Կալանավայրում գտնվող քաղաքացիական ակտիվիստ Շանթ Հարությունյանի որդին` Շահեն Հարությունյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց նոր նախաձեռնություն հիմնելու մասին: Ըստ Շահենի` «Ազգային-միացյալ» նախաձեռնության նպատակն է` ունենալ հզոր եւ բարեկեցիկ երկիր, պայքարել ՀՀ-ում իշխանությունն ապօրինի զավթած կառավարության դեմ:
«Ինձ ուժ է հարկավոր, որովհետեւ ինձ ճնշում են, ինձ հարկավոր է թիմ, որը կպայքարի հանուն գաղափարների»,-ասաց Շահենը եւ հավելեց, որ համախոհներին միավորելու համար մի քանի օրից կմեկնի Գյումրի եւ հանդիպումներ կունենա, ապա նախատեսում է այցելել նաեւ ՀՀ մյուս մարզերն ու համայնքները:
Շահենը նկատեց, որ շատերը նախաձեռնության անվանման համար գուցե «բոչկաներ գլորեն» իր վրա, բայց ինքը չի պատրաստվում փոխել նախաձեռնության անունը եւ կարող է համարժեք պատասխան տալ անհիմն մեղադրանքներին:
Հարությունյանը նաեւ տեղեկացրեց, որ առաջիկայում պատրաստվում է նախաձեռնությունը գրանցել որպես հասարակական կազմակերպություն: Այն ֆինանսավորման խնդիր ունի, բայց չի գործակցելու գրանտ տվող տեղական եւ արտասահմանյան կազմակերպությունների հետ: Նախաձեռնությանն աջակցել ցանկացողները կարող են օգնել` անդամավճարի սկզբունքով կամ կամավոր նվիրատվություններով:
Կարդացեք նաև
Շահենը նաեւ տեղեկացրեց, որ արդեն իսկ ունի համախոհներ եւ ընկերներ, որոնք պատրաստ են միանալ նախաձեռնությանը:
Ներկայացնելով նախաձեռնության դրոշը` Շահենը վերջինիս խորհրդաբանությունը հետեւյալ կերպ բացատրեց. սեւն ու սպիտակը խորհրդանշում են աշխարհում չարի եւ բարու հակասությունը, կապույտը` խաղաղությունը, իսկ նախաքրիստոնեական հավասարաթեւ խաչը` Հայաստանը, որը հավերժ է լինելու` անկախ հակամարտությունների եւ հակասությունների ելքից:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ