«Ես եւ Ստեփան Դեմիրճյանը չենք մասնակցել քվեարկությանը, որովհետեւ վերջնական բանաձեւում կային այնպիսի ձեւակերպումներ, որոնք կոնկրետ ԼՂՀ հարցի հետ չեն հատվում, կապված են Ղրիմի, Աբխազիայի, Օսեթիայի հետ, ռուս-ուկրաինական հարաբերությունների հետ, որոնք իմ կարծիքով ԼՂՀ հարցի համար այնքան էլ բարենպաստ միջավայր չեն ստեղծի: Դրանք կարող են նախադեպ դառնալ»,-Aravot.am-ի հետ զրույցում այսպես պարզաբանեց ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի հայաստանյան պատվիրակության անդամ Միքայել Մելքումյանը`մեր պատվիրակության կեցվածքը:
Թբիլիսիում հուլիսի 5-ին ընդունված ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի մի քանի էական հայանպաստ կետեր կան։ Դրանում մտահոգություն է հայտնվել Լեռնային Ղարաբաղում իրավիճակի սրացման առնչությամբ, ԵԱՀԿ ԽՎ-ի պատգամավորները ողջունել են «ԵԱՀԿ տարածքում ձգձգվող հակամարտությունների քաղաքական լուծման ուղղությամբ բանակցությունների ձևաչափերի և մեխանիզմների հաստատման նպատակով ԵԱՀԿ նախագահության ակտիվ մասնակցությունը»։
Փաստաթղթում նաև կոչ է արվում խորհրդարանականներին՝ «դրդել բոլոր կողմերին ցուցաբերել քաղաքական կամք՝ լուրջ ջանքեր կատարելու վստահության միջոցների ամրապնդման ուղղությամբ՝ նվազեցնելու ԼՂ հակամարտության գոտում ռազմական գործողությունների ռիսկը և ՄԽ շրջանակում հասնելու կարգավորման համընդգրկուն համաձայնագրի»։
Այս փաստաթղթին հայկական պատվիրակությունը «դեմ» է քվեարկել։ Որոշ վերլուծաբանների կարծիքով Հայաստանն այս անգամ էլ թողնելով սեփական շահը`հետեւել է ՌԴ-ի օրինակին: ՌԴ պատվիրակությունը «դեմ» է քվեարկել հռչակագրին, քանի որ դրանում խիստ քննադատություն կա ուղղված ՌԴ-ին եւ կոչ` զերծ մնալ Աբխազիայի և Հարավային Օսիայի ճանաչման, ինչպես նաև՝ Ղրիմի միավորման գործընթացից:
Կարդացեք նաև
Հռչակագրին «դեմ» է քվեարկել հայկական պատվիրակության ղեկավար, ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արտաշես Գեղամյանը, Ստեփան Դեմիրճյանն ու Միքայել Մելքումյանը չեն քվեարկել:
Միքայել Մելքումյանն ասում է, որ քաղաքական, տնտեսական, մարդու իրավունքների հանձնաժողովներում քննարկումների ժամանակ իրենք առաջարկներ են ներկայացրել, որոնք անցել են. «Օրինակ, ես չորս լրացում եմ արել, չորսն էլ անցել է: Ու մի քիչ երկակի վիճակ է`մեր լրացումներն անցել են, դա էնքան էլ քաղաքականացված չի, բայց ԼՂՀ-ի մասով կարող էր նախադեպ լինել, չենք մասնակցել քվեարկությանը»:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ