Լրահոս
Օրվա լրահոսը

Ստեփան Սաֆարյան. «Հայաստանը պետք է ճանաչի ԼՂՀ անկախությունը»

Հուլիս 08,2016 12:22

«Փարիզից հիմնական ակնկալիքն է Վիեննայի պայմանավորվածությունների կյանքի կոչում, քանի որ արեւմտյան համանախագահի նախաձեռնությամբ է հանդիպումը: 7 կամ 17 դիտորդի առկայությունը Կասպրչիկի խմբում ոչինչ չի փոխում, Հայաստանը պետք է պնդի մոնիտորինգի եւ հետաքննող մեխանիզմների ներդրման վրա»,- «Փաստարկ» մամուլի ակումբում կարծիք հայտնեց Միջազգային եւ անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի ղեկավար Ստեփան Սաֆարյանն`անդրադառնալով առաջիկայում Փարիզում կայանալիք Սերժ Սարգսյանի-Իլհամ Ալիեւ հնարավոր հանդիպմանը:

Բանախոսը նկատում է, որ մայիսին, Վիեննայում կայացած հանդիպումից հետո, այդպես էլ չի հաջողվում կյանքի կոչել Վիեննայի պայմանավորվածություները: Ավելին, դրան հաջորդեց Սանկտ- Պետերբուրգի հանդիպումը, որը նախկինում աննկատելի, անտեսանելի շերտեր առաջ բերեց: Ըստ նրա, արդեն իսկ ակնհայտ է, որ հակասություններ եւ տարբեր մոտեցումներ ունենք համանախագահների միջեւ, ոչ միայն բանակցային գործընթացի մասով, այլ նաեւ ձեռք բերված պայմանավորվածությունների կատարման: «Արեւմտյան համանախագահները հետաքննող մեխանիզմների կողմնակից են, ՌԴ-ն`շիկացումը կանխելու համար խաղաղապահների տեղակայման»,- ասաց բանախոսը`հավելելով, որ հիմա էլ կան այս հակասություններ, այլապես Վիեննայի պայմանավորվածությունները կկատարվեին:

Երբ տակավին վերացված չէ պատերազմի հավանականությունը, Ստեփան Սաֆարյանը բանակցային գործընթաց կամ որեւէ լուծում իրատեսական չի համարում, մանավանդ, կազանյան փաստաթղթի գաղտնազերծումից հետո, որը կարծես որեւէ կերպ ընդունելի չէ հայկական կողմերի համար: «Կազանյան փաստաթղթի շուրջ հանրային բուռն արձագանքը ցույց է տալիս, որ ապրիլյան պատերազմը կարծրացրել է հանրային ընկալումները`փոխզիջումների մասով: Մի բան, որն Ադրբեջանում ավելի վաղ կար, այդ երկրում տարվող քարոզչության արդյունքում: Ադրբեջանի նախագահը որերորդ տարին հայտարարում է, որ ինքը պատրաստվում է վերադառնալ ԼՂԻՄ կարգավիճակին`Ադրբեջանի կազմում: ԼՂ-ն դրան երբեւէ, առավել ևս ապրիլյան պատերազմից հետո, չի կարող վերադառնալ»:

Բանախոսի հավասարմամբ, Փարիզում որեւէ լուրջ բեկում սպասելն անիրատեսական է դառնում, ու մտահոգիչ է, թե ի՞նչ կունենանք, եթե բանակցությունները հերթական շրջափուլը տապալվի: Այդ պարագայում, նրա կարծիքով, մենք դժվար թե կարողանանք երաշխավորել տարածաշրջանի անվտանգությունը. «Ռուսական պլանը թերեւս հենց այս իրողությունների վրա է հենվում»:

Ի դեպ, ռուսական պլանը, որն առաջին հայացքից իբր մադրիդյան սկզբունքների հիման վրա կարգավորում է, ըստ Ստեփան Սաֆարյանի, իրականում բավական վտանգավոր է, քանի որ այն նախատեսում է ապագային թողնել ԼՂՀ կարգավիճակը`տարածքների հանձնմամբ եւ խաղաղապահների տեղակայմամբ:

Տվյալ պարագայում, բնականաբար, ռուսական խաղաղապահների մասին է խոսքը: Բանախոսի համոզմամբ, ըստ էության սառեցնելով հակամարտությունը, ՌԴ-ն կախվածության մեջ է պահում կողմերին: «Հայկական կողմն իրավունք չունի նման քայլի գնալ»,-հայտարարում է քաղաքագետը`կարծիք հայտնելով, որ բանակցությունների տապալման դեպքում պետք է միակողմանի ճանաչման գործիքը գործի, այն ինչը կիրառվեց Կոսովոյի հակամարտության դեպքում: «Հայաստանը պետք է ճանաչի ԼՂՀ անկախությունը»,- ասաց նա:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031