«Գինեգործության մեջ հաստատուն աճ կա, նոր ընկերություններ են բացվում, հները բարձրացնում են որակը: Հայաստանն այլեւս հին Հայաստանը չէ գինու առումով»,-այսպիսի կարծիքի է Գինեգործների միության նախագահ Ավագ Հարությունյանը:
Հարությունյանն այսօր «Հայացք» ակումբում ներկայացնելով ոլորտի ցուցանիշներն, ասաց, որ նախաճգնաժամային տարվա համեմատ, այսինքն՝ 2013-2016 թվականների հետ առաջին 5 ամիսների համեմատությամբ՝ օղու արտադրության ծավալներն աճել են 5%-ով, կոնյակինը՝ 8%-ով, գինունը՝ 20%-ով, գարեջրինը՝ 28%-ով:
Իսկ 2015-2016 թվականների առաջին 5 ամիսների համեմատությամբ, ինչպես ասաց Հարությունյանը՝ օղու արտադրությունը՝ -10%, կոնյակինը՝ +56%, գինի՝ + 11%, գարեջուրը՝ -12%:
«Խնդիրը թվերը չեն, մենք առնչվում ենք մի նոր երեւույթի հետ՝ ունենք պաշտոնական թվեր, որոնք խոսում են աճի մասին, բայց կա մի բան, ըստ մեր տեղեկությունների, որոնք պաշտոնական չեն, բայց հավաստի են: Գինու եւ կոնյակի շուկայում մտել են խաղացողներ, որոնք օրենք չխախտելով եւ վճարելով հարկեր՝ կատարում են ներմուծումներ: Այսինքն, ունենք ներմուծման եւ արտահանման աճ, արանքում կա արժեքի մեծացում, կա ծավալների մեծացում եւ դա մեր տնտեսության վրա ազդեցություն չունի: Այս մարդիկ ըստ էության, մեր տնտեսությունում են, բայց որեւէ կապ չեն ունենում խաղողի մթերումի հետ, բյուջեի կատարողականի հետ: Կամ ոչ այնքան է կապը, որքան որ եթե այս ամբողջի հետեւում լինեին հայ արտադրողները»,-ասաց Հարությունյանը:
Կարդացեք նաև
Մանրամասն՝ տեսանյութում
Պարոն Հարությունյանի ներկայացմամբ՝ երբ Ռուսաստանում ռուբլին արժեզրկվեց, շատ վատ իրավիճակ ստեղծվեց եւ մեծ վնաս հասցվեց մեր կոնյակի վարկանիշին.«Եթե նախկինում հայկական 3 տարեկան կոնյակը 3,5 դոլարով էր արտահանվում, հետո մեզ արգելեցին, կամ չկարողացանք 3,5 դոլարով վաճառել ու 2,5 դոլար էր գինը դարձել: Այսինքն՝ հայ արտադրողները աշխատում են շուկան չկորցնել ու լուրջ շահի մասին խոսելն անհնար է, նույնիսկ վնասով են աշխատում: Ռուսական շուկան էժան ապրանքի շուկա է, մենք չենք կարող համեմատվել: Ցավոք, մենք չկարողացանք արժանավայել դուրս գալ այս իրավիճակից, ռուսական եւ հայկական նույն որակի կոնյակները ռուսական շուկայում, հայկականն ավելի էժան է, հայկական կոնյակներն ավելի էժան են, քան վրացականը, Դաղստանինը, ավելի էժան են, քան ադրբեջանական կոնյակները: Մարդ տարակուսում է՝ իմիջն ո՞ւր մնաց, իհարկե, բացառությամբ մի 2 արտադրողների, բայց նրանք էլ շահույթ գրեթե չունեն»:
Մանրամասն՝տեսանյութում
Նելլի ԲԱԲԱՅԱՆ