Հավի մսի սիրահարներին խոհարարները մի քանի խորհուրդ են տալիս, որին հետեւելով՝ եփված միսը էլ ավելի համեղ է դառնում:
Եփած հավը շատ ավելի համեղ կլինի, եթե փորի մեջ մի քանի դափնետերեւի հետ միասին կիսված կիտրոն կամ նարինջ դնեք:
Ուշ եփվող հավը, որպեսզի ավելի արագ եփվի եւ միսը փափուկ լինի, եփելիս մի քանի վայրկյանով հանել կաթսայից եւ դնել սառը ջրի մեջ, ապա շարունակել եփը նախկին կաթսայում:
Հավը շատ ավելի համեղ կլինի, եթե նախքան տապակելն այն պատեք կիտրոնի, սխտորի հյութից եւ թթվասերից պատրաստված խառնուրդի մեջ:
Հավի մսից պատրաստված կոտլետներն ավելի հյութեղ ու համեղ կլինեն, եթե տապակելուց առաջ թաթախեք 1 գդալ ալյուրով, 1 ձվով պատրաստված թույլ խյուսի մեջ:
Հավի մսի սպիտակ, փափուկ մասերը կարելի է օգտագործել սառը խորտիկներ պատրաստելու համար: Միսը ծեծեք փայտյա մուրճիկով եւ որպես միջուկ օգտագործեք մանրացրած ընկույզի, սունելու եւ սխտորի խառնուրդը: Միջուկը դնել հավի ծեծած կտորի մեջ եւ ռուլետաձեւ փաթաթել, կապել մետաքսյա թելով, խաշել եւ սառչելուց հետո բարակ շերտերով կտրատել:
Պատրաստեց ԱՆՈՒՇ ՄԱԹԵՎՈՍՅԱՆԸ
«Առավոտ»
07.07.2016