Օրերս ՌԴ նախագահի միջազգային և մշակութային համագործակցության գծով հատուկ ներկայացուցիչ Միխայիլ Շվիդկոյը ռուսական լրատվամիջոցներում ասել էր, թե Ղարաբաղյան կոնֆլիկտի լուծմանը կարող են նպաստել Հայաստանի, Ադրբեջանի, Ղարաբաղի մտավորականության ներկայացուցիչները:
Հուլիսի 7-ին Կոմիտասի թանգարան-ինստիտուտում լրագրողների խնդրանքով կրկին անդրադառնալով թեմային, ՌԴ նախագահի միջազգային և մշակութային համագործակցության գծով հատուկ ներկայացուցիչը նշեց. «Սա ողբերգականորեն ծանր թեմա է… Ադրբեջանա-հայկական կոնֆլիկտը իմ բնակարանում է, իմ տղայի ընտանիքում: Հարսս կիսով չափ ադրբեջանցի է, կիսով չափ՝ հայ: Երբ ամեն անգամ որեւէ խնդիր է լինում, դա կարծես իմ սրտի միջով է անցնում»:
Պարոն Շվիդկոյը նաեւ հավելեց, թե մտավորականությունից բավականին բան է կախված, չնայած չի կարծում, թե այսօր կոնկրետ քայլեր կարվեն: Ամենակարեւորը, ռուս պաշտոնյայի ձեւակերպմամբ, այս պահին կրքեր չբորբոքելն է ու որոշակի դադար առնելը՝ մտորելու համար:
«Կա Պաղեստինի օրինակը, Իսրայելում արդեն քանի տարի է՝ լարված մթնոլորտ է, կարելի է նաեւ այդպիսի մոդել կիրառել, որը չեմ կարծում, թե լավագույնն է: Վերջին հաշվով բոլոր հակամարտություններն ավարտվում են խաղաղությամբ: Մտավորականությունը պետք է գիտակցի, որ դա մի օր պատահելու է, կես կամ մեկ տարի հետո վերադառնալու են երկխոսության»,-համոզված է Միխայիլ Շվիդկոյը:
Կարդացեք նաև
Նրա խոսքերով, ոչինչ չարժի հայ, ադրբեջանցի կամ ռուս երեխայի մի կաթիլ արյունը. «Իսկ որ փոխզիջումն անհրաժեշտ է, դա փաստ է: Պե՛տք է փոխզիջում գտնել, որովհետեւ շարունակում են ծնվել երեխաներ, որոնք չպետք է պատերազմ գնան»:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ