Լրահոս
Օրվա լրահոսը

Իրավապաշտպանի դատավճիռն ուժի մեջ մտավ

Հուլիս 09,2016 14:00

«Իրավաբանների եւ հոգեբանների միջազգային ասոցիացիայի» հիմնադիր նախագահ Խաչիկ Մարոզյանի դեմ հարուցվել էր քրեական գործ: Ավան եւ Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը եւ վերաքննիչ քրեական դատարանն արդարացրել էին իրավապաշտպանին: «Առավոտը» տեղեկացրել էր երկու դատական ատյաններում կատարվածի մասին, իսկ երեկ զրուցեց Խ. Մարոզյանի հետ:

-«Առավոտի» տեղեկություններով՝ տուժող կողմը այդպես էլ չբերեց վճռաբեկ բողոք, այդպե՞ս է:

-Վճռաբեկ բողոք բերել են, թե չեն բերել, նման տեղեկատվություն չունեմ: Կարող եմ տեղեկացնել, որ երեք օր առաջ Ավան եւ Նոր Նորք համայնքների ընդհանուր իրավասության դատարանում երկրորդ կնիքը դրվեց, դատավճիռը մտավ օրինական ուժի մեջ: Վճռաբեկ դատարանից որեւէ բան չեմ ստացել:

-Կանդրադառնա՞ք Ձեր դեմ հարուցված քրեական գործի հանգամանքներին:

-Ուզում եմ շեշտել, որ հայաստանյան դատարանը գտնվեց իր բարձունքի վրա: Ողջունելի է, որ դատարանը փաստերի մանրակրկիտ ուսումնասիրության վրա արդարացրեց ինձ՝ հանցակազմի բացակայության հիմքով: Նախաքննության մարմինը տեսել էր այն, ինչ իրեն ձեռք էր տվել: Նույնիսկ չէին դատակոչել դատարան այն վկաներին, ովքեր օբյեկտիվ ինֆորմացիա էին տվել: Պաշտպանիս՝ ՀՀ փաստաբանների պալատի անդամ Արա Զաքարյանի միջնորդությամբ նրանք դատակոչվեցին, տվեցին ցուցմունքներ այն մասին, ինչն իրականում տեղի էր ունեցել:

-Իրականում ի՞նչ էր տեղի ունեցել, այս հարցը տալիս եմ, երբ արդեն ավարտվել է դատաքննությունը:

-Տուժող ճանաչված Սվետլանա Թորոսյանը դիմել էր ոստիկանությանը, թե ես իրեն խաբել եմ: Գործում եղած փաստաթղթերն այլ բան էին ապացուցում: Այն, ինչի համար մեղադրում էր, պարտաճանաչ եւ սրբորեն կատարվել էր իմ կողմից: Գնացել էի Մոսկվա, բերել էի փաստաթուղթը՝ Սուրգուտի դատարանի վիճարկվող փաստաթուղթը: Այդ փաստաթուղթը հօգուտ Ս. Թորոսյանի չէր, բայց ես հասարակական կարգով շարունակել եմ նրան իրավական աջակցություն ցույց տալ:
Դիմել եմ Սուրգուտի դատախազին, կատարվել է նախաքննություն, եղածի մասին տեղեկացրել եմ Ս. Թորոսյանին, որը դարձյալ նրան չէր բավարարել: Նա էլ որոշել էր ինձնից պահանջել այն ճանապարհածախսի գումարը, որը տրամադրել էր ինձ, եւ ես հայտնվել էի Մոսկվայում: Ինձ վճարել էր միայն ճանապարհածախսը, բայց ոչ հոնորար, բայց ոչ ծառայությունների համար:

15 օրվա Մոսկվայում ապրելու ծախսն էր, իսկ ես ապրել էի 23 օր, քանի որ տվյալ դատավորն արձակուրդի մեջ էր, ստիպված եմ եղել մնալ այնտեղ:
Երբ տուժողը հավելյալ պահանջներ ներկայացրեց, տոկոսով գումարներ էր տվել, եւ այդ գումարները չէր կարողանում ստանալ, փորձում էր այդ հարաբերություններում ինձ օգտագործել, ես հրաժարվեցի, նա բողոքեց, ասելով՝ գումարս ետ տուր: Գնացել ես Մոսկվա, ոչ մի արդյունք էլ չկա, ասում էր նա: Ես ասացի՝ «գնա ինչ ուզում ես արա»:

Այդ գործընթացը տեւեց երկու տարուց ավելի: Բայց, փառք Աստծու, դատարանը կարողացավ համոզվել իմ ապացույցների ճշտության վրա:
-Իսկ նախաքննության ժամանակ մի՞թե նույն ապացույցները չեք ներկայացրել:
-Ինչ վերաբերում է նախաքննությանը, կա մի արատավոր պրակտիկա. ամեն մի գործ չբացահայտված չթողնելու, մեղադրանք հաստատելու… Նույնիսկ այն աստիճան, երբ որ տեսնում են իրականում գործը հիմնավոր չի եւ դա կարող է դատարանում փլվի, հոգեբանական ճնշումներ են գործադրում քո ընկերների, մտերիմների, հարազատների նկատմամբ:

-Եղե՞լ են այդպիսի ճնշումներ: Եվ որպես իրավապաշտպան՝ ինչո՞ւ չեք բարձրաձայնել այդ մասին առաջին-երկու դատական ատյաններում:

-Որոշ դեպքերում ես միշտ մտածել եմ, որ քրեական գործ է հարուցվել եւ այդ գործի շրջանակներից իրավապաշտպանը դուրս պիտի չգա, մինչեւ վերջ կգնամ՝ օրենքի ճանապարհով: Քանի որ ես ապացույցներ չունեմ, ինձ գալիս ասում էին՝ քննիչն ասել է, որ եթե մենք Մարոզյանին դատենք, դուք ընկերությո՞ւն եք անելու: Ֆեյսբուքով էլ եմ ստացել սպառնալիքներ, որոնք պահել եմ: Չեմ ձեռնարկել ոչինչ: Չեմ ճանաչում ովքեր են, կիսահեղինակություննե՞ր, չինովնիկնե՞ր: Բայց ես ոչ մեկին ոչ մի բան չեմ խնդրել, չեմ դիմել, անհրաժեշտություն չեմ զգացել, անցել եմ իրավապաշտպանի ճանապարհը ուղիղ, մինչեւ վերջ:

Արա Զաքարյանն էր իմ պաշտպանությունն իրականացրել, սկզբունքային մարդ: Նա դատարանում դիմելով դատախազին՝ բավական դիպուկ խոսքեր ասաց նրան, որ այս գործը ծայրից ծայր ռիսկային է կոռուպցիոն իմաստով եւ նման ապացույցների առկայության դեպքում քրեական գործ չպիտի հարուցվեր:
Ըստ իմ պաշտպանի ճառի՝ դատախազի բողոքը ծայրաստիճան վիրավորական բնույթի էր, հեռու իրավաբանությունից, շահարկվել էր անմեղության կանխավարկածը: Սա ինձ համար մի ճանապարհ էր, որը ես անցա, ինչպես անցնում են անմեղ դատապարտյալները: Որոշ բաներ մինչ այս չէի ընկալում, չէի պատկերացնում, բայց հիմա հետահայաց նայելով իմ գործին՝ հասկանում եմ, որ նախաքննության մարմինն ամեն բան անում էր, որպեսզի հաստատվի մեղադրական եզրակացությունը: Նրանք ոչ մի բանի առաջ կանգ չեն առնում:
Նպատակ էին հետապնդում.բարոյազրկել եւ մեկուսացնել, հոգեբանորեն թուլացնել, հասնելով ցանկալի արդյունքի: Բայց ես ամբողջ կյանքում եղել եմ արդար:

-Պարոն Մարոզյան, երբ ուժի մեջ է մտել Ձեր դատավճիռը, արդյոք, այս գործով կա՞ քաղհայցի պահանջ, փոխհատուցման խնդիր:

-Մեր հարցազրույցից հետո հանդիպելու եմ պաշտպանիս՝ Արա Զաքարյանին:
Պատրաստվում է քաղհայց մեր կողմից՝ պետության դեմ, իմ այս տարիների զրկանքների համար փոխհատուցման պահանջով: Ես անգամ ի վիճակի չեմ եղել փաստաբանի մատուցած ծառայությունների համար վճարել նրան, քանի որ 2,5 տարուց ավելի կրում եմ այս գործի հետեւանքները: Քիչ ժամանակ չի, հաշվարկները անպայման կարվեն, կհիմնավորվի ամեն բան:
Զրույցը՝
ՌՈՒԶԱՆ ՄԻՆԱՍՅԱՆԻ

«Առավոտ»

08. 07.2016

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031