Լրահոս
Օրվա լրահոսը

Վկան`Փայլակ Հայրապետյանին. «Գիտեիք՝ միլիարդատեր եք դառնալու» (Տեսանյութ)

Հուլիս 07,2016 16:15

«Էն վախտ, որ արագ գրում, ստորագրում էիք, որ շուտ փողը տանք, ասում էինք ձեզ մի հատ լավ նայեք, լավ ուսումնասիրեք, գիտեի՝ք մի միլիարդ դոլարը վերցնելու եք, միլիարդատեր եք դառնալու»,- Էրեբունի եւ Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանում շարունակվող «Օֆշորի գործով» դատական նիստի ժամանակ տուժողին դիմեց գործով վկա, «Ամերիա» բանկի կորպորատիվ հաճախորդների գծով տնօրեն Գագիկ Սահակյանը:

Ապա տուժողի շահերի պաշտպանին դիմեց. «Հարգեք ձեր օպոնենտին, հարցը, որ տալիս եք, մի քիչ մասնագիտական պատրաստվեք: Ես չեմ ուզում ասեմ, որ ինքը ստում ա, ասում եմ`պատրաստված չի»:

Վկա-տուժող վեճին միջամտեց դատավոր Վարդան Գրիգորյանը`տուժողի ներկայացուցչի հորդորելով հարցերը ճիշտ ձեւակերպել: Իսկ հարցերը վերաբերվում էին նրան, որ Կիպրոսի բոլոր փոխանցումների նպատակը նշված է նույնը, նույն ընկերություններին էլ գումարը փոխանցվել է, ինչո՞ւ բանկը չի վերահսկել գումարների ծախսը: «Բանկը ո՞նց պիտի գնար Սիերա Լեոնեում մոնիտորինգ աներ»,- հարցին հարցով պատասխանեց բանկի ներկայացուցիչը: Նաեւ ասաց, որ շատ նորմալ է, որ նույն ենթակապալառու կազմակերպությանն է գումարը փոխանցվում, մանավանդ, որ այդ վայրում զարգացած բանկային համակարգ չկա: Նա զուգահեռներ տարավ նույնիսկ հայաստանյան այլ ընկերություններին արված փոխանցումների օրինակից:

Տուժողը նաեւ հետաքրքրվեց`ինչո՞ւ բանկը չի փորձել պարզել այն ընկերությունների սեփականատերերին, որոնց փոխանցվել են գումարները: «Երբ հաճախորդը «Մերսեդեսից» մեքենա ա առնում, ես չեմ ուզում, թե էդ ընկերության սեփականատերն ո՞վ ա: Մեր բանկային ոլորտը շատ թափանցիկ ա, պարզ ա, ոչ ոք չի կարա չհելնի ջրի երես»,- ասաց վկան: «Ոնց որ դուք եք հելել»,- հակադարձեց տուժողը:

«Ութ անգամ 9 միլիոնից ավել գումարը գնացել նստել ա Կիպրոսի երեք կազմակերպությունների վրա, բոլորը գրված է`հանքի ամրացման համար, թող ցույց տան, ո՞ր հանքի, ի՞նչ հանք են գտել»,- իր հարցադրումը շարունակեց պնդել տուժողը`հավելելով, որ ինքը վստահ է`վկան ի սկզբանե իմացել է այս խաբեության մասին`«դրա համար էլ ձեր բոլոր աշխատողները չեն ուզեցել վարկ տալ»: Վկան, բնականաբար, հերքեց ու հիմնավորեց. «Եթե վարկը Հայաստանից դուրս ա, մենք դա համարում ենք ավելի ռիսկային, ես էլ եմ դեմ եղել, չտային, էդքան փող չէինք կորցնի: Երբ դիմել են, հարյուր անգամ ասել ենք`մի հատ թող էս մեկն էլ նայի, էս մի ժողովն էլ լինի…»:

«Ես ունեցել եմ իրավաբան, որին վստահել եմ ու ինքը բոլոր դավերնոստներն էնպես ա գրել, որ…»,- միջամտեց տուժողը`արժանանալով դատավորի նախատինքին. «Է~նայեիք, էդ մասին ասել եք, լսել ենք, մի շարունակեք»:

«Փայլակ Հայրովիչ, ասեցիք`էս գույքն ա իմ համար ամենակարեւորը, ես էլ գիտեմ, մի ասեք ինչի մասին ա խոսքը, դուք էլ գիտեք որն ա, դրան մատով չեմ կպել…»,-տուժողին դիմելով ասաց վկան`փորձելու համար ցույց տալ, թե որքան բարեհամբույր եւ մարդկային է ինքը դրսեւորել իրեն ողջ ընթացքում: «Մենք էլ գիտենք, ինչի մասին է խոսքը»,- ասաց դատավորը:

Մանրամասները`տեսանյութում

Ի դեպ, վկան տեղեկացրեց, որ «Ամերիա» բանկի գլխավոր տնօրենը երկրում չի լինի նաեւ եկող դատական նիստի ժամանակ, ուստի անձամբ չի կարող ներկայանալ դատարան:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031