Լրահոս
Օրվա լրահոսը

Ինչո՞ւ, ուրեմն, հանգստի բաղադրիչը կասեցնել, իսկ բժշկական ապահովագրության գումարները՝ ոչ. «Հրապարակ»

Հուլիս 08,2016 11:17

Սոցփաթեթի կրճատման մասին քաղծառայողները եւ պետական հիմնարկների աշխատողները խոսում են արդեն 2 շաբաթից ավելի։ Թերեւս այն պահից, երբ «կեղծ ուղեգրերի» գործ հարուցվեց առողջապահության գործակալության պետ Կարո Ծատուրյանի դեմ։ Հավանաբար, այս գործի շրջանակներն այնքան են լայնացել, որ վարչապետը որոշել է կասեցնել փաթեթը։ Բայց անգամ այս դեպքում մարդկանց վաստակած գումարից զրկելը, որը, ի դեպ, այնքան էլ մեծ չէ, հարցի լուծում չէ։ Սա նույնն է, թե դատարանները փակվեն, որովհետեւ դատավորները կաշառք են վերցնում, կամ դադարեցվեն, օրինակ, պաշտպանության համակարգի համար պետգնումները, որովհետեւ այդ ոլորտում փողեր են լվացվում, կամ՝ փակվեն դպրոցներն ապօրինի դրամահավաքների պատճառով։

Երկրորդ աբսուրդն այն է, որ սոցփաթեթի բժշկական բաղադրիչը եւս կարող է չարաշահումների տեղիք տալ։ Մարդը կարող է գալ իր ծանոթ բժշկի մոտ եւ, ստանալով, օրինակ, պետության կողմից վճարվող 200 հազար դրամի ծառայություն, թղթերում ավելի բարձր թիվ նշի։ Ինչո՞ւ, ուրեմն, հանգստի բաղադրիչը կասեցնել, իսկ բժշկական ապահովագրության գումարները՝ ոչ։ Ի՞նչ տրամաբանությամբ։ Երրորդը, զարգացած երկրներում պետությունը գտնում է պետական ծրագրերի վերահսկողության արդյունավետ մեխանիզմներ։ Օրինակ, ԱՄՆ-ում գործում են պետության կողմից ֆինանսավորվող հետաքննող կազմակերպություններ, որոնք ուսումնասիրում են պետական ծրագրերի բացերը։ Այդպիսի մի լրագրողական կազմակերպություն՝ BGA (better government association`ավելի լավ կառավարման ասոցիացիա), գործում է Չիկագոյում։ Նրանք ցնցող բացահայտումներ են անում, այնուհետեւ արդյունքների մասին, ռեպորտաժների տեսքով, «զեկուցում» հանրությանը։ Այդ ռեպորտաժները շատ պահանջված են հեռուստաընկերությունների կողմից, որովհետեւ դրանց հետեւում են քրեական գործերի հարուցումներ, եւ տվյալ ընկերության վարկանիշն այդ ցուցադրությունների շնորհիվ օդ է թռչում։

Ահա, այսպես, տեղական միջոցներով, ոչ թե դրսի կազմակերպությունների փողերով, ամերիկացիները պայքարում են պետական միջոցների վատնման դեմ։ Մերոնց համար այս միջոցները եւ թանկ են, եւ վտանգավոր։ Նախ, որովհետեւ հընթացս շատ յուրայինների գլուխներ կթռչեն։ Երկրորդն էլ՝ «բալը թանկ է»,- կասեն մերոնք, նախընտրելով չարաշահումների դեմ ռեալ պայքարի փոխարեն քաղաքացիների հաշվին խնայողություն անել:

Սյուզան ՍԻՄՈՆՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031