Երևանի քաղաքապետարանում տեղի է ունեցել հանդիպում-քննարկում՝ «Խոցելի երեխաների սոցիալական ներառում. այլընտրանքային խնամքի, ընտանիքի և ներառական կրթական ծառայությունների ընդլայնում» ծրագրի շրջանակում: ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության և ՄԱԿ-ի Մանկական հիմնադրամի հետ համատեղ իրականացվող ծրագրի նպատակն է երեխայի խնամքի համակարգում ընթացող բարեփոխումների շրջանակում աջակցել ՀՀ կառավարությանը՝ երեխայի ընտանեկան միջավայրում ապրելու իրավունքն ու համայնքային սոցիալական և կրթական ծառայությունների մատչելիությունն ապահովելու գործում: Հանդիպմանը մասնակցել են քաղաքապետարանի համապատասխան ստորաբաժանումների, վարչական շրջանների խնամակալության և հոգաբարձության հանձնաժողովների ու սոցիալական աջակցության տարածքային բաժինների աշխատակիցներ, ինչպես նաև սոցիալական ապահովության նախարարության, ՀՀ Ոստիկանության անչափահասների գործերով բաժանմունքների, ՀԿ-ների, հատուկ դպրոցների և խնամքի հաստատությունների ներկայացուցիչներ:
Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ընտանիքի, կանանց և երեխաների իրավունքների պաշտպանության բաժնի պետ Իդա Խաչատրյանը, ողջունելով նախաձեռնությունը, ներկայացրել է քաղաքապետարանի կողմից այս ուղղությամբ տարվող աշխատանքները՝ մասնավորեցնելով խնամակալության հանձնաժողովների աշխատանքը՝ որպես երեխայի պաշտպանության առաջնային օղակ:
Հանդիպման ընթացքում քննարկվել են ոլորտին առնչվող առավել հաճախ տրվող խոցելի հարցեր: Մասնավորապես ծրագրի մասնակիցներն անդրադարձել են խնամքի հաստատություններ երեխաների ներհոսքի կանխման, միաժամանակ այդտեղից նրանց դուրս բերման և խնամատար ընտանիքներում տեղավորման վերաբերյալ մի շարք խնդիրների և մեխանիզմների:
Կարդացեք նաև
Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն