«Ստեղծագործական կյանքի մեջ լինելն ավելի դժվար է, քան քաղաքականության: Եթե վերջինս պահանջում է անկեղծություն, ապա ստեղծագործական կյանքը պարտադրում է: Եթե անկեղծ չեն քո միտքը, զգացմունքը, ապա «Չեմ հավատում» կարգախոսի տակ արածդ պարզապես կմերժվի»,- համոզված է Արմեն Աշոտյանը:
Հուլիսի 6-ին Bar Carola ակումբում տեղի ունեցավ նրա հեղինակած «Ես սիրում եմ» երգի շնորհանդեսը: Երգը կատարում է երգչուհի Անչոկը։
«Երգը մարդկային սիրո մասին է: Վստահ եմ՝ այն կգտնի իր ունկնդրին, որովհետև անկեղծ է ու մարդկային: Կյանքի փոքրիկ պատմություններ են, տարբեր դրվագներ, որոնք առաջին հայացքից կենցաղային են թվում, բայց իրականում շատ խորքային են՝ սպասելու պահից մինչև խանդի տեսարաններ:
Շնորհակալ եմ Անչոկին, որ համաձայնեց երգել. նա միս ու արյուն, հոգի տվեց երգին. մինչ այդ թուղթ էր, հիմա դարձել է կատարում»,- լրագրողների հետ զրույցում ասաց Արմեն Աշոտյանը:
Կարդացեք նաև
Հարցին՝ Ավետ Բարսեղյանին իրեն մրցակից համարո՞ւմ է, Արմեն Աշոտյանը կեսկատակ-կեսլուրջ պատասխանեց. «Երբեք. կարծում եմ՝ Ավետ Բարսեղյանը բարձր կարգի պրոֆեսիոնալ է, Հայաստանի լավագույն էստրադային երգերի հեղինակներից մեկը: Նա ստեղծագործում է շատ լավ, ես ստեղծագործում եմ երբեմն ու կարծում եմ՝ էլի լավ»:
Անչոկի փոխանցմամբ՝ երգը մեկ տարի առաջ է գրվել. «Հատուկ ինձ համար չի գրվել: Որքան ես գիտեմ, նա գրում է, հետո նոր մտածում՝ ով կարող է կատարել: Երգեր կան, որոնք իրենց կատարողին դեռ չեն գտել: Նա ինձ զանգահարեց, ասաց՝ երգ է գրել, որը, իր պատկերացմամբ, ես կարող եմ երգել: Որոշ ժամանակ անց լսեցի այն, որից հետո պատրաստվեց ու կատարվեց:
Երգը գեղեցիկ սիրո մասին է: Ամենակարևորն այն է, որ ունի լավ սկիզբ ու լավ ավարտ: Իմ երգերի մեջ միշտ որոշակի տխրություն կա, այս երգում հակառակն է. սիրելու, գեղեցիկ պահերի մասին է»,- նշեց երգչուհին:
Լուսանկարը` Արմեն Աշոտյանի ֆեյսբուքյան էջից:
Սիրանուշ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ