Հուլիսի 18-23-ը Ծաղկաձորի օլիմպիական բազայում կանցկացվի ՀՀ նախագահի մրցանակի համար «Լավագույն մարզական ընտանիք» 13-րդ ամենամյա մրցույթի եզրափակիչ փուլը:
Այսօր մրցույթի գլխավոր կազմակերպիչ եւ պատասխանատու, ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի փոխնախարար Խաչիկ Ասրյանի ղեկավարությամբ կայացած աշխատանքային խորհրդակցությունում ամփոփվեցին նախնական երկու փուլերի արդյունքները, ինչպես նաեւ քննարկվեցին եզրափակիչ փուլի կազմակերպման հետ կապված հարցեր:
Խորհրդակցությունից հետո «Առավոտը» զրուցեց Խաչիկ Ասրյանի հետ:
-Պարոն Ասրյան: Արդեն 10-րդ տարին է, ինչ դուք եք կազմակերպում հանրապետությունում ամենամասսայական այս մրցույթը, որին մասնակցող ընտանիքների թվաքանակը տարեցտարի ավելացել է: Այս միտումը շարունակվո՞ւմ է:
Կարդացեք նաև
-Ոչ միայն շարունակվում է, այլեւ առողջ ապրելակերպով զբաղվելու ցանկություն ունեցող ընտանիքների ու սոցիալական խմբերի թիվն է ամեն տարի հարյուրներով ու հազարներով աճում: Ընդ որում, մեծանում է նաեւ ընդգրկման աշխարհագրությունը: Այս տարի միայն «Լավագույն մարզական ընտանիք» մրցույթի առաջին փուլին մասնակցել են Երեւան քաղաքի, հանրապետության բոլոր մարզերի եւ Լեռնային Ղարաբաղի 2061 ընտանիքներ: Եթե սրան ավելացնենք եզրափակիչ փուլին մասնակցող մեկ հաշմանդամություն ունեցող անվասայլակով 21-ից ավելի լավագույն մարզական ընտանիքները (հայր, մայր եւ մեկ երեխա), անցած տարվանից սկսած՝ «Նախադպրոցական լավագույն մարզական հաստատություն», «Հաշմանդամություն ունեցող լավագույն մարզիկ» եւ այս տարի առաջին անգամ կազմակերպվելիք նոր մրցույթը, որում ընդգրկված է սոցիալական նոր խումբ, ընդհանուր առմամբ կունենանք 7000-ից ավելի մասնակից՝ անցած տարվա շուրջ 6000-ի դիմաց:
-Սոցիալական ի՞նչ նոր խմբի մասին է խոսքը:
-Այդ խմբերը մի քանիսն են, որոնք ակտիվ կյանքով ու առողջ ապրելակերպով զբաղվելու կարիքն ավելի շատ ունեն: Նրանց հետ ամբողջ տարվա կտրվածքով բավականին մեծ ու լուրջ աշխատանք ենք կատարում: Ըստ էության, սկսած 2014 թվականից, «Լավագույն մարզական ընտանիք» ավանդական ամենամյա մրցույթից ծնվել են եւս երեք առանձին մրցույթներ, որոնց մեջ ներգրավված են արդեն սոցիալական չորս խմբեր. բուն «Լավագույն մարզական ընտանիքը», «Լավագույն մարզական նախադպրոցական հաստատությունը», «Հաշմանդամություն ունեցող լավագույն մարզիկ» մրցույթը, որոնց այս տարի առաջին անգամ ավելացել է «Երեխաների խնամքի եւ պաշտպանության լավագույն մարզական հաստատություն» մրցույթը: Այն նախատեսված է մանկատների եւ գիշերօթիկ դպրոցների համար:
-Հայտնի է, որ ցանկացած նոր ծրագիր կամ միջոցառում լրացուցիչ ներդրումներ է պահանջում: «Լավագույն մարզական ընտանիք» մրցույթի բյուջեն վերջին տարիներին մնում է անփոփոխ, բայց մրցույթներն ավելանում են: Ինչպե՞ս է դա լինում:
-Մրցույթի բյուջեն, երբ միայն «Լավագույն մարզական ընտանիքն» էր, կազմում էր 155 միլիոն 840 հազար 800 դրամ: Այն մնացել է նույնը: Բայց վերանայելով նախնական փուլերում չորս տարիքային խմբերի բոլոր մարզաձեւերում 1-3-րդ տեղերն զբաղեցրած ընտանիքներին մրցանակային գումարների հատկացման նպատակահարմարությունը, որոշվել է դրանք սահմանափակել եւ խնայված գումարներով կազմակերպել այլ մրցույթներ. «Լավագույն մարզական ընտանիք»՝ 114 մլն 345 հազ 800 դրամ, «Լավագույն նախադպրոցական մարզական հաստատություն»՝ 19 մլն 574 հազ 700, «Հաշմանդամություն ունեցող լավագույն մարզիկ»՝ 16 մլն 945 հազ 300 եւ «Երեխաների խնամքի եւ պաշտպանության լավագույն մարզական հաստատություն»՝ 4 մլն 975 հազար: Այս մոտեցումն անհամեմատ ավելի ճիշտ է եւ արդյունավետ, որի արդյունքները տեսանելի են: Ի դեպ, նշածս ամբողջ գումարի 80 տոկոսից ավելին տրվում է որպես դրամական պարգեւ բոլոր չորս մրցույթների մասնակիցներին, իսկ մնացած մասը՝ զուտ կազմակերպչական ծախսերն են:
ԱՇՈՏ ՀԱԿՈԲՅԱՆ
«Առավոտ»
07.07.2016