«70-ական թվականներին Սովետական միությունում երեք արտագաղթային շարժում կար, որոնցից մեկը հայերն էին: Մնացած երկուսը գերմանացիները եւ հրեաներն էին»,-Aravot..am-ի հետ զրույցում ասաց բանաստեղծ Տիգրան Պասկեւիչյանը: Այսօր «Հոդված 3» ակումբում տեղի ունեցավ նրա եւ Սաթենիկ Ֆարամազյանի հեղինակած ֆիլմի ցուցադրությունը, որը 1945-ից մինչեւ 49 թվականն ընկած ժամանակահատվածում հայրենադարձության մասին է:
Տիգրան Պասկեւիչյանի խոսքերով, 2010 թվականին սկսել են մի նախագիծ, որը կոչվում է «Դարձ ի շրջանս յուր»: Սկզբում ֆիլմի հեղինակները ծրագրել են հայրենադարձության մասին մեկ ֆիլմ նկարել, հետո, երբ նյութն ուսումնասիրել են, հասկացել են, որ մեկ ֆիլմով չեն սահմանափակվի:
Այսօրվա ֆիլմը վերնագրված էր «Անծանոթ իմ հայրենիք»:
Կարդացեք նաև
Թե ինչու հենց 1945-ից սկսած, որովհետեւ, ըստ ֆիլմի հեղինակների, այդ ժամանակ հայրենադարձությունն ուներ պատմական շատ լուրջ նախադրյալներ:
«90 հազար հայ եկան Սովետական միություն: Նրանց տեղեկությունը միայն այն էր, որ Սովետմիությունը հաղթել է ֆաշիզմին: Այդ ժամանակ Սովետական միության վարկը աշխարհում շատ բարձր էր»,-այս տողերով է սկսվում ֆիմի նախաբանը: Նշենք, որ այն փաստավավերագրական է եւ հիմնված է լուսանկարների, արխիվային փաստաթղթերի ու կինոքրոնիկայի վրա:
Տիգրան Պասկեւիչյանն ասաց, որ երկրորդ ֆիլմն էլ է պատրաստ, որը կոչվում է «Օ~ հայրենիք սառն ու անուշ»:
«Վահան Տերյանի տողի ձեւակերպումն է, «դառն ու անուշը» դարձել է «սառն ու անուշ, որովհետեւ պատմում է 46-ից մինչեւ 56 թվականները հայրենադարձների նկատմամբ եղած քաղաքական հալածանքների մասին: Այսինքն` դա եւ փախուստներ են , որ մարդիկ փախուստի փորձեր էին անում բռնվում էին, որովհետեւ ի՞նչու էին փախուստի փորձեր անում, որովհետեւ չգիտեին, որ գալով այս երկիր այլեւս իրավունք չէին ունենալու դուրս գալ երկրից եւ բռնաճնշումներն էին ենթարկվում»,-ասաց Տիգրան Պասկեւիչյանը:
Ըստ նրա, երկրորդ ֆիլմի մի ամբողջ կտոր նվիրված է 1949 թվականի հունիսի 13-14-ի գիշերվա զանգվածային աքսորին, որի ընթացքում ոչ միայն հայրենադարձներն աքսորվեցին. «Այդ թվականին աքսորվեց 13 հազար մարդ, որից մոտ 14 տոկոսը հայրենադարձներ էին»:
3-րդ ֆիլմը նվիրված է լինելու արտագաղթին: Ինչպես մեզ հետ զրույցում պատմեց պարոն Պասկեւիչյանը, այդ մարդիկ գալով Հայաստան եւ տեսնելով այդ քաղաքական ճնշումները, ստալինիզմի ավարտից հետո, նրանցից շատերը կրկին բռնել են արտագաղթի ճամփան: Ֆրանսահայերը Ֆրանսիա են վերադարձել, ամերիկահայերը` ԱՄՆ, իսկ մյուսները, որոնք Սիրիայից, Լիբանանից եւ այլ երկրներից էին եկել, կրկին հիմնականում ԱՄՆ են արտագաղթել:
Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ