Լրահոս
Օրվա լրահոսը

Բակո Սահակյան. 2019թ. Արցախում Համահայկական 7-րդ ամառային խաղերի անցկացումը պատմական իրադարձություն է

Հուլիս 08,2016 21:03

Այսօր՝ հուլիսի 8-ին, Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանն ընդունել է Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտեի նախագահ Իշխան Զաքարյանին, ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Գաբրիել Ղազարյանին, ՀԽՀԿ գործկոմի անդամների և Համահայկական խաղերի կազմակերպման և անցկացման աշխատանքները համակարգող պատասխանատուների: Հանդիպմանը ներկա են եղել Արցախի Հանրապետության ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը, վարչապետ Արայիկ Հարությունյանը, պաշտոնատար այլ անձինք:

Հանդիպմանն Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը նշել է, որ 2019 թվականին հայ ժողովրդի հայրենիքի արցախյան հատվածում Համահայկական 7-րդ ամառային խաղերի անցկացումը ներկայիս բարդ շրջանում խիստ պահանջված պատմական իրադարձություն է։

ՀԽՀԿ նախագահ Իշխան Զաքարյանը շեշտել է, որ այս որոշումն ընդունվել է Գործադիր կոմիտեի անդամների կողմից միաձայն, ինչը լավագույն կերպով արտացոլում է կազմակերպության հիմնական նպատակը՝ ուղղված Հայաստան-Արցախ-Սփյուռք եռամիասնության ամրապնդմանը:

Նախագահ Սահակյանը կարևորել է Համահայկական խաղերի անցկացումն Արցախում՝ մարզամշակութային կյանքի զարգացման և համահայկական կարևորություն ունեցող կապերի ամրապնդման տեսանկյուններից՝ ընդգծելով, որ կարվի հնարավորը խաղերն ամենաբարձր մակարդակով կազմակերպելու ուղղությամբ:

Այնուհետև քննարկվել են Համահայկական 7-րդ ամառային խաղերի անցկացմանն առնչվող կազմակերպչական հարցեր։ Պարոն Զաքարյանը ներկայացրել է կատարվելիք աշխատանքների հիմնական առանձնահատկությունները, դրանց հետ կապված խնդիրները և առաջնային լուծում պահանջող հարցերը։

Նախագահ Բակո Սահակյանը շնորհակալություն է հայտնել Արցախին ընձեռնված հնարավորության համար և շեշտել, որ Համահայկական 7-րդ ամառային խաղերի անցկացումը, հատկապես կարևոր է ազգային անվտանգության և միջազգային հեղինակության առումով, քանի որ այն ցույց կտա ողջ աշխարհին իրական Արցախն ու արցախցուն։ Հանդիպման ավարտին պայմանավորվածություն է ձեռք բերվել Արցախի իշխանությունների հետ շրջայցերի միջոցով մարզական կառույցների վիճակին ծանոթանալու և ստացված տվյալները միասին ամփոփելու վերաբերյալ։

Հանդիպումից անմիջապես հետո Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտեի պատվիրակությունն Իշխան Զաքարյանի գլխավորությամբ շրջայց է կատարել Ստեփանակերտի և Շուշիի ուսումնական հաստատություններում տեղակայված մարզական կառույցներով՝ պայմաններին ծանոթանալու նպատակով։

Հուլիսի 9-ից շրջայցեր կկատարվեն նաև Արցախի մյուս քաղաքներում ևս։

Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտեի մամլո ծառայություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031