Հուլիսի 8-12-ը Հայաստանում կանցկացվի հայ-իրանական «Խաղաղություն և բարեկամություն» միջազգային մանկապատանեկան փառատոնը: Մեկնարկը տրվեց այսօր Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանում:
10-15 տարեկան հայաստանցի և իրանցի երեխաներ Երևանում ու Ծաղկաձորում իրենց հմտությունները ցույց կտան նկարչության, ասմունքի, երգի, օրիգամիի, թատերական, տիկնիկային արվեստների մեջ: Երկու երկրների երեխաները կլինեն Հայաստանի տեսարժան վայրերում, կծանոթանան մեր պատմամշակութային ժառանգությանը, կմասնակցեն վարպետության դասերի:
«Այսօրինակ միջոցառումները շատ կարևոր են ցանկացած երկրի վաղվա օրը ձևավորելու համար, քանի որ հենց երեխաների կրթության ու զարգացման գործում ներդրած ավանդն է ապահովելու լուսավոր ու խոստումնալից ապագա»,- լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀ-ում Իրանի դեսպանության մշակույթի կենտրոնի տնօրեն Մաջիդ Մեշքին:
Նրա խոսքով՝ այս փառատոնը հայ և իրանցի ժողովուրդների բարեկամության գրավականներից մեկն է. «Այն խաղաղության պատգամի փոխանցումն է մեր ապագա սերունդներին»,- ընդգծեց Մաջիդ Մեշքին:
Նկատենք, որ մանկապատանեկան փառատոնի հիմքը դրվել է դեռ նախորդ տարի, երբ քառասուն հայ փոքրիկներ այցելել են Իրան ու ծանոթացել այդ երկրի մշակույթին:
Այս տարի փոխադարձ այցով Հայաստանում են իրանցի քսան փոքրիկներ, որոնց ուղեկցում են ինը ուսուցիչներ:
«Իրանի հետ մեր մշակութային համագործակցությունը վերջին շրջանում բավական ակտիվացել է,- նշեց ՀՀ մշակույթի նախարարի տեղակալ Ներսես Տեր-Վարդանյանը,- այսօրինակ ծրագրերն իսկապես կարևոր են, քանի որ բարեկամության հիմքը դրվում է հենց մանկապատանեկան տարիքում՝ երեխաների միջև մարդկային շփումների ու ընկերության շնորհիվ»:
Հավելենք, որ «Խաղաղություն և բարեկամություն» միջազգային մանկապատանեկան փառատոնն անցկացնում են Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանն ու Իրանի «Մանուկ և խաղաղություն» ինստիտուտը՝ ՀՀ մշակույթի նախարարության, ՀՀ-ում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանության մշակույթի կենտրոնի աջակցությամբ:
Սիրանուշ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ