Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Ֆրանսիայի դեսպանատունն ու էլիտիզմի հայկական տարբերակը

Հուլիս 09,2016 13:00

Արդեն չորս տարի է, ինչ բնակվում եմ արտերկրում։ Հայաստանը լքելու մի շարք պատճառներ եմ ունեցել, որոնցից մեկն ուսումս Հաագայում շարունակելն էր։ Հասարակագետները մեր երկրում պահանջված չեն, իսկ եթե նույնիսկ պահանջված էլ լինեին, ապա կլիներ մեկ այլ խոչընդոտ, որը հաղթահարելու փոխարեն կլքեի երկիրս ու կկիսեի աշխարհասփյուռ հայրենակիցներիս ճակատագիրը։ Ամեն ոք ինքն է ընտրում իր ուղին։

Խոսքս, սակայն, օտարության ու արտագաղթի մասին չէ։ Այս մասին թող խոսեն նրանք, ովքեր ամեն օր ականատես են լինում օդանավակայանում եւ ավտոկայաններում ճամպրուկներով երկիրը լքող հայ ընտանիքներին։ Ես՝ օտարականս, բարոյական իրավունք չունեմ որեւէ մեկին մեղադրելու կամ արդարացնելու, ինչպես նաեւ վերլուծելու այն երկրի տնտեսական կամ քաղաքական իրավիճակը, որից ինձ մնացել է միայն ՀՀ քաղաքացու անձնագիրը եւ մանկության հուշեր։

Հայաստանում են բնակվում, սակայն, թոշակառու ծնողներս, որոնց երկու տարի է՝ չեմ տեսել։ Ցանկանում եմ պատմել նրանց հիասթափության մասին՝ համոզված լինելով, որ շատերը գեթ մեկ անգամ իրենց կյանքում բախվել են նման խնդրի իրենց սեփական երկրում։ Խոսքս երկու տհաճ ու հուսահատեցնող երեւույթի մասին է՝ էլիտիզմի ու տարեց մարդկանց հանդեպ ունեցած արհամարհական վերաբերմունքի։ Առանց որեւէ երկրի կամ մեկ այլ կառույցի հետ համեմատականներ տանելով՝ կբերեմ ՀՀ-ում մեր բարեկամ Ֆրանսիայի դեսպանատան հյուպատոսական ծառայության օրինակը։

Արդեն հասկացաք, որ խոսքս դիվանագիտության, շենգենյան «բաղձալի» վիզայի, դեսպանատներում հերթ կանգնող, հաճախ՝ հուսադրված, հաճախ՝ հուսահատ մարդկանց մասին է, որոնց մի մասն իրենց կյանքի ձմռանն է մոտենում։ Հազարավոր մարդկային ճակատագրեր են որոշվում այս դիվանագիտական կառույցների ներսում. շատերը մեկընդմիշտ լքում են երկիրը՝ առավել բարեկեցիկ ապագայի հույսով, իսկ ոմանք էլ պարզապես ցանկանում են այցելել իրենց զավակներին ու գոնե մի քանի օր նրանց կողքին լինել։ Թերեւս դա էր տարեց ծնողներիս ամենամեծ ցանկությունը՝ տեսնել Ֆրանսիայում բնակվող իրենց դստերն ու նորածին թոռնուհուն՝ փոքրիկ Անահիտին, որին երբեք չեն գրկել։

Ֆրանսիայի դեսպանատան հյուպատոսական բաժնի բոլոր աշխատակիցները, այդ թվում՝ փոխդեսպանը, Հայաստանի քաղաքացիներ են։ Նրանք, այլ երկրի դիվանագիտական ներկայությունը ՀՀ-ում ապահովելուց բացի, ունեն մեկ այլ, թերեւս կանոնագրերում չամրագրված գործառույթ՝ ելքի վիզա հայցող քաղաքացիներին դասակարգել երկու խմբի՝ արժանահավատների եւ անարժանների՝ վերջիններիս դիմաց Եվրոպայի դռներն ընդմիշտ փակելով։ Նրանց «թեթեւ» ձեռքով է, որ շատ քաղաքացիներ (ինչպես, օրինակ, թոշակառու ծնողներս) երկրից մեկնելու արտոնագրի մերժում են ստանում՝ նույնիսկ պահանջված փաստաթղթերի եւ բավարար հիմքերի առկայության դեպքում։

Ինչեւէ, ինչպես արդեն նշեցի, հյուպատոսական բաժնի մեր հայ աշխատակիցներն իրենց համաքաղաքացիների նկատմամբ ցուցաբերում են յուրահատուկ վերաբերմունք՝ իրենց իրավունք վերապահելով լինել չափազանց կոպիտ, անպատասխանատու եւ, հետեւապես, չարաշահել իրենց պաշտոնը։ Ցանկանո՞ւմ եք համոզվել խոսքերումս. փորձեք զանգահարել հյուպատոսական ծառայություն։ Ձեզ կպատասխանի մի տիկին/օրիորդ, որի ձայնի ելեւէջներից անգամ հասկանալի է, որ նա ստիպված է պատասխանում ձեր հեռախոսազանգին. կարծես ճակատին ատրճանակ են դրել եւ ստիպում են, որ իր աշխատանքը կատարի, կամ էլ՝ տպավորություն է ստեղծվում, որ նա ավելի լուրջ ու կարեւոր գործով է զբաղված, իսկ դուք նրան խանգարում եք։

Ծնողներիս փաստաթղթերի հանձնման, այնուհետեւ՝ վիզայի մերժման հետ կապված հարցեր ունեի պարզելու. հետեւելով դեսպանատան կայքի տեղեկատվությանը՝ զանգահարեցի հյուպատոսական բաժին։ Երեք անգամ, կարծես միեւնույն սցենարով, դեսպանատան աշխատակցուհին կրկնեց միեւնույն նախադասությունը. «Տիկին, հարցերի դեպքում գրեք հյուպատոսին»։ Դրանից հետո լսափողը դրեց ցած, եւ ես այլեւս ի զորու չէի նույնիսկ մեկ բառ արտաբերել։

Տեսնելով, որ երկու շաբաթ է անցել, իսկ պարոն հյուպատոսը նամակներիս չի պատասխանում, ինձ օգնության եկավ ամուսինս, ով ազգությամբ ֆրանսիացի է։ Սարտրի, Դյումայի, Վեռլենի կախարդական լեզուն իր ազդեցությունն ունեցավ. հյուպատոսարանի աշխատակցուհին, թեեւ հոգնած ձայնով, սակայն պատասխանեց ամուսնուս բոլոր հարցերին՝ վերջում նրան բարի օր մաղթելով։ Այդ պահին խորը հիասթափություն եւ ցավ ապրեցի, որ ի զորու չեմ քանդել այդ անտեսանելի երկաթյա պատն իմ ու հայրենակցուհուս միջեւ. հավանաբար նա էլ ծնողներ ունի, նա էլ ինձ պես մարդ արարած է, սակայն իր մայրենի լեզվող խոսող անձանց հետ խնդիր ունի եւ գերադասում է պատասխանել օտարերկրյա քաղաքացու հարցերին։

Տեսնես ո՞րն է այս հայուհու խնդիրը։ Ինչո՞ւ է իր պարտականությունների մեջ թերանում, երբ գործ ունի իր համաքաղաքացու հետ։ Միգուցե սա զգուշության դրսեւորո՞ւմ է, հնարավոր է, չէ՞ որ, ասենք, հայերեն խոսող բոլոր անձինք նրա անդորրն են խաթարել, ստել կամ նեղացրել են նրան։ Սակայն այս պահին ստորացվողը ես էի, քանի որ արժանի չէի նրա ուշադրությանը, եվրոպացի չեմ, հայերեն եմ խոսում…

Ակամայից հիշեցի Վիկտոր Հյուգոյի «Թշվառներին». տեսնես, եթե նա մեր ժամանակների Հայաստանում ապրեր, ինչպե՞ս կնկարագրեր օտարության ճամփան բռնած հազարավոր հայերին, անապահով ընտանիքներին եւ պաշտոնյա, գործունակ, միջին դասին պատկանող նրանց հայրենակիցներին։ Լավ է, որ Հյուգոն հայ չէր ու հայերենով չէր գրում. հակառակ դեպքում քչերը կխոսեին նրա մասին, լուրջ չէին ընդունի նրա մտքերը, ու դեսպանատան աշխատակցուհիները նրան բարի օր չէին մաղթի։

Վերադառնամ ծնողներիս։ Նրանց ելքի վիզան մերժվեց։ Պատճառը հետեւյալն էր. հաշվի առնելով նրանց տարիքը եւ սոցիալական վիճակը (ծնողներս սեփական բիզնես չունեն, ընդամենը բնակարան ունեն Երեւանի արվարձաններից մեկում)՝ դեսպանատունը գտնում է, որ երկիրը լքելու նրանց մտադրությունը չի հաստատվել։ Սա, իհարկե, հյուպատոսարանի աշխատակցուհու սեփական որոշումը չէ։ Այդպիսին է կարգը։ Պետք է նաեւ հաշվի առնել ստեղծված աշխարհաքաղաքական իրավիճակը, օտարերկրացիների ներգաղթը դեպի Ֆրանսիա, հայ թոշակառուների տնտեսական ծանր պայմանները եւ այլն…

Ստացվում է, որ ծնողներս, լինելով ՀՀ քաղաքացիներ եւ հասնելով պատկառելի տարիքի, զրկվում են ազատ տեղաշարժման իրենց իրավունքից։ Ֆրանսիայի դեսպանատան համար նրանք արժանահավատ չեն՝ չնայած այն փաստին, որ ունեն բավականաչափ գումար այցի համար, ինքնաթիռի հետադարձ տոմս, հրավիրող կողմի բոլոր երաշխավորագրերը եւ բոլոր այն փաստաթղթերը, որոնք անհրաժեշտ են ընտանիքի անդամների կարճատեւ այցի համար։

Համեմատականներ եմ տանում ծնողներիս եւ մեր հարեւան ֆրանսիացի տարեց զույգի միջեւ. վերջիններս տարին երեք անգամ հանգստանալու են մեկնում իրենց թոռների եւ երկու փոքրիկ շնիկների հետ։ Ծնողներս իրենց ողջ կյանքում ծանր մտավոր աշխատանք են կատարել Հայաստանում, միշտ եղել են ազնիվ, օրինապաշտ, սակայն երբեք չեն ունեցել թե՛ ժամանակ, թե՛ հնարավորություններ ճամփորդելու, փոքր-ինչ կյանքը վայելելու համար, որովհետեւ պատերազմ էր, Սովետի փլուզում, դժվար ու ձիգ տարիներ՝ լի հիասթափություններով ու քաղաքական պայքարով։ Այժմ նրանց ժամանակն էր վայելելու իրենց հանգիստը Ֆրանսիայում բնակվող իրենց հարազատների հետ, սակայն Ֆրանսիան աննկուն է. այն պաշտպանվում է օտարազգիների տարափից…

Աննկուն Ֆրանսիան մի կողմ թողնեմ եւ վերադառնամ Գրիգոր Լուսավորչի փողոց, որտեղ խիստ ծանր պայմաններում աշխատում է հյուպատոսարանի անձնակազմը։ Ինչպես ասում էր Նիցշեն. «Ես քաղքենիությունը շատ ավելի եմ ատում, քան՝ մեղքը»։ Եթե ոչ քաղքենիություն, ապա ինչպե՞ս այլ կերպ կանվանեք այն պահվածքը, որը դեսպանատան աշխատակիցները դրսեւորում են հասարակ հայ մահկանացուի հանդեպ, ով կարող էր իր հայրը լինել։

Յոթանասունհինգամյա նախկին ինժեներ հայրս պատմում է.
– Հենց մտա դեսպանատուն, հասկացա, որ մեր բանը բուրդ է. պատուհանի այն կողմից ինձ ոտքից գլուխ ուսումնասիրող օրիորդը, առանց փաստաթղթերիս նայելու, վրա բերեց. «Հայրիկ ջան, ինչի՞ ես որոշել Ֆրանսիա գնալ»։

Չգիտեմ՝ կարդո՞ւմ է, արդյոք, ակնարկս դեսպանատան սույն աշխատակցուհին, թե ոչ, սակայն նրան ցանկանում եմ հորդորել այլ անձանց ծնողներին «հայրիկ» չանվանել. միայն ես կարող եմ հորս դիմել այդպես։ Արդյոք ֆրանսերենով նույն կերպ կդիմե՞ր տարեց մարդու, թե՞ կօգտագործեր «մսյո» կամ «պարոն» բառը։ Եթե նույն կերպ դիմեր որեւէ ֆրանսիացու, ապա վերջինս կկարծեր, որ աղջիկը զառանցում է։ Դիվանագիտական եւ ոչ մի ձեռնարկում չկա «հայրիկ» բառը։ Հարկ չեմ համարում նույնիսկ նշել, որ օրիորդը պարզապես չբարեհաճեց հորս «դուք»-ով դիմել. հավանաբար դրա համար հատուկ արժանիքներ պետք է ունենալ։
Այսպիսին էր դեսպանատան վերաբերմունքը տարեց հայ զույգի նկատմամբ, սակայն նման դեպքերը շատ են։ Խնդիրը հայ-ֆրանսիական հարաբերությունները կամ միջազգային լարվածությունը չէ։ Սա բարդույթ է, որով շատերն են տառապում. երբեմն մենք՝ երիտասարդներս, վախենում ենք ծերությունից եւ աղքատությունից՝ այսպիսով պատնեշ ստեղծելով մեր եւ տարեց մարդկանց միջեւ։

Սակայն որոշ հասարակություններում տարեց մարդիկ դեռեւս վայելում են հարգանք եւ արժանապատիվ վերաբերմունքի են արժանանում։ Ցավում եմ, որ հայ հասարակության մեջ խելացի, տաղանդավոր եւ աշխատասեր երիտասարդների կողքին ապրում են նման էլիտիստներ, ովքեր, սակայն, ունեն պաշտոն եւ որոշիչ դեր հասարակությունում։ Ցավալի է նաեւ, որ որոշակի տարիքի հասնելով՝ մարդը դառնում է ավելորդ հասարակության համար, անօգնական ու անկարող պաշտպանելու սեփական իրավունքները։ Ոչինչ չի կարող արդարացնել նմանատիպ վերաբերմունքն այլ անձի նկատմամբ՝ անկախ նրա տարիքից եւ հասարակական դիրքից։ Չեմ ցանկանում հավատալ, որ հայի տեսակի մեջ մարում է մեծի նկատմամբ հարգանքն ու մարդկային վերաբերմունքը։ Թող որ սրանք եզակի դեպքեր լինեն։ Թող որ համապատասխան անձինք հետեւություններ անեն։ Թող որ ոչ մի հայ նման վերաբերմունքի չարժանանա աշխարհի եւ ոչ մի անկյունում…
ԶԱՐՈՒՀԻ ՇՈՒՇԱՆՅԱՆ

Պատրաստ ենք տպագրել նաեւ Ֆրանսիական դեսպանատան տեսակետը:

 

«Առավոտ»

  1. 07.2016

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Մանվել says:

    Ընթերցեցի և անձայն Լացեցի: Սա իրականությունն է: և մեղավորը Ֆրանսիսյի դեսպանատունը չէ: Ինձ մի անգամ մերժեցին բուլղարիա գնալ: Այս ամենը գալիս է մեր պետության վարկից:

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031