Լոռի TV-ի խմբագիր Նարինե Ավետիսյանն ահազանգում է՝ Վանաձորում գործող 4 TV-ներից 3-ը պարզապես վերահեռարձակում են Երևանի TV-ների արտադրանքը:
«Մենք վճարում ենք, արտադրանք թողարկում ու, փաստորեն, երեւանյան ալիքների հետ ապօրինի մրցակցության մեջ մտնում:
Անարդարություն է, երբ այս հեռուստաընկերությունները տեղական լիցենզիա են ստացել, մարզային հաղորդումների համար, բայց հեռարձակում են երեւանյան ալիքների հաղորդումներ: Երեւանի հեռուստաընկերությունները ստացել են միայն Երեւանում արտադրելու ու հեռարձակելու իրավունք, բայց, փաստորեն, հեռարձակվում են մարզում, սա խնդիր է»,- Aravot.am-ին ասաց Նարինե Ավետիսյանը:
Վերջերս Նարինե Ավետիսյանն այս խնդիրը բարձրաձայնել է ՀՌԱՀ նախագահ Գագիկ Բունիաթյանի մոտ. «Ինձ հասկացրեց՝ ինչ է եղել որ, ո՞ր օրենքն են խախտում, ինչ է՝ դուք խնդիրներ չունե՞ք, ձեզ մոտ ամեն ինչ նորմա՞լ է»:
Կարդացեք նաև
Վանաձորում երեւանյան հեռուստաալիքները հեռարձակող ալիքներից մեկը, ըստ Նարինե Ավետիսյանի, ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանինն է, նախկին «իններորդ ալիքը», որը վերանվանվել է «Վանաձոր» ալիք, այն ամբողջությամբ վերահեռարձակում է ՀՀԿ-ին պատկանող «Արարատ» հեռուստաալիքը:
Վանաձորի «ՄԻԳ» հեռուստաընկերությունն էլ, որը պատկանում է ՕԵԿ ղեկավար Արթուր Բաղդասարյանին, վերահեռարձակում է ամբողջությամբ Հ3 հեռուստաընկերության արտադրանքը:
Միայն Վանաձորի «Ֆորտունա» հեռուստաալիքն է, ըստ Նարինե Ավետիսյանի, գոնե մի տասը-քսան տոկոսով տեղական արտադրանք հեռարձակում, իսկ մնացած մասը հեռարձակում է panarmenian media group-ի կազմում գտնվող հեռուստաընկերությունների արտադրանքը՝ ATV-ի, «Արմենիա» հեռուստաընկերություններին:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ