Լրահոս
Օրվա լրահոսը

Դատավոր Լիլիթ Թադեւոսյան. «Հոգեբուժարանում դանա՞կ են թույլատրել»

Հուլիս 08,2016 15:00

Հոգեբուժարանում գտնված
զինակոչիկը դանակահարել էր մեկ այլ զինակոչիկի

Նուբարաշենի հոգեբուժարանի հերթապահ բուժքույր Կարինե Գեւորգյանը դեպքի օրը երեկոյան գտնվել է աշխատավայրում: Գիշերվա ժամը 00.20-ի սահմաններում, զինակոչիկ Հարություն Առաքելյանն ինքնավնասում էր կատարել, կտրել էր թեւը, իսկ բուժքույրը վիրակապել էր թեւը, սանիտարն ուղեկցել էր նրան հիվանդասենյակ: Որոշ ժամանակ հետո բարձր ձայներ է լսվել, բուժքույրը դուրս է եկել միջանցք, տեսել է միջանցքում պպզած Հարությունին, նկատել է որովայնի շրջանում փոքր անցք, երբ հանել էին հագուստները, եկել էր շտապօգնությունը: Սանիտարի հետ գնացել էին հիվանդանոց եւ սպասել մինչեւ վիրահատության ավարտը: Առավոտյան վկան տեղեկացել էր, որ վնասվածքը դանակահարության հետեւանք է, իսկ դանակահարողը՝ Ռուդիկ Սարգսյանն էլ ոստիկաններին հայտնել էր, որ դանակը դեն էր նետել. այն գտել էին զուգարանից:

Վերաքննիչ քրեական դատարանում՝ դատավոր Լիլիթ Թադեւոսյանի նախագահությամբ, դատավորներ Մխիթար Պապոյանի եւ Արարատ Պետրոսյանի մասնակցությամբ, երեկ քննվեց Ռուդիկ Սարգսյանի գործով գլխավոր դատախազության դատախազ Ռ. Երիցյանի բողոքը: Այն բերվել էր ուշացումով, այս կապակցությամբ դատախազը միջնորդել էր, որպեսզի գործը վարույթ ընդունվի: Դատախազը պահանջեց բեկանել Էրեբունի եւ Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Վարդան Գրիգորյանի՝ զինակոչիկ ամբաստանյալի վերաբերյալ 3 տարի ժամկետով ազատազրկման ենթարկելու դատավճիռը, որը պայմանական չի կիրառվելու: Դատախազը ներկայացրեց իր բողքը, միջնորդելով, որպեսզի պատիժը լինի ազատազրկման ձեւով:
Նա հղումներ կատարեց Վճռաբեկ դատարանի մի քանի նախադեպային որոշումներից՝ ակնարկելով, թե պատիժը պետք է համապատասխանի հանցագործության ծանրությանը, լինի արդարացի: Ըստ նրա, ստորադաս դատարանը մի շարք հանգամանքներ հաշվի առնելով՝ բնավ չի նվազեցրել զինակոչիկի կատարած հանցանքի վտանգավորության աստիճանը:
Միակողմանի ծնողազուրկ Ռուդիկ Սարգսյանն ինչպես առաջին ատյանի դատարանում, այնպես էլ վերաքննիչ քրեական դատարանում միայնակ պաշտպանվեց՝ չցանկանալով պաշտպան ունենալ:

Նա դատարան էր իր հետ բերել ապրիլյան պատերազմին կամավորագրվելու մասին տեղեկանքը, նաեւ պատվոգիր, որի մասին բարձրաձայնեց դատարանում:
Նա անցյալ տարվա հունիսի 18-ին «Նուբարաշեն» հոգեբուժական կենտրոնի 3-րդ բաժանմունքի թիվ 1 սենյակում տուժող Հարություն Առաքելյանին դանակահարել էր՝ նրա որովայնի շրջանում պատճառելով ծանր վնասվածք:
Էջմիածնի զինկոմիսարիատի կողմից տրված ուղեգրով Ռուդիկը հետազոտման նպատակով էր գտնվել հոգեբուժական կենտրոնում: Հարությունը նույնպես հետազոտման նպատակով էր գտնվել նույն բաժանմունքում, կապված թեւերի սպիների հետ:

Ըստ քրեական գործի նյութերի, երբ զինակոչիկները պառկել են քնելու, տուժող Հ. Առաքելյանը սեռական բնույթի հայհոյանքեր է տվել Սարգսյանին, հողաթափերը նետել նրա ուղղությամբ: Սարգսյանն ի պատասխան՝ հայհոյել էր նրան, ապա բարձի տակից հանել դանակը՝ հարվածել, երբ տուժողը մոտեցել էր մահճակալին եւ հողաթափով գլխին էր խփել:

Մինչեւ կգար ոստիկանությունը, զինակոչիկը դանակը կարողացել էր թաքցնել զուգարանում: Երեկ պատասխանելով դատավոր Լիլիթ Թադեւոսյանի հարցերին, Ռուդիկն ասաց, թե երկու օր էր, որ տուժողին ծանոթ է եղել, որ նրանք նախ կատակ են արել, իսկ ապա կատակն ավարտվել է դանակահարությամբ: Դատավորը զարմացավ, որ ամբաստանյալի մոտ գտնվել է դանակ, իսկ հարցին՝ թե ինչպես է, որ դանակով կարողացել ես գտնվել հոգեբուժարանում, Սարգսյանը պատասխանեց՝ չեն ստուգել:

«Իսկ հաճա՞խ եք դանակ Ձեզ մոտ պահում» հարցի հետ կապված էլ՝ պատասխանեց, թե երբ զբաղվել է հողագործությամբ, մոտը դանակ եղել է:
Այսքանով հանդերձ, ամբաստանյալն իրեն մեղավոր էր ճանաչել, զղջացել էր կատարվածի համար, խնդրել էր դատարանից թույլ տալ ծառայության մեկնել, իսկ տուժողն էլ ասել էր, որ հաշտվել են միմյանց հետ, պարտքուպահանջ չուներ:
Ի դեպ, տուժողը Ռ. Սարգսյանին չէր ճանաչել եւ ծանոթացել էին հոգեբուժական կենտրոնում:

Դեպքից հետո տուժողը մանրամասներ չէր հիշել: Դատարանում միայն հիշել էր, որ ինքն է հողաթափերով մոտեցել Սարգսյանին, հարվածել է գլխին, իսկ ապա մեջքին զգացել էր ծակոց: Չի տեսել, թե ով է իրեն հարվածել, ոստիկանությունից է իմացել, որ իրեն հարվածել է Ռուդիկը:

Վերաքննիչ դատարանում էլ ասաց. «Դեմ եմ դատախազի բողոքին: Էս մարդու դեմ բողոք չունեմ: Վիրահատությունից հետո լիքը-լիքը բաներ չեմ հիշել: Առաջին ատյանի դատավճիռը ճիշտ է»:

Վկաներից՝ հոգեբուժարանի բժիշկ-հոգեբույժ Գոհար Պեպոյանն ասել էր, թե դեպքի օրը, գիշերվա 01.30-ի սահմաններում, իրեն զանգել է 3-րդ բաժանմունքի սանիտար Ստեփանը, խնդրել գալ բաժանմունք, տեսել է միջանցքում զինակոչիկներից մեկի մարմնին առկա է կտրած վերքը, զանգել է շտապօգնություն, ուր տեղափոխել են տուժողին: Հետագայում տեղեկացել է, որ Հարությունին «սադրիչ արտահայտության» պատճառով հարվածել է Սարգսյանը: Վկան լսել էր նաեւ, թե ինչպես է Ռուդիկն ասում՝ «ինձ հասցրեցին»:

Սանիտար Ստեփանը ասել էր, որ վերջին անգամ Հարությունի հետ է զրուցել, խնդրել նրան գնալ քնելու, նա համաձայնել է, սակայն հիվանդասենյակ գնալուց 15 րոպե հետո բղավոցներ է լսել, սենյակում գտնվողները դուրս են եկել միջանցք, իսկ ինքը տեսել է վնասվածքներ ստացած Հարությունին: Զանգել է շտապօգնություն, նրան տեղափոխել են հիվանդանոց: Ռուդիկն ասել է, թե ինքն է հարվածել Հարությունին ու լավ է արել: Ոստիկանները Ռուդիկին տարել են ու դրանից հետո ինքը Ռուդիկին այլեւս չի տեսել:

Ի դեպ, այս գործով փորձագիտական հանձնաժողովը եզրակացություն էր տվել, որ Ռուդիկ Սարգսյանը խրոնիկական հոգեկան հիվանդությամբ չի տառապել, չի տառապում, նրա մոտ կան բնավորության փսիխոպատիկ գծեր, իսկ դեպքի օրն էլ գիտակցել է իր գործողությունների հասարակական վտանգավորությունը, իրավախախտումը կատարելու պահին եղել է մեղսունակ, մասնակցել է դատաքննչական գործողություններին:

Տուժողին դանակով հարվածելու պահին նա չի գտնվել աֆեկտի վիճակում, բայց գտնվել է նվաստացած, ինքնասիրությունն ու արժանապատվությունը ստորացնող հուզական լարված վիճակում:

Բողոքի քննությունը կշարունակվի հուլիսի 15-ին:

 

ՌՈՒԶԱՆ ՄԻՆԱՍՅԱՆ

«Առավոտ»

07.07.2016

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031