Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Չափավոր» միջանցքը

Հուլիս 08,2016 10:00

Մի քանի տարի առաջ Իտալիա-Ֆրանսիա սահմանն անցնելիս մեզ լավ զգացինք, որ սահման, որպես այդպիսին, գոյություն չունի` անհրաժեշտ չէ հերթ կանգնել մաքսավորների մոտ, հետո հերթ կանգնել սահմանապահների մոտ, ինչպես որ մենք անում ենք հայ-վրացական սահմանին` թեկուզ առանց վիզաների: Բայց պարզվում է, մեր հավանած այդ երեւույթը եվրոպացիների մի մասին դուր չի գալիս. բացի անգլիացիներից, ԵՄ-ից դուրս տրամադրություններ ունեն նաեւ հոլանդացիները: «Որպես ազգային պետություն՝ մենք պետք է ունենանք մեր սեփական սահմանները, մեր սեփական դատարանները,- ասում է Եվրոպական խորհրդարանի նախկին պատգամավոր Լորենս Ստասենը,- եւ մենք ինքներս պիտի ընդունենք մեր սեփական որոշումները։ Մենք չենք ուզում, որ մեր մասին որոշումներն ընդունվեն Բրյուսելում կամ Եվրոպական միությունում»:

Պարզ է, թե ինչի համար են հոլանդացիներին պետք «իրենց սեփական սահմանները»: Որպեսզի ազատ, թափանցիկ եվրոպական սահմաններով ելումուտ չանեն միգրանտները, փախստականները, հնարավոր է նաեւ` ահաբեկիչները: (Չնայած ահաբեկիչ կարող են լինել նաեւ, ասենք, Հոլանդիայի քաղաքացիները` մի քանի սերունդ այդ երկրում ապրող եւ «արտաքին վարքով» եվրոպացիներից ոչ մի բանով չտարբերվող): Այստեղ էլ ամեն ինչ ճոճանակի սկզբունքով է աշխատում` հանդուրժողական, «բազմամշակութային» մոտեցումները, որոնք 20-րդ դարի երկրորդ կեսին համարվում էին արդյունավետ եւ անսասան, հասան իրենց բարձրակետին` երբեմն անհեթեթ դրսեւորումներով: Հիմա, Միջին Արեւելքում տեղի ունեցած իրադարձությունների ազդեցության տակ, ճոճանակը հետ է գնում, իսկ հակառակ բարձրակետում են ազգայնամոլությունն ու ռասիզմը:

Չարախնդալ ճոճանակի այս հակառակ շարժումից, հավանաբար, չարժե: Չափից դուրս խանդավառվել՝ նույնպես: Եվրամիությունն, իմ կարծիքով, չի փլուզվի, առավել եւս՝ «Եվրոպայի մայրամուտի» մասին դարեր շարունակ (սկսած առնվազն Հին Հռոմից) շրջանառվող խոսակցությունները երբեք իրականություն չեն դառնա: Ի վերջո, երկու ծայրահեղությունների արանքում կմնա բավականին լայն միջանցք՝ «չափավոր հանդուրժողականություն-չափավոր ազգայնականություն» սահմաններում: Այսինքն՝ եվրոպացիները կգան մի ընդհանուր հայտարարի, որ պետք չէ այլազգիներին եւ այլադավաններին գլխներին նստեցնել, բայց պետք էլ չէ նրանց բոլորին արտաքսել:

Հատկապես չարժե խանդավառվել այն գաղափարով, թե իբր «փտած եվրոպական արժեքները պետք է փոխարինել մեր՝ հայեցի արժեքներով»: Ինձ թվում է՝ մեր՝ Հայաստանի վիճակում «ամենահայեցին» կլինեն ազատ շուկայական տնտեսությունը, ընտրվող, թափանցիկ գործող եւ վերահսկելի իշխանությունը, անկախ դատական համակարգը: Իսկ դրանք ունիվերսալ, առաջին հերթին՝ եվրոպական արժեքներ են:

ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Իրավաբան says:

    Էդ որ ասում եք գլխին նստցնել, ինչ նկատի ունեք??
    նմանատիպ բաներ շատ ենք կարդում, բայց մի հատ կհստակեցնեք- էդ որ՞ն ա???:
    Ասենք գալիս են փախստականներ- պիտի արտաքսել???
    հաց չտալ???
    թե ոնց???
    շաբլոն բառեր են որ էս պահին պետք ա ասել ադեկվատ երևալու համար:

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031