Ճարտարապետ Սաշուր Քալաշյանը եւս մասնակցում էր հուլիսի 8-ին կազմակերպած բողոքի ցույցին ընդդեմ «Զվարթնոց» շենքի պատմական մասնաշենքի քանդման աշխատանքների:
Նա լրագրողների հետ զրույցում ասաց, որ անկախ բիզնես ծրագրերից անկախ օդանավակայանի շահագործման խնդիրներից «Զվարթնոց» օդանավակայանը որպես մշակութային արժեք ճանաչում է ստացել ոչ միայն Հայաստանում, այլ նաեւ Հայաստանից դուրս. «Միջազգային ատյաններում այն ճանաչվել է 20-րդ դարի Հայաստանի եւ առհասարակ Սովետական շրջանի ճարտարապետության լավագույն գործերից մեկը: Բազմիցս միջազգային կառույցները դիմել են նաեւ մեր կառավարությանը, որպեսզի կառավարությունը հոգատարություն տանի այդ հուշարձանի պահպանման վերաբերյալ: Կառավարությունը միշտ դրական պատասխան է տվել, որ հոգատարություն կտանի, բայց մենք տեսնում ենք, թե այդ հոգատարությունը ինչ արժեք ունի. սին խոսքեր են, դատարկ խոսքեր են, եւ մեկը մյուսի հետեւից մեր մշակութային արժեքները ոչնչացվում են»:
Սաշուր Քալաշյանը ընդգծեց, որ «Զվարթնոց» օդանավակայանի պատմական մասնաշենքի համար պայքարը շատ տեւական է. «Մենք՝ ճարտարապետներս, միշտ աշխատել ենք բարձրաձայնել այդ խնդիրը թե՛ հանրության առջեւ, թե՛ կառավարության անդամների առջեւ, բայց ապարդյուն: Ես չեմ տեսնում, որ ցույցի մակարդակով մենք կարող ենք հասնել որեւէ արդյունքի: Պետք է ուղղակի թիմ ստեղծել Մաշտոցի պուրակի նման, գնալ կանգնել այդտեղ, հերթապահություն անել եւ չթողնել, որ շինարարություն կատարվի: Ես ուրիշ ելք չեմ տեսնում»:
Ամի ՉԻՉԱԿՅԱՆ