Լրահոս
Օրվա լրահոսը

ԱՌԱՆՑ ՆԱՅԵԼՈՒ

Հուլիս 08,2016 10:30

ԱՐՄԵՆ ՇԵԿՈՅԱՆ

ՀԱՅԿԱԿԱՆ ԺԱՄԱՆԱԿ

Գիրք տասնութերորդ

Գլուխ քառասուներորդ

ԱՌԱՆՑ ՆԱՅԵԼՈՒ

Եվ ես մի քիչ մտածեցի ու Վարուժին ասացի՝ «ինձ հազար հոգի նկարել են, բայց ոչ ոք էսքան արագ չի նկարել», եւ Վարուժը մի քիչ մտածեց ու արհամարհական ժպտալով ասաց՝ «գիտեմ՝ քեզ ովքեր են նկարել», եւ ես ասացի՝ «առավոտ սկսել են՝ իրիկվա կողմ վերջացրել» եւ մի քիչ մտածեցի ու ավելացրի՝ «մի քանիսն էլ մի քանի օրում են նկարել», եւ Վարուժը մի քիչ մտածեց ու արհամարհական ժպտալով ասաց՝ «գիտեմ՝ ով ա մի քանի օրում նկարել» եւ մի քիչ էլ մտածեց  ու արհամարհական ժպտալով հարցրեց՝ «կարա՞ս իրանց էդ մի քանի օրում նկարածն իմ էս կես ժամում նկարածի հետ համեմատես», եւ ես ժպտալով ասացի՝ «կես ժամը շատ ես ասում» եւ մի քիչ մտածեցի ու ժպտալով ավելացրի՝ «վայ թե տասնհինգ րոպե էլ չտեւեց», եւ Վարուժը մի քիչ մտածեց ու ինքնագոհ ժպտալով ասաց՝ «չափազանցնում ես» եւ մի քիչ էլ մտածեց ու ավելացրեց՝ «պորտրետի համար կես ժամն էլ առանձնապես մեծ ժամանակ չի»  եւ մի քիչ էլ մտածեց ու դիմանկարիս նայելով ասաց՝ «մանավանդ՝ էս մակարդակի պորտրետի համար», եւ ես մի քիչ մտածեցի ու ասացի՝ «որ կես ժամ տեւեր, հաստատ կնկատեի, որ նկարում ես» եւ մի քիչ էլ մտածեցի ու ավելացրի՝ «երեւի տասնհինգ րոպե էլ չի տեւել, որ նկարելդ չեմ նկատել ու չեմ զգացել», եւ Վարուժը մի քիչ մտածեց ու ասաց՝ «ավելի լավ՝ իմ համար» եւ մի քիչ էլ մտածեց ու փռթկացնելով ավելացրեց՝ «որ տասնհինգ րոպեից քիչ ա տեւել, էդ չի նշանակում թե՝ էս պորտրետը քեզ պիտի նվիրեմ» եւ մի քիչ էլ մտածեց ու ասաց՝ «ում ասես՝ ոչ ոք չի հավատա, որ տասնհինգ րոպեում  ա էս գլուխգործոցն ստեղծվել», եւ ես ժպտալով ասացի՝ «ճիշտը որ ուզում ես իմանաս, տասնհինգ րոպեից էլ քիչ տեւեց», եւ Վարուժը մի քիչ մտածեց ու ժպտալով ասաց՝ «դու ընդհանրապես խաբար էլ չեղար, թե երբ էս պորտրետդ սկսեցի ու վերջացրի», եւ ես մի քիչ մտածեցի ու ասացի՝ «տասնհինգ րոպեից էլ քիչ ա տեւել, դրա  համար էլ խաբար չեմ էղել», եւ Վարուժը մի քիչ մտածեց ու ասաց՝ «խաբար չես էղել, որովհետեւ ես համ քեզ նկարում էի, համ էլ խոսացնում էի», եւ ես մի քիչ մտածեցի ու ժպտալով ասացի՝ «բայց էդ ընթացքում շատ ուշադիր ինձ ես նայել», եւ Վարուժը զարմացած ինձ հարցրեց՝ «ինչի՞ պիտի շատ ուշադիր քեզ նայեի», եւ ես մի քիչ մտածեցի ու հարցրի՝ «նկարիչները բնորդներին շատ ուշադիր  չեն նայո՞ւմ», եւ Վարուժը մի քիչ մտածեց ու ժպտալով ասաց՝ «նայած թե՝ բնորդն ով ա» եւ մի քիչ էլ մտածեց ու ժպտալով ավելացրեց՝ «քեզ աչքերս փակ էլ կարամ նկարեմ» եւ մի քիչ էլ մտածեց ու ասաց՝ «որովհետեւ քեզ հինգ մատիս պես գիտեմ» եւ մի քիչ էլ մտածեց ու ավելացրեց՝ «Հրանտին էլ շատ արագ նկարեցի, որովհետեւ իրան էլ հինգ մատիս պես գիտեմ» եւ մի քիչ էլ մտածեց ու ինքնագոհ  ժպտալով ավելացրեց՝ «ձեզ առանց նայելու էլ  կարամ նկարեմ», եւ ես ժպտալով ասացի՝ «ինձ համարյա առանց նայելու նկարեցիր», եւ Վարուժը մի քիչ մտածեց ու ասաց՝ «քո ու Հրանտի ոչ միայն արտաքինը հինգ մատիս պես գիտեմ, այլեւ՝ ներքինը» եւ մի քիչ էլ մտածեց ու  ավելացրեց՝ «էս պորտրետիդ մեջ քո ներքին էությունն ավելի շատ կա, քան՝ արտաքին հատկանիշներդ» եւ մի քիչ էլ մտածեց ու ավելացրեց՝ «Հրանտի պորտրետի հաշվով էլ կարամ նույնն ասեմ», եւ ես մի քիչ մտածեցի ու ասացի՝ «բայց Հրանտի պորտրետն իրան ավելի նման ա, քան իմը՝ ինձ», եւ Վարուժը մի քիչ մտածեց ու ասաց՝ «աչքիդ ա էրեւում» եւ մի քիչ էլ մտածեց ու ավելացրեց՝ «գնալով ավելի ա նմանվելու» եւ մի քիչ էլ մտածեց ու ժպտալով ասաց՝ «ավելի ճիշտ՝ ոչ թե  պորտրետդ ա քեզ նմանելու, այլ դու ես պորտրետիդ նմանվելու» եւ մի քիչ էլ  մտածեց ու հարցրեց՝ «Հրանտի պորտրետը տեսե՞լ ես», եւ ես պատասխանեցի ու ասացի՝ «հա. ալբոմիդ մեջ տպված կա», եւ Վարուժը մի քիչ մտածեց ու ասաց՝ «օրիգինալը պիտի տեսնեիր», եւ ես ասացի՝ «օրիգինալը տեսել եմ, բայց՝ կիսատ վիճակում», եւ Վարուժն ասաց՝ «ավարտված վիճակում պիտի տեսնեիր» եւ մի քիչ մտածեց ու ավելացրեց՝ «Սարյանի պորտրետներին հավասար գործ ա» եւ մի քիչ էլ մտածեց ու քմծիծաղով ավելացրեց՝ «չնայած մարդ ու կնիկ ձեն-ձենի տված չհավանեցին», եւ ես ժպտալով ասացի՝ «ես իմը հավանում եմ»:

 

Շարունակությունը՝ հաջորդ ուրբաթ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031