Լրահոս
Օրվա լրահոսը

Ազատամարտիկները Թալիշում սահմանապահ ավան կհիմնեն

Հուլիս 08,2016 17:27

Ազատամարտիկները Թալիշի մոտ` չեզոք գոտուց ներս, սահմանապահ ավան կհիմնեն:

«Նոյյան տապան« մամուլի սրահում հրավիրված մամուլի ասուլիսին լրագրողների հետ հանդիպմանը «Թալիշ» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ, Երևանի մենեջմենթի համալսարանի ռեկտոր Մելիտա Խալափյանը մանրամասնեց. «Հասկանալի է, որ այսօր չենք կարող թալիշեցուն ուղղել դեպի Թալիշ, քանի որ այն վերածվել է չեզոք գոտու: Քանի դեռ շարունակվում է ոչ պատերազմ, ոչ խաղաղություն այս կախյալ վիճակը՝ մենք ուզում ենք իրականացնել այս ծրագիրը: Ծրագրի նպատակն է՝ որքան հնարավոր է շուտ բնակեցնել Թալիշի տարածքը, ստեղծել երկրորդ պաշտպանական գոտի»:

Տիկին Խալափյանը շեշտեց, որ այս ծրագիրը կապ չունի Թալիշի վերաբնակեցման հետ, այն պաշտպանական երկրորդ գիծ ունենալու ծրագիր է: Ուստի տիկին Խալափյանը կոչ արեց իրենց ֆինանսապես աջակցել:

«Թալիշի  սահմանների պաշտպանության ամրապնդումը, գյուղի վերականգնումը և  բնակչության վերադարձը» ծրագրի հեղինակ. «Թալիշ» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամ. ՀՀ և ԼՂՀ հույների «Պատրիդա» կազմակերպության նախագահ. ՀՀ հանրային խորհրդի անդամ Էդուարդ Պոլատովը տեղեկացրեց, որ  արդեն մեկ ամիս է՝ ծրագիրը ներկայացրել են ՀՀ և ԼՂՀ իշխանություններին, բայց ոչ մի պատասխան:

Նա մանրամասնեց. «Մեզ համար պարզ չէ, թե երբ է գյուղն ազատագրվելու, բայց գյուղի կարևորությունը դեռ 461 թվականից է հայտնի, Գյուլիստանի պայմանագիրն է այնտեղ կնքվել: Ուստի մենք` վետերաններս,  չենք գնում կռվելու, գնում ենք զբաղվելու ինքնապաշտպանությամբ, որ գյուղը չթալանվի, որ մարդիկ գոնե ցերեկները գան իրենց տնտեսությունը վարեն»:

Պարոն Պոլատովը նշեց, որ իրենք պետությունից ակնկալում են, որ գոնե չխանգարեն, բայց եթե ՀՀ եւ ԼՂՀ իշխանությունները իրենց անվտանգությունը չապահովեն, չեն կարող գնալ:

Նշենք, որ այս պահի դրությամբ Թալիշ պատրաստվում է մեկնել  մոտ երեք հարյուր մարդ՝ ընտանիքներով, այդ թվում նաև «Միջազգային խաղաղապահներ Բայազեթ» կազակական խաղաղապահ զորքերի աղջիկների հրամանատար, փոխգնդապետ Անուշ Զուրաբյանը` իր հինգ տարեկան երեխայի հետ:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Լուսանկարը` «Նոյյան տապան»-ի

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031