«Քասթինգը սկսված է. քաղաքական ուժերը վերադասավորվում են: Հանրապետականները մոտ 66 տոկոս տեղ կզբաղեցնեն խորհրդարանում, մնացած տոկոսների համար էլ «քասթինգ» է ընթանում»,-2017թ. խորհրդարանական ընտրությունների դեռեւս ոչ պաշտոնական մրցապայքարն այսպես է բնորոշում քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը:
Այսօր «Երկու երես» մամուլի ակումբում նա կարծիք հայտնեց, որ ոչ մի կուսակցության չի հաջողվի ստանալ ժողովրդի վստահության քվեն, քանի որ քաղաքական համակարգի հանդեպ վստահությունը ՀՀ-ում չափազանց ցածր է. «Ըստ հարցումների` մարդկանց 75 տոկոսը ոչ մի կուսակցության եւ ուժի չի վստահում: Եթե մի քանի տարի առաջ մարդիկ չէին վստահում իշխանականներին, ապա հիմա վստահության մակարդակը ցածր է բոլոր քաղաքական ուժերի հանդեպ: Նվազագույն հնարավորություն ունեն ՀՅԴ-ն ու ՀԱԿ-ը, մնացածի վստահության քվեն զրոյական է եւ այն հնարավոր չէ բարձրացնել մինչեւ ընտրությունները»:
Ըստ քաղաքագետի` ներկայումս խաղարկվում է հետեւյալ մոտեցումը` ելույթ են ունենում փոքր քաղաքական ուժեր, այդ թվում` լրագրողական, եւ ասում, որ կփոխեն իշխանությունը եւ ամեն ինչ լավ կլինի. «Պայքար է գնալու, թե ով ավելի կոշտ կվիրավորի եւ կարտահայտվի: Նշանակություն չունի, թե առաջիկա հինգ տարում Խորհրդարանում ոչ քաղաքական ուժերը հիստերիա կանեն: Ի՞նչ տարբերություն` հիստերիա անողը հին քաղաքական գործիչ է, թե նոր…Այս ընթացքում կկազմավորվեն նոր քաղաքական բլոկներ, որոնք նշանակություն չեն ունենա: Նորմալ` դասական ընդդիմության ստեղծումը ՀՀ-ի համար անհրաժեշտություն է, բայց չկա ու չեմ տեսնում, որ այն ի վերջո կհայտնվի»:
Կարդացեք նաև
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ