«Այս տարվանից Հայաստանը անցնում է թվային հեռարձակման, իսկ Ռուսաստանի Դաշնությունում 2017 թվականին կավարտվի այդ գործընթացը եւ 2019 թվականից տեղ-տեղ կանցնեն թվային հեռարձակման»,-այս մասին «Sputnik Արմենիա» մամուլի կենտրոնում ասաց ՌԴ կապի եւ զանգվածային հաղորդակցման փոխնախարար Ալեքսեյ Վոլինը:
Նա նշեց, որ եթե Հայաստանում որոշել են ամբողջությամբ անցնել թվային հեռարձակման, ապա Ռուսաստանում գնալու են այլ ճանապարհով. «Այնպես է, որ հեռուստաալիքները իրենք են որոշելու անցնում են թվայինի, թե՝ ոչ: Եթե ցանկություն չունեն թվայնացման, ապա կատարում են համապատասխան վճարում եւ մնում են հին հեռարձակման»: Սա, ըստ Ալեքսեյ Վոլինի, վերաբերում է տարբեր շրջանների հեռուստաալիքներին:
«Հայաստանի օրինակով կարելի է ենթադրել, որ թվային հեռարձակումը երկար կյանք չի ունենալու, քանի որ նկատվում է այն, որ թվային կրիչները մարզերում ավելի մեծ պահանջարկ ունեն, քան մայրաքաղաքում, որտեղ կա կաբելային հեռարձակում, ինչը որ ավելի նախընտրելի է»,-նշեց Ալեքսեյ Վոլինը:
Նրա խոսքով՝ այս պայմաններում ուշադրություն պետք է դարձնել հետաքրքիր եւ որակով հաղորդումների ստեղծման վրա. «Մեծ հեռուստաընկերությունների պարագայում կարելի է նշել, որ ապագան նրանց ձեռքերում է: Եթե առաջ պահանջարկն էր առաջարկ ստեղծում, ապա հիմա հասել ենք նրան, որ առաջարկն է պահանջարկ ստեղծում»,-ասաց եւ վերջում ավելացրեց, որ պետք է երկար ապրել, որպեսզի ավելի շատ բան իմանանք:
Անուշ ՄԱԹԵՎՈՍՅԱՆ