Լրահոս
Օրվա լրահոսը

Աշտարակի քաղաքապետարանն աղբի հարցը ոչ մի կերպ չի լուծում

Հուլիս 08,2016 15:30

Օտարերկրյա մի քանի քաղաքների հետ բարեկամության պայմանագրեր կնքած Աշտարակ քաղաքն իր արտասահմանցի քույր քաղաքներին առաջարկում է համագործակցություն զբոսաշրջության, մշակույթի, սոցիալ-տնտեսական եւ այլ ոլորտներում: Եթե համագործակցությունը ստացվի, ինչպես որ ծրագրել է Աշտարակի քաղաքապետարանը՝ ի դեմս քաղաքապետ Արմեն Անտոնյանի, ապա օտարերկրացի հյուրերին Աշտարակում, բացի հիացմունքից, հիասթափություն էլ է սպասվում:
Աշտարակի քաղաքապետարանը արդեն քանի տարի է՝ ոչ մի կերպ չի կարողանում լուծել օդերեւութաբանական կայանի տարածքում կուտակված աղբի հարցը:
Տարածքի բնակիչները տարիներ շարունակ դիմումներ են հղում Աշտարակի քաղաքապետարան, սակայն աղբը տեղից չի շարժվում:

Կենցաղային աղբին խառնված է նաեւ շինարարական աղբը. ամեն անգամ, երբ բնակիչները խնդիրը բարձրաձայնում են, աղբահավաք մեքենաների վարորդները պատճառաբանում են, որ շինաղբը տանել չեն կարող, բայց բնակիչների խոսքերով՝ կենցաղային աղբն էլ չեն տանում: Եթե տանում էլ են, ապա կրկին հավաքվում է: Նրանց պատմելով՝ այդ թաղամասով աղբի մեքենան շաբաթը մեկ է անցնում, եւ որպեսզի տանը կուտակված աղբից բնակիչներից ոմանք ազատվեն, ստիպված նշյալ տարածքում են աղբը թափում: Աղբարկղ տարածքի բնակիչների համար նախատեսված է, բայց այն, ինչպես նրանք են ասում, բավականին հեռու է գտնվում իրենց տներից:

Axb-3 Axb_1
Քաղաքապետարանն այդ տարածքում մի անգամ փորձել է աղբարկղեր տեղադրել, սակայն որոշ ժամանակ անց հանել է, քանի որ, ինչպես մեզ հետ զրույցում աշտարակցիները նշեցին՝ իրավիճակն ավելի անտանելի է դարձել:
Մեկ-երկու անգամ էլ տարածքում բռնկված հրդեհն է փորձել աղբի «հախից» գալ, սակայն հրշեջները հրդեհը մարել են, ու աղբի մնացորդները կրկին «ջրի երես» են բարձրացել:

Հարեւանությամբ ապրող բնակիչների խոսքերով՝ ամռան այս սեզոնին, բացի այն, որ հակահիգիենիկ վիճակ է տարածքում, անտանելի հոտ է գալիս, ու աղբատեղին վարակների աղբյուր է, կրծողներն ու մորմերն այնքան են բազմացել, որ լցվում են մարդկանց տները:
ԼՈՒՍԻՆԵ ԲՈՒԴԱՂՅԱՆ

«Առավոտ»

07.07.2016

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031