Լրահոս
Օրվա լրահոսը

Արսեն Ղազարյան. Լաստանավերում մենաշնորհ չկա (Տեսանյութ)

Հուլիս 08,2016 15:24

Մի քանի տասնյակ գործարարներ, որոնք փոքր ու միջին բիզնեսի ներկայացուցիչներ են եւ Լարսի անցակետի փակման հետեւանքով փչացող բեռներով մնացել էին ճանապարհին, դժգոհություն էին հայտնել, որ իրենք, որպես այլընտրանք, չեն կարողանում օգտվել լաստանավային փոխադրումից, քանի որ խոշոր բեռնափոխադրողները լաստանավերն էլ մենաշնորհ են դարձրել եւ իրենց բեռների համար տեղ չկա:

Այսօր Aravot.am-ի հարցին, Հայաստանի արդյունաբերողների եւ գործարարների միության նախագահ Արսեն Ղազարյանը, որը «Էլիտ պլազա» բիզնես կենտրոնում մասնակցում էր Ձեռներեցության հարցերով եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիային կից խորհրդատվական կոմիտեի 9-րդ նիստին, ասաց, որ լաստանավերում «ոչ մի մենաշնորհ չկա»:

Մեր այն դիտարկմանը, թե մեծ բեռնափոխադրողները վարձակալում են լաստանավն ամբողջությամբ եւ փոքր բեռներին տեղ չի մնում, պարոն Ղազարյանն ասաց, որ մեր խոշոր փոխադրողներից մեկը երկու լաստանավ է վարձակալել. «Ինքնին պարզ է, եթե վարձակալում է, ապա իր սեփական բեռների համար, բայց լաստանավերն այնպիսին են, որ բացի սեփականից, նաեւ ըստ հերթականության, այսինքն` ով ժամանակին հասել է Նովոռոսիսկ, Փոթի կամ Բաթումի նավահանգիստ, ով գնել է այդ չվերթի տոմսերը, ըստ հերթականության գնում է եւ առաջնահերթությունը տրվում է փչացող բեռներին, հատկապես գյուղմթերքի այն տեսակներին, որոնք մեկ շաբաթից, տասն օրից սառնարանային պայմաններում դժվար է պահելը»:

Արսեն Ղազարյանն այս հարցում «ոչ մի հակամենաշնորհային համաձայնություն կամ գերակա դիրքի չարաշահում» չի տեսնում:

Արսեն Ղազարյանը գտնում է, որ այսօր արտահանվող եւ ներկրվող բիզնեսին մի շարք խոչընդոտներ կան. մասնավորապես` ԱԱՀ-ի ստացման մեխանիզմի բարդությունները. «Սպասել ամիսներով մինչեւ կհաստատվի, որ գործարքն իրականացվել է, այդ փաստաթղթերը կգնան արտահանող երկիր, նոր նրանք կհաշվանցեն: Բոլորի մոտ այսօր ռեսուրսների, ֆինանսական միջոցների օպտիմալ օգտագործման խնդիր կա եւ ակնհայտ է, որ ավելացված արժեքի կիրարկման համակարգը նորից պետք է կատարելագործվի»:

Արսեն Ղազարյանի խոսքի մանրամասները` տեսանյութում

Միության նախագահը խոսելով խորհրդատվական կոմիտեի գործառույթներից, ասաց որ այն ստեղծելու նպատակը բիզնեսին հուզող հարցերի համախմբավորումն է. «Խնդիրները շատ են: Ազգային օրենսդրությունները, միութենականների հետ համադրելու հատկապես վարչարարության ոլորտում ազգային մարմինների եւ միութենական հրահանգների կատարումը դեռեւս կայացման փուլում է: Եթե որոշումները պետք է կայացվեն եւ արագ չիրականացվեն, դա բիզնեսի մոտ կառաջացնի նեգատիվ մոտեցումներ` տնտեսական զարգացումների առումով»:

 

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031