Մինչեւ հունիսի 30-ը ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովը ընտրությունների անցկացման մասնագիտական դասընթացներին մասնակցելու դիմումներ է ստացել հետեւյալ կուսակցություններից:
«Ազատություն» կուսակցությունից ՝ 7 քաղաքացի, ԲՀԿ-ից ՝5764, «Ժառանգությունից»՝ 2696, «Լուսավոր Հայաստանից» ՝ 36, ՀԱԿ-ից՝ 1936, ՀԺԿ-ից՝ 367, ՀՀԿ-ից՝ 26 385, «Համախմբում» կուսակցությունից՝ 302, ՀՅԴ-ից՝ 3320, «Հայկական վերածնունդ» կուսակցությունից՝ 4124, «Ռամկավար ազատական» կուսակցությունից՝ 9 եւ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունից՝ 156:
«Քաղաքացիական պայմանագիրն» ավելի վաղ ներկայացրել էր 2017-ի խորհրդարանական ընտրություններին ընդառաջ «6000 վստահված անձ» նախագծի իրագործման մասին ծրագիրը: Կուսակցության անդամները նախատեսել էին 6000 անձի հավաքագրում, դասընթացներ նրանց հետ եւ ընտրությունների օրը Հանրապետության շուրջ 2000 տեղամասերում 3-ական վստահված անձի ապահովում:
Aravot.am-ը կուսակցության վարչության նախագահ Արայիկ Հարությունյանից հետաքրքրվեց՝ խոչընդոտներ ունե՞ն իրենց նախագծի իրականացման հարցում՝ հաշվի առնելով ԿԸՀ ներկայացրած իրենց հայտերի թվաքանակը:
Կարդացեք նաև
«ԿԸՀ-ն մի փուլով չի անցկացնում այդ դասընթացները: Ամառվա դասընթացներին մասնակցելու համար ունենք դասընթացին մասնակցելու մոտ 160 հայտ: Բացի այդ՝ ունենք մի քանի հարյուր մարդ, որոնք նախորդ դասընթացների ժամանակ հայտեր են ներկայացրել ու լիցենզիաներ ունեն, իսկ այդ լիցենզիաները հաջորդ ՏԻՄ ընտրությունների ժամանակ գործելու են: Այն քանակությամբ, որ քանակությամբ ՏԻՄ ընտրություններ կան ու որտեղ կարող ենք տեղեր ստանալ (իսկ «Քաղաքացիական պայմանագիրը» խորհրդարանական խմբակցություն չունի, հետեւաբար հանձնաժողովներում տեղեր էլ չունի), մենք մեր գործընկերների հետ քննարկումներ ենք ունեցել ու պատկերացրել ենք, որ կարող ենք մինչեւ 200 հանձնաժողովի անդամ ունենալ այս պահին: Մտադիր ենք լիցենզավորված հանձնաժողովականներ ունենալ մինչեւ հաջորդ տարվա ապրիլը: Իսկ երբ կլինենք խորհրդարանում, ապա ամեն հաջորդ համապետական ընտրությունների եւ հանրաքվեների ժամանակ պետք է 2000 լիցենզավորված անդամ ունենանք: Այս թիվը 6000-ի հետ կապ չունի, որովհետեւ 6000-ը առանց լիցենզիայի են գտնվելու ընտրական տեղամասերում, նրանք լինելու են վստահված անձ, դիտորդներ: Մենք կարող էինք ընդհանրապես այդ լիցենզիայի ու դասընթացների համար որեւէ մեկին չներկայացնել, որովհետեւ մենք խորհրդարանական խմբակցություն չունենք»,- ասաց Արայիկ Հարությունյանը:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ