Ազատության հրապարակում մի խումբ քաղաքացիներ հավաքվել էին իրենց բողոքի ձայն արտահայտելու ընդդեմ «Զվարթնոց» շենքի պատմական մասնաշենքի քանդման աշխատանքների:
Անդրիաս Ղուկասյանը իր ելույթի ընթացքում հայտարարեց, թե տասներեք տարի առաջ հուլիսի 8-ին արգենտինական դատարանը վճռել է ձերբակալել Էդուարդո Էռնեկյանին՝ հարկերից խուսափելու համար. «Միաժամանակ այս տարիներին Հայաստանում կնքվեց մի գործարք, որը աննախադեպ էր. այդ գործարքով մի կողմը պարտավորվեց կատարել բազմաթիվ քայլեր՝ հարմարություններ ստեղծելու համար մյուս կողմի համար, մյուս կողմն իր վրա ոչ մի պարտավորություն չստանձնեց: Ըստ Հայաստանի կառավարության եւ Էդուարդո Էռնեկյանին պատկանող ընկերության միջեւ կնքված պայմանագրի, Հայաստանի կառավարությունը պարտավորվել է նույնիսկ օրենքներ փոխել Հայաստանում: Այսինքն՝ գործադիր իշխանությունը իր վրա վերցրել է պարտավորություն մասնավոր ընկերության հետ պայմանագրով երկրում փոխել օրենքներ՝ ազդել օրենսդիր իշխանության վրա: Այդ ամենը չէր կարող կատարվել հենց այնպես»:
Ըստ Անդրիաս Ղուկասյանի, Հայաստանի Հանրապետության երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը ստեղծված իրավիճակի պատասխանատուներից մեկն է. նա է կնքել այդ պայմանագիրը: Նա այդ պայմանագիրը շինծու անվանեց. «Եվ ես վստահ եմ՝ նա ունի կոռուպցիոն ռիսկեր եւ թաքնված շահեր այս գործարքի հետ կապված: Եվ դա է բացատրությունը, թե ինչու է Էռնեկյանը Հայաստանում ինչ ուզում անում է. ուզում է քանդել՝ քանդում է, ուզում է՝ բարձր գներ սահմանել՝ սահմանում է, եւ ոչ մեկ որեւէ հարց այդ ընկերության առջեւ, այդ անձի առջեւ չեն դնում»:
Կարդացեք նաև
Ամի ՉԻՉԱԿՅԱՆ