Հուլիսի 8-ին «Կոնգրես» հյուրանոցում ընդունելություն էր կազմակերպվել՝ նվիրված Արգենտինայի Անկախության 200-րդ տարեդարձին:
Միջոցառման ժամանակ հնչեցին ՀՀ եւ Արգենտինայի օրհներգերը, ապա ողջույնի խոսք ասաց Հայաստանում Արգենտինայի արտակարգ եւ լիազոր դեսպան Գոնզալո Ուրրիոլաբեիտիան: Դեսպանը կարեւորեց հայ-արգենտինական կապերը տարբեր ոլորտներում, անդրադարձավ նաեւ արգենտինահայ հզոր համայնքին:
Պարոն Ուրրիոլաբեիտիան նշեց, որ 200 տարի առաջ իրենք որոշեցին այլեւս գաղութ չլինել ու ահա արդեն տոնում են անկախության երկրորդ դարը:
Հավելենք, որ Հայաստանի Հանրապետության եւ Արգենտինայի միջեւ դիվանագիտական հարաբերությունները հաստատվել են 1992թ. հունվարի 17-ից: 1993 թվականից Բուենոս Այրեսում գործում է Հայաստանի Հանրապետության դեսպանությունը:
Ի դեպ, Արգենտինան 2007թ. Հայոց Ցեղասպանությունը ճանաչել է օրենքի ուժով:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ