Հայաստանում ՌԴ անվտանգության դաշնային ծառայության (ФСБ) աշխատակիցները բերման են ենթարկել Աֆղանստանի երկու քաղաքացիների, որոնք փորձել են ապօրինի կերպով հատել հայ-թուրքական սահմանը։
Այս մասին հայտնում է ՌԴ անվտանգության դաշնային ծառայության (ФСБ) սահմանային վարչությունը։
Սահմանամերձ այդ հատվածում աշխատող տեղի բնակիչները հուլիսի 6-ին տեղեկացրել են, որ Թուրքիայի կողմից անծանոթ մի անձ է նկատվել Արաքս գետի ափին: Օգտվելով առիթից, որ Արաքսը սակավաջուր է, վերջինս անցել է ջրի միջով և փորձել թաքնվել թփերի մեջ:
Արտաշատի սահմանապահ ջոկատը կազմակերպել է գաղտնի հետապնդում և ձերբակալել նրան: Մի քանի րոպե անց նկատվել է երկրորդ անձը, որը ևս ձերբակալվել է:
Կարդացեք նաև
Ձերբակալվածների նախնական հարցաքննությամբ պարզվել է, որ նրանք Աֆղանստանի քաղաքացիներ են և մտադրություն են ունեցել Հայաստանի տարածքով անցնել Եվրամիության երկրներ: Սահմանախախտների մոտ հայտնաբերվել է ուսապարկ՝ անձնական իրերով և երկու «Նոկիա» հեռախոս:
Ձերբակալվածները հանձնվել են ՀՀ ազգային անվտանգության ծառայություն, որտեղ ուսումնասիրվում է սահմանախախտման նրանց վարկածը:
ՀՀ-ում Ռուսաստանի անվտանգության դաշնային ուժերի սահմանապահ վարչության պետ, գեներալ-մայոր Անատոլի Միխեևը որոշում է կայացրել խրախուսել տեղի բնակիչներին` արժեքավոր նվերներով:
«Սահմանին իրավապահների և տեղի բնակիչների համագործակցությունը Հայաստանի Հանրապետության սահմանային անվտանգության հիմնաքարերից է»,- ասվում է ՀՀ-ում ՌԴ անվտանգության դաշնային ծառայության (ФСБ) սահմանային վարչության հաղորդագրության մեջ:
ՌԴ ԱԴԾ