Այսօր «Այբ» դպրոցում անցկացվեց Ռոբոտների համաշխարհային օլիմպիադայի ազգային փուլը: Հայաստանն առաջին անգամ է մասնակցում այս մրցույթին: Ազգային փուլը կազմակերպել է « Այբ» կրթական հիմնադրամը:
Մրցույթին մասնակցում են Հայաստանի տարբեր դպրոցներից 9 թիմ:
Այս տարի Ռոբոտների համաշխարհային օլիմպիադան անցնում է «Պայքարիր թափոնների դեմ» կարգախոսի ներքո: Ռոբոտները պետք է օգնեն երեխային մաքրություն անել դեպի դպրոց ճանապարհի ողջ ընթացքում, հավաքեն անպիտան աղբն ու լցնեն աղբամշակման տեսակավորված արկղերի մեջ և կատարեն նմանատիպ այլ առաջադրանքներ:
Կարդացեք նաև
«Այբ» կրթական հիմնադրամի մրցութային բաժնի աշխատակից, Ռոբոտների համաշխարհային օլիմպիադայի համակարգող Հովհաննես Մուրադյանը Aravot.am-ի հետ զրույցում նշեց, որ ռոբոտների համաշխարհային օլիմպիադան անցկացվում է 2004 թ-ից: Այս տարի կա 54 մասնակից երկիր, որոնցից մեկը Հայաստանն է.« Մրցում են տարբեր տարիքային խմբեր, բաց առաջնություն ունենք, յուրաքանչյուր թիմ նախապես ընտրում է առաջադրանքը: Հունվարին առաջադրանքներն արդեն հրապարակված են եղել, ժամանակ է տրվել, որ պատրաստվեն: Եղել են նախապատրաստական օրեր,թիմերին հնարավորություն է տրվել մրցութային դաշտում փորձարկել ռոբոտները»:
Հովհաննեսը կարծում է, այն թիմը, որ կհաղթի և կմեկնի Դելի, հաղթանակի մեծ հնարավորություններ կունենա, քանի որ թիմերն աշխատել են քրտնաջան և այսօր հիանալի արդյունքներ են ցույց տալիս:
Դիլիջանի կենտրոնական դպրոցի թիմի անդամ Հայկ Խաչիկյանը շատ է պատրաստել ռոբոտներ, բայց թիմային առաջին ռոբոտն է սա.« Մեր ռոբոտի ֆունկցիան աղբ հավաքելն ու վերամշակման գործարան տանելն է»:
Հայկի կարծիքով ռոբոտ պատրաստելու համար առաջին հերթին պետք է ունենալ էնտուզիազմ. «Պետք է ունենաս նպատակ, թե ինչ պետք է անի ռոբոտը և ծրագիրը պետք է ունենաս: Ես ինքս էլի եմ պատրաստել: Տանն էլ ունեմ պատրաստած հենց այս ռոբոտից: Ունեմ ռոբոտ, որ հավաքում է «Ռուբիկ-կուբիկ»-ը բավականին կարճ ժամանակում՝ մոտավորապես մեկ րոպե: Կամ օրինակ` ռոբոտ, որ կարողանում է առանձնացնել աղբի տեսակները»:
Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի ավագ դպրոցի թիմը մասնակցում է բաց առաջնությանը: Թիմի անդամներ Սերյոժա Մխոյանը և Վարդան Մեյմարյանը պատմեցին,որ իրենց ռոբոտը պատրաստված է պլաստմասե շշերը և թուղթը վերամշակելու համար.« Նա ստանում է մաքուր թուղթ և պլաստմասե շերտեր: Աղբը նվազեցնելու, միջավայրը մաքրելու համար է այս ռոբոտը: Սա մեր առաջին ռոբոտը չէ: Բայց սա նախորդներից ավելի լուրջ ծրագիր է: Անցածների վրա մենք սովորում էինք»:
Մանրամասները` տեսանյութում:
Մրցույթի ամենափոքր մասնակիցները «Այբ» դպրոցի տարրական դասարանի աշակերտներն են: Խմբի անդամ Դավիթ Շիրիկյանը Aravot.am-ի հետ զրույցում ասաց, որ բաղկացած է թիմը երեք հոգուց և կոչվում է «Կայծակ». «Մեր ռոբոտը պետք է հավաքի բոլոր կարմիր կուբիկիները և կարմիրի փոխարեն դնի կապույտ և գնա նախատեսված տեղում կանգնի: Արդեն փորձարկել ենք ռոբոտը, ցույց տվեց 95 արդյունք, քանի որ մի փոքր սխալ արեց: Բայց կարծում ենք, որ կհաղթենք»:
Թիմերը նախ մրցեցին նախընտրական փուլերում, որից հետո շարունակեցին պայքարը եզրափակչում:
Նշենք, որ ռոբոտների համաշխարհային օլիմպիադայի ազգային փուլում հաղթած թիմը նոյեմբերին կմեկնի Դելի՝ մասնակցելու միջազգային փուլին և ներկայացնելու Հայաստանը:
Արփի ԿԻՐԱԿՈՍՅԱՆ