ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան Արման Նավասարդյանն այսօր «Անդրադարձ» մամուլի ակումբում ռուս-թուրքական հարաբերությունների կարգավորման համատեքստում անդրադարձավ նաեւ Արցախի խնդրին. «Թուրքիան չի փոխի իր դիրքորոշումն Ադրբեջանի հանդեպ, բայց կարող է փոքր-ինչ ավելի ճկուն լինել` Ղարաբաղյան հարցի ուսումնասիրության հարցում: Հիմա նվազել են Ադրբեջանի հնարավորությունները, նա չի կարող հավասար ուժերով խաղալ ՌԴ-ի եւ Անկարայի միջեւ: ՀԱՊԿ-ի շրջանակում էլ առանձնապես ոչ մի բանի չեմ սպասում, բայց եթե նկատի ունենանք Նազարբաեւի եւ Լուկաշենկոյի գոյությունը, հայանպաստ գործունեություն չեմ ակնկալում»:
Նավասարդյանը կարծիք հայտնեց, որ առաջիկայում գուցե ղարաբաղա-ադրբեջանական պատերազմ լինի, բայց չհիմնավորեց` ակնարկելով, որ ռազմական գաղտնիքներին չի տիրապետում. «Ալիեւն այլ ելք չի տեսնում եւ չի կարող հրաժարվել իր քաղաքականությունից, իսկ մենք հանդես ենք գալիս խաղաղ ճանապարհով լուծելու տեսանկյունից, բայց կգա ժամանակ, երբ մենք էլ կփոխենք մեր հայեցակարգը, որովհետեւ այլ ելք չկա»: Դիվանագետը նաեւ ասաց, որ չի կարդացել Կազանի փաստաթուղթը, բայց նշեց, որ փաթեթային խնդիրները լուրջ են եւ Հայաստանը չի գնա նման քայլի:
Արման Նավասարդյանի խոսքով` մինչեւ Հայաստանը չճանաչի ԼՂՀ-ն, միջազգային ասպարեզում չի կարող հարցեր լուծել. «Ինչո՞ւ այս տարիներին ՀՀ դիվանագիտությունը չի պատրաստել գոնե 10 տասը պետություն, որոնք այսօր կճանաչեին ԼՂՀ-ն»:
Դիվանագետի համոզմամբ` ռուս-թուրքական մերձեցմամբ ՀՀ-ի համար դրական եւ բացասական իրողություններ չեն ստեղծվի. «Գոնե սահմանի երկայնքով անվտանգության խնդիրն ավելի կուժեղանա: Եթե ՌԴ-ն եւ Թուրքիան պետք է անվտանգության հարցերով շփվեն, ուրեմն սահմանը պետք է որ ավելի ապահով լինի»:
Կարդացեք նաև
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ