարկեր, անհրաժեշտության դեպքում՝ նաեւ վարկեր … ու երբ այս ամենին ավելանում են ներմուծման սահմանի հարկերը, էականորեն բարձրանում է արտադրանքի ինքնարժեքը: «Կանայք հակված են եւ սիրում են թանկ վճարել զգեստապահարանի համար, գործվածքը կրկին նորաձեւ է, հետեւապես այսօր նախընտրում են կրել նաեւ պատանի աղջիկները: Գործվածքները ինքնատիպ են դարձնում կանանց, դրանք նրբաճաշակ են ու մի քիչ էլ հայկական պահպանողական տարր են կրում իրենց մեջ»,- ասում է մեր զրուցակիցը: Գործվածքը մատչելի դարձնելու համար մեծ խնդիր կա շուկայում՝ շեշտում է գործարարը՝ հիշեցնելով, որ պետք է իրականում արդյունավետ դարձնել թուրքական ապրանքի դեմ պետական պաշտոնատար անձանց հայտարարած պայքարը՝ հանուն սպառողի շահերի եւ տեղական արտադրողին օգնելու միջոցով:
Ինգան այսօր իր գործունեությամբ հայտնի է որոշ շրջանակներում, հասցրել է գրավել նաեւ հայտնի մարդկանց ուշադրությունը, վաստակել է 150-ից ավելի տեղացի ու դրսի պատվիրատուների մեծ վստահությունը, բայց ավելի ընդգրկուն մասշտաբների հասնելու ձգտումը վստահ չէ, որ հեշտությամբ իրականություն կդարձնի:
Պատճառները միայն օրենսդրական դաշտում ՓՄՁ-ի համար անընդհատ կատարվող փոփոխությունները չեն, հիմնական խնդիրը շուկայի փոքր եւ սահմանափակ լինելն է, այս հարցում նրան միակ ներշնչող ու ոգեւորող գործոնը քիչ մրցակիցներ՝ միաժամանակ հավատարիմ պատվիրատուներ ունենալն է, որ վստահաբար կօգնի երիտասարդ կին գործարարին նոր բարձունքներ նվաճել: Գործարարը դրական է գնահատում կառավարության կողմից տարվող պետական քաղաքականությունը բիզնես ոլորտում, հետաքրքրված է ու տեղյակ է ոլորտին վերաբերող պետական աջակցության զանազան ծրագրերից եւ առաջիկայում կօգտվի դրանցից` բիզնեսն ընդլայնելու ու կայացնելու համար: Միակ վերապահումը գործարարի կողմից արտահանման խթանմանը նպաստող նոր ձեւավորված կառույցի մասին է. «Լավ կլինի, որ արտահանմանն ուղղված պետական աջակցության գործիքները հասանելի լինեն նաեւ մեզ պես փոքր բիզնեսներին, քանի որ տեղական շուկայի սահմանափակ լինելը խանգարում է մեզ ընդլայնել մեր հնարավորությունները ու զարգանալ: Կարծում եմ՝ ոչ միայն մեզ համար է դա խնդիր, այլ նաեւ շատ այլ ոլորտներում գործող բիզնեսմենների»:
ՆԵԼԼԻ ԳՐԻԳՈՐՅԱՆ
«Առավոտ»
08.07.2016