Լրահոս
Օրվա լրահոսը

Ավետիսյանների փաստաբանները խայտառակեցին Պերմյակովի գործով դատավորին ու ինքնաբացարկ պահանջեցին (Տեսանյութ, ֆոտոշարք)

Հուլիս 08,2016 16:16

Այսօր Գյումրու 102-րդ ռազմաբազայում Ավետիսյանների 7 հոգանոց ընտանիքի սպանդի մեջ մեղադրվող Վալերի Պերմյակովի գործով դատավարությունը սկսվեց մոտ 40 րոպե ուշացումով:

Դատը սկսվելուն պես՝ Ավետիսյանների հարազատների շահերը պաշտպանող Լուսինե Սահակյանը պահանջեց նախագահող դատավոր Հարություն Մովսիսյանի ինքնաբացարկը: Փաստաբանն ասաց, որ Ավետիսյանների հարազատների՝ Ռուսաստանի Դաշնության դեմ քաղհայցի մերժումն ակնհայտ ցույց տվեց, որ դատավորը կաշառված է, սպասարկում է ՌԴ-ի շահերը, եւ որ ինքնուրույն որոշումներ չի կայացնում:

Ըստ փաստաբանի, յուրաքանչուր իրավաբան ցանկացած որոշում ընթերցելիս հասկանում է, թե այդ տեքստը որտեղից է թելադրված ու հրահանգված: «Ես որպես այս համակարգում 20 տարի աշխատած մարդ՝ գիտեմ այդ տեքստը որտեղ կարող էր գրված լինել ու ով կարող էր գրած լինել: Ձեր որոշման մեջ դուք տարօրինակ հղումներ էիք կատարել, ինչից երեւում էր, որ դուք քաղաքացիական հայցին ընդհանրապես չեք ծանոթացել, որովհետեւ քաղաքացիական հայցում բացահայտված են, թե ինչո՞ւ այս նիստի շրջանակներում տուժողներն իրավունք ունեն քաղաքացիական հայց ներկայացնեն, հղումները կատարված են Եվրոպական դատարանի նախադեպային որոշումներից», -ասաց Լուսինե Սահակյանը:

20160708_124329Նա հայտարարեց, որ մերժման որոշումից մեկ անգամ եւս ակնհայտ դարձավ, որ Հայաստանի Հանրապետությունը չի կարողանում որեւէ գործողություն ձեռնարկել ընդդեմ Ռուսաստանի Դաշնության, որի զինվորը 7 քաղաքացու կյանք է խլել:

Ըստ Լուսինե Սահակյանի, սա մեծ քայլ չէր ընդդեմ Ռուսաստանի Դաշնության, այլ շատ փոքր քայլ էր, որը, սակայն, դատարանը չկարողացավ անել. «Սա մի փոքր քայլ էր լինելու՝ ցույց տալու Ռուսաստանի Դաշնությանը, որ մենք թույլ չենք տա, որ ձեր քաղաքացին, ձեր զինվորը, այն էլ հիվանդ զինվորը, որին ձեր մեղքով զենք է տրվել, գա ու մեր մոտ քաղաքացիների կյանքը խլի: Դուք գիտեք, թե ինչու ենք քաղաքացիական հայց ներկայացրել, որպեսզի Ռուսաստանի Դաշնությունը իրեն զսպված զգա ու այստեղ չծառայեն այն զինվորները, որոնք պիտի խլեն Հայաստանի Հանրապետության քաղաքացիների կյանքը, իսկ մենք տեսնում ենք, որ դա դառնում է նորմա, ու զինվորները նման գործողություններ են կատարում: Մենք քաղաքացիական հայց ներկայացնելով, նյութական որոշակի ճնշում գործադրելով՝ ուզում էինք այդ երկրին ապացուցել, որ սա այն երկիրը չէ, որտեղ պիտի ծառայեն այն զինծառայողները, որոնց իրենց երկրում չեն թողնում ծառայելու»:

Լուսինե Սահակյանն ասաց, որ այս ամբողջ դատավարությունը ձեւական բնույթ է կրում, տուժողները չէին եկել դատարան, որ Պեմյակովը ցմահ ստանա, այսպես թե այնպես, նա ցմահ ազատազրկման կդատապարտվի, նրանք եկել էին, որովհետեւ չեն ցանկանում նույն հանցագործությունը կրկնվի հետագայում: «Մենք շատ ավելի մեծ նպատակներ ունենք, քան Պերմյակովին դատելն է, դա դուք պետք է հասկանաք, ու եթե դուք կաշկանդված եք ռուսական կողմով, պետք է ինքնաբացարկ հայտնեք, ինքնաբացարկ հայտնեք ու հեռացեք», -դատավորին դիմեց Լուսինե Սահակյանը: Նա ասաց, որ դատավորը իրավունք չուներ նման որոշում կայացնելու, նա չպիտի մոռանար, որ յոթ անձ է սպանվել, որոնցից երկուսը մանկահասակ երեխաներ են:

Մյուս փաստաբանները եւս միացան նրան: Արթուր Սաքունցն էլ դատավորին ասաց, որ թեեւ գիտի, որ նա ինքնաբացարկի միջնորդությունը մերժելու է, բայց մերժելիս թող հիմնավորի, պատճառները ներկայացնի: Դատախազ Գեւորգ Գեւորգյանը դեմ կանգնեց ինքնաբացարկին:

20160708_124326Դատավորն ինքնաբացարկ կայացնել- չկայացնելու մասին որոշումը կհրապարակի երեքշաբթի առավոտյան ժամը 10-ին: Չնայած փաստաբաններն ասացին, որ իրենց հարմար չէ այդ օրը, դատավորն ասաց, որ կհրապարակի առանց նրանց:

Փաստաբան Երվանդ Վարոսյանն էլ վստահ է, որ դատավորը մերժելու է ինքնաբացարկի միջնորդությունը: Ըստ նրա, այս մի որոշումն էլ կկայացվի այն մարմնում, որտեղ կայացվել է Ավետիսյանների հարազատների՝ ՌԴ-ի դեմ ներկայացրած քաղհայցը մերժելու որոշումը: Փաստաբանն ասաց, որ իրենց հետագա քայլերը կքննեն վստահորդների հետ:

«Չի կարող պատասխանատվությունից խուսափել այն պետությունը, որը հանգեցրել է այս ոճրագործությանը, որովհետեւ իր ծառայության 9-րդ օրը Ռուսաստանի համապատասխան զինված ուժերի ներկայացուցիչներին ակնհայտ է եղել, որ նա խնդիրներ ունի, որ նրան զենք չպետք է տալ, բայց փոխարենը նրան զորացրել, 8 փախուստից հետո, այն պայմաններում, երբ արգելված է նրան զենք կրել, տեղափոխել են Գյումրի»,- ասաց Երվանդ Վարոսյանը:

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Մարգար Մախսուդյան says:

    Ռուսաստանն իր սպանված օդաչուի համար այնպիսի սանկցիաներ կիրառեց Թուրքիայի նկատմամբ, որ գրեթե նախապատերազմական իրավիճակի էր հանգեցրել, ընդ որում՝ նախապայմաններից մեկն էլ տուժողի իրավահաջորդներին նյութական փոխհատուցում տալու պահանջն էր:
    Ստացվում է, որ մեկ հոգու սպանության համար / այն էլ ռազմական գործողությունների ընթացքում / կարելի է փոխհատուցում պահանջել, իսկ ահա՝ 7 անմեղ մարդու դաժան սպանության համար փոխհատուցում չի կարելի պահանջել: Որտե՞ղ է տրամաբանությունը…
    Այսպես կարող է վարվել միայն ինքնաճորտացված իշխանության կողմից ստրկացված դատարանը…

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031