Թուրքիայի Հանրապետության նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը 2016թ. հուլիսի 8-ին Վարշավայում մեկնարկելիք ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին մասնակցելուց առաջ Ստամբուլի Աթաթյուրքի անվան օդանավակայանում պատասխանել է լրագրողների հարցերին։ Այս մասին տեղեկացնում է թուրքական «Ջումհուրիեթ»-ը։
Նախագահ Էրդողանն ասել է, որ իրենք օգնություն են ակնկալում ՆԱՏՕ-ից փախստականների հարցերը կարգավորելու, ինչպես նաև համաշխարհային անվտանգությունն ու կայունությունն ապահովելու շրջանակներում։
Անդրադառնալով Սիրիայի խնդրին՝ Էրդողանն ասել է, որ այդ ճգնաժամը տեղային խնդիր չէ և դրա կարգավորումը չի վերաբերվում միայն Միջին Արևելքի և Հյուսիսային Աֆրիկայի մի քանի պետությունների շահերին, որովհետև Սիրիական ճգնաժամը դարձել է համաշխարհային քաղաքականությանը վերաբերող խնդիր։
Նախագահ Էրդողանն անդրադարձել է նաև Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինին հետ առաջիկայում սպասվող հանդիպմանը, ասելով, որ չնայած դրա ժամկետները դեռևս հստակեցված չեն, բայց հանդիպումը հավանաբար տեղի կունենա 2016թ. հուլիսի վերջին կամ օգոստոսի սկզբին։