Երևանի զարգացման 2016 թվականի ծրագրի շրջանակում Նոր Նորքում իրականացվող աշխատանքներին քաղաքապետ Տարոն Մարգարյանը հետևել է վարչական շրջան կատարած աշխատանքային այցի ընթացքում: Վարչական շրջանի ղեկավարի ուղեկցությամբ քաղաքապետն այցելել է Գյուրջյան 5 և 9 շենքերի հարակից տարածք, որտեղ շահագործման է հանձնվել մայրաքաղաքի հերթական բարեկարգ բակը: Օգտվելով առիթից՝ բակի բնակիչներն իրենց գոհունակությունն են փոխանցել քաղաքապետ Տարոն Մարգարյանին` ընդգծելով, որ անհամբերությամբ են սպասել աշխատանքների ավարտին ու բարեկարգ բակ ունենալուն: Քաղաքապետն էլ իր հերթին շնորհավորել է բնակիչներին և վստահեցրել, որ բակերի բարեկարգման ծրագիրը կլինի շարունակական այնքան ժամանակ, մինչև Երևանի բոլոր բակերը բնակիչների համար դառնան լիարժեք հարմարավետ: Երևանի քաղաքապետը նաև խորհրդանշական եղևնի է տնկել նորակառույց բակում:
Աշխատանքային այցի շրջանակում քաղաքապետ Տարոն Մարգարյանն այցելել է նաև Ռուդոլֆ Կարապետյանի անվան 5/3 մարզադպրոց և Աշոտ Ղուլյանի անվան մանկապատանեկան ստեղծագործական կենտրոն: Երևանի քաղաքապետարանի տարեկան ծրագրով մարզական և մշակութային օջախներն ամբողջությամբ նորոգվում են: Կարևորելով ծրագրի իրականացումը՝ ստեղծագործական կենտրոնի տնօրենը նշել է, որ նորոգումից հետո մշակութային օջախն արդեն հարմարավետ պայմաններով ապահովված իր դռները կբացի սաների առջև, ինչը երկար սպասված է եղել նաև նրանց համար:
Առանձնակի կարևորելով մայրաքաղաքի մարզադպրոցների հիմնանորոգմանն ուղղված ծրագրերի կյանքի կոչումը՝ մարզադպրոցի տնօրենն էլ նկատել է, որ քաղաքապետարանի որդեգրած հստակ քաղաքականությունն իր կարևոր դերակատարումը կունենա ոլորտի զարգացման ու մայրաքաղաքում սպորտային կյանքն էլ ավելի աշխուժացնելու հարցում:
Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն