Մի խումբ քաղաքացիներ ուրբաթ՝ հուլիսի 8-ին, Ազատության հրապարակից «Էռնեկյան հանցագործ» գրություններով երթով շարժվեցին դեպի Արգենտինայի դեսպանատուն: Երթի մասնակիցները իրենց բողոքի ձայնն էին բարձրացնում ընդդեմ «Զվարթնոց» շենքի պատմական մասնաշենքի քանդման աշխատանքների:
Ցուցարարները ցանկանում են դեսպանատան միջոցով դիմել Արգենտինայի դատախազություն, որպեսզի կարողանան հասկանալ, թե ինչ հիմունքներով է Էդուարդո Էռնեկյանը իրականացնում «Զվարթնոց» օդանավակայանի մասնաշենքի կառավարումը Հայաստանում:
Երթին մասնակցում էին ճարտարապետներ Անահիտ Թարխանյանը, Սաշուր Քալաշյանը: Ցուցարարները Ազատության հրապարակից Սայաթ Նովայի պողոտայով քայլեցին դեպի դեսպանատուն:
Կարդացեք նաև
Ճանապարհին միջադեպ եղավ ցուցարարների եւ երթն ուղեկցող ոստիկանների միջեւ. վերջիններս հորդորում էին մայթով քայլել, իսկ ցուցարարները հրաժարվում էին: Սակայն, այդ տարաձայնությունները շուտով հարթվեցին. ոստիկանները թույլատրեցին ցուցարարների իրենց բողոքի ցույցը կատարել երթեւեկելի գոտում:
Դեսպանատուն թույլ տվեցին մտնել միայն Անահիտ Թարխանյանին, վերջինս դուրս գալով շենքից լրագրողներին հայտնեց, որ իրեն դիմավորել է դեսպանատան ներկայացուցիչ Գուստավո Մերլոն: Վերջինս խնդրել է ներկայացված փաստաթղթերը պատճենահանել եւ ներկայացնել դեսպանատուն, եւ իրենք կուղարկեն Արգենտինայի դատախազություն. «Ես ինչքան հասկացա, իրենց համար դա անսպասելի մի օր էր եւ իրադարձություն էր: Բայց դրա հետ միասին ամենալավ եւ ամենադրացիական հարաբերություններով եւ վերաբերմունքով ընդունեցին փաթեթը»:
Անահիտ Թարխանյանը առաջիկա օրերին անհրաժեշտ փաստաթղթերը կներկայացնի դեսպանատուն: Հարցին, թե որոնք են նախաձեռնության հետագա քայլերը, նա դժվարացավ պատասխանել՝ ասելով, որ դրանք կախված կլինեն պատասխանից եւ պետական մարմինների արձագանքներից:
Ամի ՉԻՉԱԿՅԱՆ