ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության Ստեփանավանի քննչական բաժնում ավարտվել է Լոռու մարզի անչափահաս բնակչի սպանության դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը:
Ավելի վաղ տեղեկացրել ենք, որ 2015թ. օգոստոսի 28-ին «Ստեփանավանի բժշկական կենտրոն» ՓԲԸ-ից ահազանգ էր ստացվել, որ նույն օրը «որովայնի առաջնային պատի ծակած-կտրած վնասվածքով» նշված բժշկական կենտրոն է ընդունվել Լոռու մարզի բնակիչ, 1999թ. ծնված Վ.Գևորգյանը, ով գիտակցության չգալով` մահացել է:
Սպանության դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության Ստեփանավանի քննչական բաժնում հարուցված քրեական գործի նախաքննությամբ ձեռք բերված ապացույցների համաձայն՝ Վ.Գևորգյանին կյանքի հետ անհամատեղելի վնասվածքը պատճառել է նրա ազգական Ս.Գևորգյանը` տեղի ունեցած վիճաբանության ժամանակ:
Նախնական քննության տվյալներով՝ 2015 թվականի օգոստոսի 28-ին՝ ժամը 20:00-ի սահմաններում, Գևորգյանները վիճաբանել են, որի ընթացքում 15-ամյա տղան հարվածել է 23-ամյա Ս.Գևորգյանին: Վերջինս իրեն հարվածելու համար վրեժխնդիր լինելու շարժառիթով իր հետ նախապես վերցրած դանակով հարվածել է Վ. Գևորգյանի որովայնի ձախակողմյան առաջնային մասին՝ պատճառելով թափանցող վնասվածք՝ ձախ արտաքին զստային զարկերակի վնասումով։ Ստացված վնասվածքից 15-ամյա տղան մահացել է։
Ձեռք բերված ապացույցների համակցությամբ՝ Ս.Գևորգյանին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասով: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:
Քրեական գործը՝ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարան:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
ՀՀ քննչական կոմիտե